Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք եւս ընդդիմություն ենք

Ապրիլ 18,2009 00:00

\"\"Հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը

«Ես ինքս հետեւելու եմ թե՛ ծրագրերին, թե՛ ելույթներին: Ինչպես միշտ, մայիսի 31-ին իմ քվեն կատարելու եմ քաղաքացիական խղճի մտոք եւ «Ժառանգություն» կուսակցության հորդորի շրջանակներում»,- երեկ «Հայացք» ակումբում նման հայտարարություն է արել Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ lragir.am-ի, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ «Ժառանգությունն» ընտրական հանձնաժողովների իր տեղերը չի վստահում Հայ ազգային կոնգրեսին, որպեսզի էլ ավելի սերտանա Կոնգրեսի եւ «Ժառանգության» գործակցությունը նախընտրական շրջանում, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է. «Նկատի առնելով, որ սա Երեւանի քաղաքապետի եւ ավագանու առաջին ընտրությունն է, վարչությունը որոշել է, որ մեր դերակատարությունը նաեւ պետք է լինի այն, որ մենք գնահատում ենք ժողովրդավարական ընթացակարգի կարեւորությունը, եւ մենք հանրային հսկողության հրամայականին մեր մասնակցությունը պետք է բերենք: Մենք եւս ընդդիմություն ենք, մենք միակ ընդդիմությունը չենք, բայց նաեւ կոչ անելով հասարակությանը՝ զորակցել ընդդիմությանը, մենք նաեւ մայիսի 31-ին կատարելու ենք մեր քաղաքացիական պարտքը այդ հսկողությունն ապահովելու առումով»:

Պատասխանելով հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերին՝ «Ժառանգության» առաջնորդն ասել է. «Ամեն պատմական շրջան իր տրամաբանությունն ունի, բայց պետք չէ պատրանք տածել, որ սա չին-ամերիկյան նախադեպի շարունակությունն է: Այնտեղ գոնե սիմետրիա կար, այնտեղ երկու գերտերություններ էին, ովքեր սպորտը օգտագործեցին իրենց հարցերն աստիճանաբար լուծելու համար: Իսկ մեզ մոտ կա ասիմետրիա: Մի կողմում մի տերություն, որը հայրենազրկվել է, իսկ մյուսում՝ որը պաշտոնապես շարունակում է իր ուրացման քաղաքականությունը: Իսկ եթե մենք պիտի առաջ գնանք, ես չգիտեմ՝ հայոց իշխանություններն ինչ են դնում օրակարգի վրա, բայց պարզ է, որ բովանդակությունից խուսափում են: Մենք պետք է վերականգնենք սիմետրիան: Կամ՝ ոչ մի նախապայմանով առաջ գնանք, ինչպես Հայաստանի երեք նախագահությունները շատ շրջահայացորեն առաջարկել են, կամ՝ արդեն ժամանակը եկել է, որ բոլորն իրենց նախապայմանները, ազգային իրենց հարցերը դեմ դիմաց դնեն սեղանի վրա»:

Նա հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունը թերեւս պետք է հասկանա պահի լրջությունը, եւ «այն իրավական, հանրային մանդատը, որ նա չստացավ ընտրությունների միջոցով, գոնե իր քայլերի միջոցով կարողանա փաստարկել, որ ինքը ներկայացնում է հայ ժողովրդի, քաղաքացիական զանգվածի եւ ազգի շահերը: Եվ ես կարծում եմ, որ պահը արդեն մոտեցել է, հարեւան երկրի վարչապետը պատասխանատու խոսք է արտահայտել, եւ Հայաստանը նաեւ պետք է կարողանա իր դիրքը ապահովել: Պարզ է, եւ բոլորիս համար նորություն չէ, որ դա կարող ենք առավելագույնս կատարել, երբ ունենանք մի իշխանություն, որը իրավական է, օրինական է եւ վայելում է ժողովրդի աներկբա վստահությունն ու հավատը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել