200 հարցվածների 92%-ը դեմ է արտահայտվել թուրքական ընկերություններին ՀՀ նոր ատոմակայանի բաժնետոմսերի վաճառքի գաղափարին: Միանշանակ կողմ է արտահայտվել միայն 1,5%-ը:
2009 թվականի մարտի 12-ից «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն անցկացրել է հարցազրույցների շարք՝ Հայաստան-Թուրքիա միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ: Հարցմանը մասնակցել են պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ, վերլուծաբաններ, ուսանողներ՝ շուրջ 200 հոգի: Արծարծված թեմաներից մեկն էլ վերաբերում է Թուրքիայի հնարավոր մասնակցությանը հայկական նոր ատոմակայանի կառուցմանը: Ներկայացնենք որոշ պատասխաններ այս թեմայով տրված հարցերին, մասնավորապես՝ ազգային անվտանգության ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ ատոմակայանի կառուցմանը Թուրքիայի մասնակցության պարագայում, համաձա՞յն են թուրքական ընկերություններին ՀՀ նոր ատոմակայանի արժեթղթերի վաճառքի գաղափարին:
Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության վարչության ատենապետ Հարություն Առաքելյան. «Անիմաստ է նույնիսկ քննարկել, թե ազգային անվտանգության ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ: Մի պետության հետ, որ տարբեր հարթություններում խնդիրներ ունենք, ինքներս ենք ընկնում էներգետիկ կախվածության մեջ, եթե նա իր բաժնետոմսերը վաճառի, ասենք, Ադրբեջանին, ինչպե՞ս ենք դրա դեմն առնելու… Ի՞նչ միջազգային չափանիշներով ենք հիմնավորելու մեր անհամաձայնությունը… Ունի՞ այս հարցերի պատասխանը ՀՀ վարչապետը… Եթե նմանատիպ գործընթաց սկսվի, ապա դրա դեմ պայքարողներից մեկն եմ լինելու եւ չեմ զլանալու այդ պայքարում ներգրավել սփյուռքի իմ ընկերներին, ԶԼՄ-ներին»:
«Հոգեբանական հետազոտությունների կենտրոնի» նախագահ Ալբերտ Նալչաջյան. «Որքան էլ հարգում եմ Տիգրան Սարգսյանին՝ մեր վարչապետին (բանիմաց, լավ ֆինանսիստ է, լավ եռանդով աշխատում է), ինձ, այնուամենայնիվ, թվում է, որ այդ քայլը անզգույշ էր նրա կողմից։ Թուրքիան գործ չունի Հայաստանի ատոմային էներգետիկայի հետ: Թուրքիային պետք է ընդհանրապես հեռու պահել Հայաստանի առավել կարեւոր եւ հատկապես ռազմավարական նշանակություն ունեցող գործերից»: Նա նաեւ նշել է. «Թուրքիայի հետ նման ռազմավարական, հեռահար պայմանագրեր չի կարելի կնքել, եթե նույնիսկ գործարքը ֆինանսական առումով ձեռնտու էլ լինի: Մենք Թուրքիայից պիտի որեւէ կախվածություն չունենանք, որպեսզի կարողանանք մեր ազգային խնդիրները բարձրացնել նրա առաջ: Ցանկալի է, որ վարչապետը հայտարարություն անի եւ հրաժարվի իր նախկին հայտարարություններից: Թուրքիայի հետ խաղ չեն անում. նրա հեռահար նպատակը Հայաստանը մեջտեղից վերացնելն է, Ադրբեջանի հետ միավորվելը եւ պանթուրքական մեծ պետություն ստեղծելը: Ես ոչ միայն դեմ եմ ատոմակայանի խնդրում Թուրքիայի մասնակցությանը, այլ նույնիսկ դեմ եմ սահմանի բացմանը, քանի որ մեր տնտեսությունը շատ թույլ է: Սահմանի բացումը պետք է հնարավորինս հետաձգել, այլապես մեր տնտեսությունը կխեղդվի, կուլ կգնա»:
Տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյան. «Անընդունելի եւ անտրամաբանական է ռազմավարական նշանակության կառույցի կազմավորմանը մասնակից դարձնել մի երկրի, որի հետ չկան տարրական դիվանագիտական կապեր, եւ որը ներկայումս համարվում է մեր երկրի հավանական հակառակորդ եւ սպառնալիք»: Հարցին, թե ինչո՞ւ իր առաջին հայտարարությունից 20 օր անց՝ մարտի 12-ին, ՀՀ վարչապետը փոխեց իր դիրքորոշումը, ասելով, որ Թուրքիայից ակնկալվում է միայն ֆինանսական մասնակցություն՝ Հայկական նոր ատոմակայանի բաժնետոմսերի մի մասը թուրքական ընկերություններին վաճառելու միջոցով, Թաթուլ Մանասերյանը, որն այժմ ԱԺ նախագահի խորհրդականն է՝ պատասխանել է. «Փոփոխական կեցվածքը բնորոշ է վարչապետին: Տարիներ շարունակ նա մերժել է Հայաստանում ազատ տնտեսական գոտիներ ձեւավորելու մեր կողմից ներկայացրած առաջարկը: Սակայն բավական էր Ոուսաստանի Դաշնությունից (մասնավորապես, Իգոր Լեւիտինից) լսել նման խորհուրդ եւ հանդես գալ որպես նման գոտիների ձեւավորման նախաձեռնող»:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյան. «Ընդհանրապես չի կարելի թողնել, որ թուրքը ոտք դնի Հայաստան. դա լի է չափազանց անկանխատեսելի հետեւանքներով: Մենք պետք է զգոն լինենք, մենք պատմություն ունենք, չպետք է այն մոռանանք: Մենք գիտենք՝ Եղեռնն ինչպես է եղել… Եվ հետո՝ ինչո՞ւ պիտի գան, ի՞նչ գործ ունեն նրանք մեր ատոմակայանի հետ, թուրքը ե՞րբ է շինարար եղել. նրա գործը քանդելն է, ավերելն է, ի՞նչ պիտի կառուցի մեզ համար: Մեզ պետք չէ նրա կառուցածը: Մի խարդախ բան էլ այդտեղ կանեն»:
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր Կարինե Դանիելյան. «Բացարձակապես պարտադիր չէ պայթյուն կազմակերպել ատոմակայանում (թեեւ դա նույնպես չեմ բացառում): Բավական է, ասենք, ռադիոակտիվ արտահոսք կազմակերպել դեպի Արարատյան արտեզյան ջրամբարը, որը գտնվում է հենց կայանի տակ»:
Լրագրող, կովկասյան հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյան. «Մեր պաշտոնյաները շատ լավ են զգում, թե որտեղից է փչում քամին: Եթե Քոչարյանի ժամանակ որոշ պաշտոնյաների, քաղաքական ուժերի եւ լրագրող-վերլուծաբանների համար թուրքերին եւ Թուրքիային քննադատելն էր ձեռնտու, ապա այդ նույն խմբերի համար դա այսօր այլեւս ձեռնտու չէ: Պաշտոնյան, լրագրող-վերլուծաբանը, կուսակցականը տեսնում է, թե ինչպես է օդակայանում Էդվարդ Նալբանդյանը դիմավորում Աբդուլա Գյուլին, տեսնում է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը մարզադաշտում լայն ժպտում եւ ձեռք սեղմում Գյուլին, եւ դա բավարար է, որպեսզի նրանց համար Թուրքիան դառնա հարեւան պետություն: Կոնկրետ հարցին պատասխանելով՝ ասեմ, որ վարչապետի հրավերը նաեւ ժեստ է միջազգային հանրությանը, թե տեսեք՝ այսօրվա Հայաստանի իշխանությունները անգամ նման զգայուն հարցում են պատրաստ համագործակցել Թուրքիայի հետ»: