Էներգետիկ քաղաքականության ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Միլովն անդրադառնալով Մոլդովայի խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգություններին՝ նշել է. «Ինձ թվում է, մենք ականատես ենք դառնում քաղաքական նոր տեխնոլոգիայի հաջող փորձարկմանը, որը կիրառում են հետխորհրդային տարածքի ավտորիտար եւ կիսաավտորիտար վարչակարգերը՝ իրենց քաղաքական դիրքերն ամրապնդելու, հանրության առջեւ հավելյալ լեգիտիմացման եւ ընդդիմության վարկաբեկման համար»: Ըստ ՌԻԱ գործակալության հաղորդման՝ Վլադիմիր Միլովը նշել է, թե այս տեխնոլոգիայի էությունը պարզ է՝ սկզբում իշխող ուժի օգտին կեղծվում են ընտրությունները, հետո բողոքող ընդդիմությունը խաղաղ ցուցարարների է դուրս բերում հրապարակ, իսկ հետո, չգիտես որտեղից, քաղաքի փողոցներում են հայտնվում ջարդարարների եւ սադրիչների խմբեր, որոնք սկսում են ավերել կառավարական շենքերը, իսկ դրանից հետո իշխանությունները խաղաղ ցուցարարներին անվանում են «անկարգությունների եւ ավերածությունների կազմակերպիչներ»՝ ցուցադրելով ավերված քաղաքի կադրերը եւ հանրության համակրանքն ուղղորդելով դեպի ավտորիտար իշխանությունը: Վլադիմիր Միլովը նշել է, որ այս տեխնոլոգիան մեկ տարի առաջ հաջողությամբ փորձարկվել է Հայաստանում, իսկ այժմ՝ Մոլդովայում. «Ե՛վ այն, ե՛ւ այս դեպքում ընդդիմության համար լիովին անսպասելի էր ջարդարար-սադրիչների հայտնությունը, ընդդիմությունը դրան պատրաստ չէր եւ կորցրեց իրավիճակի վերահսկողությունը»:
Նա գտնում է, որ մոլդովական տարբերակում հիմքեր կան իշխանությանը կասկածելու այս սցենարի կանխամտածված օգտագործման մեջ: Միլովն ուշադրություն է հրավիրում, որ նախագահական եւ խորհրդարանական պալատները, որոնք գրավել էին բողոքավորները՝ կասկածելիորեն դատարկ էին: Նախագահ Վորոնինն աշխատավայրում չէր՝ նա, չգիտես ինչու, կառավարության շենքում էր, որը չեն գրոհել: Երկրորդը՝ ապստամբ ջարդարարներն անհետացան նույնքան հանկարծակի, ինչպես եւ հայտնվեցին: Եվ երրորդը՝ ընդդիմության համար կատարվածն ակնհայտ շոկ էր (ինչպես եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար 2008-ին) եւ հաստատ չէր կարող ձեռնտու լինել նրանց: