Վստահ է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը
«Սիվիլիթասի» հիմնադիր, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ անկեղծորեն խոստովանեց, որ շատ է կարոտել լրագրողներին, եւ իր «Անավարտ տասնամյակ» գրքի շնորհանդեսը պարզապես պատրվակ է լրագրողների հետ շփվելու: Գրքում տեղ են գտել 1998-2008 թթ. Վարդան Օսկանյանի ելույթները: Հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերին պատասխանելով՝ Վարդան Օսկանյանը նկատեց. «Ինձ համար վերջերս մի քիչ անհասկանալի դարձավ իրավիճակը: Մինչ այդ եւ հայկական, եւ թուրքական հայտարարությունները քիչ թե շատ համահունչ էին, եւ բոլորը կարծես օպտիմիստական էին, եւ ես, իրոք, եկել էի այն եզրակացության, որ ինչ-որ մի բան կատարվում է: Թեեւ իմ կասկածանքը ունեցել եմ՝ հենվելով իմ 10 տարվա փորձի վրա: Իրոք, ես հավատում էի եւ դեռ ուզում եմ հավատալ ու ցանկանալ, որ դրական արդյունք կլինի, եւ սահմանը կբացվի: Բայց այս վերջին իրավիճակը մի քիչ ինձ շփոթության մեջ է դրել: Մի կողմից՝ կա Էրդողանի եւ Գյուլի, բայց հիմնականը՝ Էրդողանի, կտրուկ հայտարարությունը, ուր հստակ ասվում է՝ մինչեւ Լեռնային Ղարաբաղի հարցը չկարգավորվի, մինչեւ այնտեղ որոշ տեղաշարժեր չլինեն, հայ-թուրքական հարաբերությունները չեն նորմալանա, սահմանը չի բացվի: Սա շատ հստակ եւ ամենաբարձր մակարդակով է ասվել: Մյուս կողմից՝ կա հայկական կողմի հայտարարությունը, որ՝ մենք շարունակում ենք առաջընթաց արձանագրել:
Այս երկուսը եթե կողք կողքի դնենք, շատ մտահոգիչ պատկեր է պարզվում մեր առաջ: Արդյոք նաեւ Լեռնային Ղարաբա՞ղն է հայ-թուրքական բանակցությունների առարկա»:
Վարդան Օսկանյանն ասաց, որ ինքն անձամբ ուզում է սահմանը բաց տեսնել, եւ թեպետ դա դրական եւ բացասական շատ բաներ ունի իր մեջ, բայց սահմանի բացումն ավելի շատ դրական է լինելու, իսկ բացասական հետեւանքները կարելի է օրենքով կարգավորել. «Պետք է իսկապես հասնել նրան, որ սահմանը բացվի, բայց դա անելու ձեւը, մոտեցումը պետք է լինի այնպես, որ այս գործընթացում հայկական կողմը չտուժի: Տարբերությունը իմ ժամանակահատվածի հայ-թուրքական բանակցությունների եւ այսօրվա կայանում է հենց մոտեցումների մեջ: Այն ժամանակ հրապարակային չէր, բայց բովանդակությունը համարյա նույնն էր: Այսօր բովանդակությունը պահելով՝ հրապարակային է դարձել: Երբ հրապարակային ես դարձնում հայ-թուրքական երկխոսությունը, թուրքերը միշտ դրանից օգտվում են: Այնպես որ, այստեղ հրապարակայնությունը հօգուտ մեզ չէ: Եթե մեկ օր անցնում է, եւ սահմանը չի բացվում, կամ՝ հայ-թուրքական հարաբերությունները չեն նորմալանում, իմ գնահատականով՝ Թուրքիան դիվանագիտորեն ավելի բարենպաստ վիճակում է հայտնվում, քան հայկական կողմը: Այն պահին, երբ սահմանը կբացվի, արդեն մենք էլ կսկսենք դիվիդենդներ ունենալ: Հարց է ծագում՝ ե՞րբ դա կլինի: Իշխանությունները պատասխանատվություն ունեն այս հարցին ճիշտ պատասխան տալու, որովհետեւ ժամանակը այս երկխոսության ընթացքում չի աշխատում հօգուտ հայկական կողմի»:
Վարդան Օսկանյանը այն կարծիքին է, որ երկրի նախագահը քաղաքական կամք դրսեւորեց եւ հրապարակային երկխոսություն սկսեց Թուրքիայի հետ, բայց երբ դա սկսում է արդյունք չտալ եւ անգամ սկսում է բացասական հետեւանքներ ունենալ Հայաստանի համար, Վարդան Օսկանյանը սկսում է մտածել, որ մոտեցումների փոփոխություն է անհրաժեշտ: ԱԳ նախկին նախարարը ահա թե ինչ է առաջարկում. «Հայկական կողմը թուրքերի առաջ պետք է դնի հստակ ժամկետ՝ այսինչ օրը, այսինչ ժամին եթե ստորագրում ենք, եւ սահմանը բացվում է՝ լավ, եթե չէ՝ եկեք այսօրվանից ընդհատենք բանակցությունները»: Պարոն Օսկանյանը վստահ է, որ ինչ-որ նման բան պիտի արվի, հակառակ դեպքում՝ Ղարաբաղի հարցով էլ կարող են ճնշումներ սկսվել: