Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԵՐԱԴԱՍՆ ԱՍՈՒՄ ԷՐ՝ ՕՐԵՆՔԸ ՊԻՏԻ ՎԵՐՑՆԵՆՔ»

Ապրիլ 18,2009 00:00

\"\"Այդպիսի ցուցմունք է տվել մեղադրող կողմի վկաներից մեկը

Երեկ «Յոթի» գործով անցնող Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով դատաքննության հերթական նիստում ցուցմունքներ տվեցին դատակոչված 5 վկաներ: Նրանցից առնվազն երկուսի դատաքննական ցուցմունքները խիստ ուշագրավ էին, մեկը՝ այն առումով, որ դահլիճում ներկաների ծիծաղն էր առաջացնում, մյուսը՝ այն պատճառով, որ հանցագործության մասին հայտարարություն էր պարունակում:

Երեկ առաջինը ցուցմունք տվեց վկա Յուրա Պողոսյանը: Վերջինս «Այգ» ՍՊԸ տնօրեն Վոլոդյա Հովհաննիսյանի վարորդն էր: Այն մարդը, ով 2008թ. հետընտրական հանրահավաքների շրջանում փետրվարի 23-ին կամ 24-ին գազի իտալական վառարաններ էր տեղափոխել Ազատության հրապարակ, որպեսզի այնտեղ շուրջօրյա հանրահավաքի մասնակիցները տաքանային: ՀՔԾ-ն ու մեղադրող կողմը այս փաստը փորձում էին ներկայացնել որպես ապացույց այն բանի, թե մարտի 1-ի «զանգվածային անկարգությունները» կազմակերպվել եւ ֆինանսավորվել են նաեւ Ալիկ Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի կողմից: Որպես առարկայական ապացույց համարվել էր Յու. Պողոսյանի եւ Ալ. Արզումանյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը: Այն է. «Յու.Պողոսյան – Ալիկ ջան, դու որտե՞ղ ես։ Ա. Արզումանյան – Ո՞վ ա։ Յու. Պողոսյան- Յուրան ա, ապեր, փեչերը բերել եմ, մի հատ արի, տենանք՝ որտեղ ենք դնում, ընկեր։ Ես հիմա միկրոֆոնի մոտ եմ։ Ա. Արզումանյան – Դե, Նիկոլի հետ համաձայնեցրեք, դրանց մի հատը դրեք հարթակի վրա, մինչեւ ես կգամ»։

Դատարանում ցուցմունք տալիս Յու. Պողոսյանն ասաց, որ ճանաչում է երկու ամբաստանվողներին էլ, իսկ, իր ձեւակերպմամբ՝ «էդ տխրահռչակ վառարանների» վերաբերյալ ասաց, թե Ալ. Արզումանյանը դրա հետ որեւէ կապ չունի. «Պարզապես ես իրեն էին ճանաչում, իրեն զանգեցի, որ տեսնենք՝ որտեղ դնենք, որ ժողովրդին ավելի հարմար լինի: Դա անձամբ մեր նախաձեռնությունն է եղել: Քանի որ ժողովուրդը ասֆալտի վրա կրակ էր անում, որպեսզի ասֆալտը չփչանա՝ մենք ուզում էինք ավելի ցիվիլ ձեւով տաքացնել մարդկանց. բերեցինք այդ վառարանները»: Ի պատասխան դատավորի հարցին, թե որեւէ տեղեկություն ունի՞ ամբաստանյալների կողմից «զանգվածային անկարգությունները կազմակերպելու» վերաբերյալ, ի՞նչ գործողությունների է ականատես եղել, վկան ասաց, որ ինքը ամբաստանվողների որեւէ գործողության ականատես չի եղել՝ «ո՛չ քար շպրտել, ո՛չ տրուբա ծռել, ո՛չ էլ փայտ ջարդել», չի լսել նաեւ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու, օրենքի խախտման կոչեր, չի տեսել եւ չի լսել, որ հանրահավաքի մասնակիցներին գումար է բաժանվում: Մյասնիկյանի արձանի մոտ եղել է ժ.14:00-21:00-ի ժամանակահատվածում եւ չի տեսել ո՛չ Ալ. Արզումանյանին, ո՛չ Ս. Սիրունյանին: Ալ. Արզումանյանը վկային հարցրեց, թե նրա բերած վառարանը ի՞նչ չափեր ուներ եւ արդյոք հնարավո՞ր էր այդ վառարանով որեւէ մեկի, ոստիկանի վրա հարձակվել: Այս հարցադրումը դահլիճում ծիծաղ առաջացրեց: Վկայի պատասխանը միանշանակ էր. «Ոչ: Այդ վառարանները 2 մ բարձրությամբ են, գազով աշխատող, եւ երեք հոգով հազիվ տեղափոխում էինք»: Ինչպես դատական նախորդ նիստում, երեկ էլ մեղադրողը հրապարակեց այս վկայի մի քանի էջ ցուցմունքները, որտեղ որեւէ հիշատակում չկար ո՛չ Ալ. Արզումանյանի, ո՛չ էլ Ս. Սիրունյանի մասին:

Մյուս վկան Սուսաննա Գալստյանն էր: Հենց նրա ցուցմունքներն էին, որ զվարճացրին ներկաներին: Վատառողջ այդ կնոջ ցուցմունքները պաշտպանները ավելի ուշ որակեցին որպես ոչ արժանահավատ: Պատճառը միայն այն չէր, որ դրանք խիստ հակասական էին, այլեւ այն, որ տիկինը շատ լրջորեն պնդում էր, թե ինքը մարտի 1-ին կանգնած լինելով Իտալական փողոցում՝ Մյասնիկյանի արձանի հետնամասում, տեսել է, թե ինչպես են Մաշտոցի պողոտայում խանութներ թալանվում եւ մեքենաներ այրվում: Ընդ որում, նա այդ ամենը տեսել էր այն ժամանակ, երբ նման գործողություններ դեռ չէին կատարվել, որովհետեւ, ըստ նախաքննական մարմնի, թալանն ու ջարդը սկսվել են երեկոյան ժամը 9-ից հետո, երբ վկան, իր իսկ ցուցմունքի համաձայն, արդեն տուն գնացած է եղել: Ս. Գալստյանի նախաքննական ցուցմունքը, ի տարբերություն դատարանում տված ցուցմունքի, առավել քան գրագետ էր շարադրված եւ ճիշտ այն ձեւակերպումներով, որոնք կարելի է հանդիպել ՀՔԾ-ի ներկայացրած մեղադրական եզրակացության մեջ: Վկան պատմեց, որ մասնակցել է փետրվարի 20-ին Թատերական հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, որ այնտեղ «բուտերբրոդներ էին բաժանում ժողովրդին», բայց ինքը չի կերել ու չգիտի եւ չի լսել, թե ովքեր են բաժանել: Հիշեցնենք, որ այդ օրը ընդդիմության հանրահավաքը տեղի է ունեցել Մատենադարանում, եւ այնտեղ ուտելիք չի բաժանվել: «Հիշում եմ, որ փետրվարի 20-ին վերեւում կանգնած վերադասը ասում էր, որ մենք 60 տոկոս շահել ենք, մերն ա ձայները, ոչ մի տեղ չգնաք, չցվրեք (վկայի արտահայտությունն է – Ն. Մ.), մենք պիտի վերցնենք օրենքը մեր ձեռը: Դա եմ լսել»: Պարզաբանելով, թե «վերադաս» ասելով ում նկատի ունի, վկան հայտարարեց՝ «Արզումանյանն էր, Դեմիրճյանն էր, բանն էր…, անունները մոռանում եմ»: Հետո պարզվեց, որ այդ «վերադասի» թվում հարթակում վկան տեսել է նաեւ Ս. Սիրունյանին: Իսկ «օրենքը պիտի վերցնենք» արտահայտությունը վկան այսպես բացատրեց՝ Լ. Տեր-Պետրոսյանը պտի նախագահ լինի, ու դիմելով մեղադրողին՝ հարցրեց՝ «ճի՞շտ եմ գրել»: Մարտիմեկյան «զանգվածային անկարգություններից» նա հիշում էր միայն այն, որ «խառնաշփոթ էր՝ բոլորը խառնվեցին իրար, խուճապ էր, սկսեցին հարվածել մեկը մյուսին»: Վկան նաեւ հավելեց, թե իր իմանալով՝ իրար հարվածողները Լ. Տեր-Պետրոսյանի եւ Ս. Սարգսյանի «կողմերն» էին, ոստիկաններ չկային: Նա բացասաբար պատասխանեց այն հարցին, թե մարտի 1-ին ամբաստանվողներին Մյասնիկյանի արձանի մոտ որեւէ գործողություն անելիս, ձողով, ելույթ ունենալիս, կոչ անելիս կամ անկարգությանը մասնակցելիս տեսե՞լ է: Սրանից հետո հրապարակվեցին վկայի նախաքննական ցուցմունքները, որտեղ նա գրել էր, թե մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ Ալ. Արզումանյանը Նիկոլ Փաշինյանին ակնհայտորեն կազմակերպչական ցուցումներ էր տալիս: Ալ. Արզումանյանի հարցին՝ դուք ձեր ականջով լսե՞լ եք նման ցուցումներ, վկան պատասխանեց. «Չէ, չեմ լսել, ո՞նց կլսեի, ես հեռու էի կանգնած, բայց տեսել եմ»: Ի վերջո, խաչաձեւ հարցերից պարզ դարձավ, որ վկան չի հիշում, թե ամբաստանվողները մարտի 1-ին կոնկրետ ի՞նչ են արել կամ հայտարարել:

Հաջորդ վկան Գագիկ Ավդալյանն էր, որի ցուցմունքն էլ բավականին ուշագրավ էր: Նա, որ ազգակցական կապեր ուներ ՀՀ ԱԺ պատգամավոր, քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի հետ, հենց սկզբից հայտարարեց, որ առաջին անգամ է տեսնում ամբաստանվողներին, եւ պատմեց, որ հանրահավաքներին ու նստացույցին մասնակցել է: Մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ ոստիկանները, իր ասելով, «ծեծելով, ջարդելով» մարդկանց դուրս էին բերել հրապարակից, եղել է Ազատության հրապարակում: Նա իր ընկերների հետ փախել է հետապնդումներից ու պատսպարվել մի դպրոցի ներքնահարկում, հետո տուն գնացել ու Ֆրանսիայի դեսպանատան մոտ եկել է իր նախաձեռնությամբ արդեն երեկոյան՝ ժ. 5-6-ի կողմերը: Այնտեղ տեսել էր Մ. Մալխասյանին ու Խ. Սուքիասյանին, բայց ամբաստանվողներին չի տեսել: Այն բանից հետո, երբ գիշերը հավաքվածներին կոչ է արվել ցրվել, ինքն իր ընկերների հետ փորձել է տուն գնալ: Բայց Շահումյան հրապարակի մոտ իրենց բռնել են ոստիկանները եւ «գազելով» բերման ենթարկել «6-րդ» վարչություն: Ե՛վ ճանապարհին՝ գազելի մեջ, ե՛ւ վարչությունում նրանց 2 օր անընդհատ ծեծել են: Վկայի ասելով, նախաքննական ցուցմունքը ինքը գրել է ծեծի ենթարկվելով եւ քննիչի թելադրանքով՝ չնչին բացառություններով: «2 օր գետնից չէինք հելնում: Չեղավ 5 րոպե, որ հանգիստ թողնեն: Ասում էին՝ գրի, որ Վանոյի Ճուտը փող էր բաժանում: Ես շատ իմանամ՝ Վանոյի Ճուտն ով ա, որ Օպերայի հայաթում փող ա բաժանում: Հիմա իմացա: Քննիչն ասեց, եթե չգրես… Բացեց դուռը, մի 30 հոգի՝ դիմակավորված, հարձակվեցին ու սամասուդ արեցին»: Վկային ազատ էին արձակել, իր հիշելով, 2 օր հետո եւ միայն 6 ժամ անց այն բանից հետո, երբ կորզել էին պահանջված ցուցմունքը:

Դատավոր Մարտիրոսյանը, որ պարտավոր էր վկայի՝ հանցագործության մասին այդ հայտարարությանը հենց տեղում ընթացք տալ եւ քրգործ հարուցելու որոշում կայացնել, այդպես էլ որեւէ կերպ չարձագանքեց դրան: Ալ. Արզումանյանը միայն ներողություն խնդրեց երիտասարդից, «որ 20 տարի անկախությունից հետո մեր պետության մեջ ծեծելով, ստիպելով ցուցմունք են գրել տալիս քեզ: Էդ չարչարանքդ քեզ ապաշխարանք, եւ վստահ եղիր, որ մենք հաղթելու ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել