Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՈՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ ՉԵՍ ՀԱՍՆԻ

Ապրիլ 18,2009 00:00

\"\"ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը վստահ է, որ հանրային խորհուրդը քաղաքական կառույց է

– Պարոն Մելիքյան, ի՞նչ եք սպասում Հանրային խորհրդից, որը վերջերս իր ձեւավորման ուղղությամբ որոշակի քայլեր է արել:

– Մեկ տարի առաջ, երբ սկսվեց շրջանառվել այդ գաղափարը, ասվում էր, որ այն կոչված է ապահովելու հասարակության եւ գործող իշխանության միջեւ կապը: Ասվում էր նաեւ, որ խորհուրդը պետք է լինի ապաքաղաքականացված: Խորհրդի կանոնադրությունում, իսկապես, վերապահումներ եւ մի շարք սահմանափակումներ կան. պետական որոշ պաշտոնյաներ` նախագահը, ԱԺ պատգամավորները չեն կարող լինել խորհրդի անդամ: Բայց մի շարք հակասություններ էլ կան: Բավական չէ, որ հանրային խորհրդում այսօր ներկայացված են մի շարք քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, նրանցից մեկն էլ հանդիսանում է խորհրդի անմիջական ղեկավարը: Այդպիսով, բնականաբար, քաղաքական որոշ կուսակցությունների գործող իշխանությունը նախապատվություն է տալիս այլոց նկատմամբ, ինչը միանշանակորեն քաղաքական գործելակերպ է: Ընդ որում, ակնհայտ է, որ այն մարդը, ով նշանակվել է խորհրդի նախագահ, շատ բացասական վերաբերմունք ունի արմատական ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Դա արդեն շատ հստակ ցույց է տալիս, որ այս կազմով հանրային խորհուրդն, ըստ էության, կոչված չէ երկրում իրական երկխոսություն ապահովել: Մեծ հաշվով, այս խորհուրդը ստեղծված ներքաղաքական ճգնաժամն անտեսելու միջոց է: Եթե հաշվի առնենք այն, որ բացի մշտական անդամներից, խորհրդի աշխատանքներին կարող են մասնակցել անսահմանափակ քանակությամբ անձինք՝ որպես խորհրդի ճյուղային հանձնաժողովների անդամներ, ապա պարզ է դառնում, որ սա պարզապես մի քաղաքական քայլ է՝ ուղղված ստեղծված իրավիճակում իշխանությունների քաղաքական դիրքերն ամրապնդելուն: Դրա համար էլ օգտագործվում են նաեւ քաղաքական գործիչներ:

– Ինչո՞ւ Վազգեն Մանուկյանը գնաց այդ համագործակցությանը:

– Անշուշտ, դա համագործակցություն է գործող իշխանության հետ` ընդդեմ մրցակից քաղաքական ուժի: Բայց ավելի ծանրակշիռ կհնչի այն վարկածը, ըստ որի՝ Վազգեն Մանուկյանը գուցե, հասկանալով, որ գործող իշխանությունը լուրջ դժվարություններ ունի, լեգիտիմության զգալի պակաս ունի, եւ հնարավոր է, որ մոտ ապագայում ստիպված լինի հեռանալ իշխանությունից, հանրային խորհրդի ղեկավար լինելով՝ նա կարող է փորձ անել այդ իշխանությունը վերցնել: Դա քաղաքական գործչի մոտեցում է, բայց ստեղծված իրավիճակում, մանավանդ՝ հաշվի առնելով, որ նախընտրական փուլում Վազգեն Մանուկյանը բավական սուր հակազդում էր հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ դրանով աջակցեց ներկայիս իշխանություններին՝ կորցնելով իր ընտրազանգվածի զգալի մասը, ես կարծում եմ, որ եթե նման ծրագիր կա, ապա դա բավական անիրատեսական է: Քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանն ուներ մտավորական ընտրազանգվածի զգալի մասի աջակցությունը, սակայն անցած նախագահական ընտրություններում իր պահվածքի արդյունքում, իմ տպավորությամբ, ճնշող մեծամասնությունը հիասթափված է, եւ կարծում եմ՝ նրան այլեւս չի աջակցի:

– Գուցե այս կառույցն ընդամենը իշխանամետ քաղաքական գործիչների ամբիցիաները բավարարելու համա՞ր է:

– Մի խնդիր էլ կա, որին կուզեի անդրադառնալ այդ համատեքստում: Հանրային խորհրդի կանոնադրության 7-րդ գլխի 54-րդ կետն է դա. «Հանրային խորհրդի անդամի, ինչպես նաեւ խորհրդի հանձնաժողովի անդամի՝ հանրային խորհրդի գործունեության հետ կապված ծախսերը փոխհատուցվում են»: Սա շատ հետաքրքիր է, որովհետեւ սա միակ կետն է, որում միջնորդավորված կերպով ասվում է, որ հանրային խորհրդի անդամի գործունեությունը պետք է ֆինանսավորվի: Բայց հայտնի չէ, թե որ պայմաններում մարդը պետք է փոխհատուցում ստանա եւ ումից: Գուցե նա հանրային խորհրդի շահերից ելնելով՝ թողնի իր բիզնեսը. արդյոք այդ ծախսերը նրան պետք է փոխհատուցվե՞ն եւ այլն: Այսինքն, ինչպես կուզեն՝ այնպես էլ կվարվեն: Բայց միանշանակ է, որ այս խորհրդի աշխատանքները կարող են նաեւ ֆինանսական խրախուսման ձեւ ստանալ, ինչը խորհրդի հանրայնության հետ եւս կապ չունի: Սա նույնպես մի մոտեցում է, որի միջոցով կարելի է խորհրդի անդամներին, անգամ նրանց անմեղ լինելու պարագայում, մեղադրել քաղաքական կաշառք ստանալու մեջ: Երբ պետությունն իր քաղաքացիների հետ հարաբերություններում ստում է կամ փորձում է կեղծ միջոցներով «ճշմարիտ» արդյունքների հասնել, դա միշտ մեզ ետ է գցում եւ խաթարում է առաջընթացը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել