Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՈՒՀԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Ապրիլ 17,2009 00:00

Երեկ ԵՊՀ-ում մեկնարկեց «Ուսուցումը Հայաստանում-2009» միջազգային 8-րդ ցուցահանդեսը, որին մասնակցում էին ՀՀ տարբեր բուհեր: Այդ բուհերի ներկայացուցիչները ցուցադրեցին այն ամենը, ինչ առնչվում է իրենց բուհին՝ սկսած ուսումնական գործընթացի կազմակերպմանը վերաբերող հարցերից, մինչեւ պատվոգրեր ու մրցանակներ: «Առավոտը» զրուցեց նրանցից ոմանց հետ, պարզելու, ինչ խնդիրներ ունեն: Կրթության միջազգային ակադեմիայի հասարակական աշխատանքների գծով պրոռեկտորի օգնական Գայանե Աբրահամյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Բոլոր բուհերն էլ ունեն ուսանողների առօրյան՝ կրթական պրոցեսից դուրս հետաքրքիր դաձնելու խնդիրը»: Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Նարեկ Մանթաշյանը բարձրացրեց հետեւյալ հիմնախնդիրները. «Դրանց թվում են կրեդիտային համակարգի ոչ լիարժեք ներդրումը, բոլոնյան համակարգի առնչությամբ իրազեկության պակասը: Բացի այդ, գոյություն ունի նաեւ ոչ պետական բուհերի ուսանողների իրավունքների պաշտպանության խնդիր, որը պետական համակարգում ավելի բարձր մակարդակի վրա է դրված»: Իսկ «Նեյշընըլ ինստրումեթս» ընկերության տեխնիկական խորհրդատու Գեղամ Վարդանյանը խոսեց բուհերի՝ տեխնիկական ապահովվածության մասին: «Գտնվում ենք ահավոր վիճակում: Մեր կազմակերպության հիմնական նպատակն է ինժեներական ոլորտի տարբեր սարքավորումներ ներդնել բուհերում: ՌԴ-ում մեծ քայլերով առաջ են գնում, բոլոր նորությունները մուտք են գործում բուհերը, իսկ մեզ մոտ՝ ոչ, պատճառը ֆինանսն է»:

Ըստ էության՝ եռօրյա ցուցահանդեսը կազմակերպված է դպրոցների ապագա շրջանավարտներին կողմնորոշելու համար: Սակայն այդպես էլ դպրոցականների չհանդիպեցինք: Այս հարցը քննարկեցինք Էքսպո-սերվիս կազմակերպության տնօրեն Ռաֆայել Կակոսյանի հետ: Նա ասաց. «Շրջանավարտների հետեւից մեքենաներ ենք ուղարկել, նրանք մասնակցելու են ցուցահանդեսին՝ մի քանի հերթափոխով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել