Կոլումբիայի անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են տարիներ շարունակ հետախուզման մեջ գտնվող երկրի ամենաազդեցիկ թմրաբարոնին։ Ինչպես հայտնել են կառավարության աղբյուրները, Դանիել Ռենդոն Էռերային, ով հայտնի է «Դոն Մարիո» մականունով, ձերբակալել են Կոլումբիայի հյուսիսարեւմտյան Նեկոկլի շրջանում։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Երկար ժամանակ էր, ինչ կառավարությունը 2 մլն դոլար պարգեւ էր խոստացել նրան, ով կկարողանար թմրաբարոնի մասին տեղեկություններ հաղորդել, որոնք կօգնեին երկրի իրավապահ մարմիններին ձերբակալել «Դոն Մարիոյին»։ Դանիել Ռենդոնը մեղադրվում է Կարիբյան ավազանի շրջանում հարյուրավոր տոննա կոկաինի անօրինական փոխադրման, առուվաճառքի մեջ։ Հայտնի է, այս տարվա ընթացքում «Դոն Մարիոն» իր մարդկանցից յուրաքանչյուրին 1000 դոլար պարգեւատրում էր խոստացել՝ յուրաքանչյուր ոստիկանի սպանության համար։ Սակայն անվտանգության ծառայության աշխատակիցներին հաջողվել է վերջ տալ նրա կամայականություններին։
tert.am-ը գրում է, որ Կոլումբիայի պաշտպանության նախարար Խուան Մանուել Սանտոսը նշել է, որ Ռենդոնը պատասխանատու է մի շարք սպանությունների համար։ «Նրա դեմ կարող է առաջ քաշվել գրեթե 3000 սպանությունների մեղադրանք, որոնք նա իրականացրել է երկրի որոշ տարածքներում իր հսկողությունը սահմանելու համար»,- պարզաբանել է նախարարը։