Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արոնյանը դարձավ միանձնյա առաջատար

Ապրիլ 17,2009 00:00

Նալչիկում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Grand Prix» շարքի չորրորդ մրցաշարը

Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մեկնարկային տուրում արագ պարտության մատնելով ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին՝ ապացուցեց, որ ինքն այստեղ, իրոք, հաղթողի գլխավոր հավակնորդն է ոչ միայն իր ամենաբարձր վարկանիշով, այլեւ՝ խաղով:

Դրան հակառակ, Պետեր Լեկո-Գատա Կամսկի զուգը յուրատեսակ ռեկորդ սահմանեց: Նրանք կատարեցին 121 քայլ եւ ի վերջո համաձայնեցին բաժանել միավորը:

Երեկ երկրորդ տուրում վիճակահանության արդյունքում Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը հանդիպում էին իրար հետ: Ընդ որում, սպիտակներով խաղում էր Լեւոնը: Շախմատասերների մեծ մասը մտածում էր, թե հայրենակիցները, ամենայն հավանականությամբ, արագ հաշտության պայմանագիր կկնքեն: Մանավանդ, որ նրանց դիմակայությունը կայանում է մրցաշարի սկզբնական հատվածում, ու հիմնական պայքարը դեռ առջեւում է լինելու: Դա ինչ-որ տեղ նույնիսկ տրամաբանությանը մոտ կարծիք էր: Սակայն, ինչպես ցույց տվեց նրանց միջեւ պայքարի ընթացքը, Լեւոնն ու Վլադիմիրը խնդրին միանգամայն այլ տեսանկյունից էին մոտեցել: Ու դրա հիմքերը միանգամայն արդարացված էին: Եվ ահա, թե ինչու: ՖԻԴԵ-ի «Grand Prix»-ի կանոնակարգով նախատեսված է 2008/2009 թվականների ընթացքում անցկացնել վեց մրցաշար, որը ընտրական է աշխարհի չեմպիոնի կոչման համար: Եվ այն մասնակիցը, որն ընդհանուր հաշվարկով հաղթող կճանաչվի, եկող տարի հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք կստանա: Այստեղից էլ պարզ է դառնում, որ յուրաքանչյուր կես միավորն անգամ մարաթոնյան այս պայքարում կարող է ճակատագրական նշանակություն ունենալ:

Երկրորդ տուրն առաջինից ավելի լարված ստացվեց: Ու չնայած երեկոյան յոթ զույգերից վեցի պայքարն արդեն ավարտված էր (միայն Կամսկի-Բակրո պարտիայում գրոսմայստերները 81-րդ քայլում ոչ-ոքիի համաձայնեցին), Արոնյանն ու Հակոբյանը դեռ շարունակում էին պայքարը: 79-րդ քայլում Լեւոնը մեկ զինվորի եւ դիրքային որոշակի առավելություն ուներ: Բայց Վլադիմիրը պաշտպանվում էր հնարավորին չափ անթերի: Սակայն Արոնյանի խաղաքարերը տեղաշարժվում էին ճշգրիտ, որի արդյունքում էլ Լեւոնը Նալչիկում տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը եւ հարյուր տոկոսանոց արդյունքով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը:

Երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակում գրոսմայստերները դասավորվեցին այսպիսի հաջորդականությամբ. Արոնյան՝ 2,0 միավոր, Գրիշչուկ եւ Սվիդլեր՝ 1,5-ական, Ալեքսեեւ, Բակրո, Կամսկի, Կարյակին, Կասիմջանով, Լեկո, Էլյանով՝ 1,0-ական, Հակոբյան, Գելֆանդ, Իվանչուկ, Մամեդյարով՝ 0,5-ական:

Այսօր, երրորդ տուրում, Հակոբյանը խաղում է Լեկոյի, իսկ Արոնյանը (սեւերով)՝ Կարյակինի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել