Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԻԼՈԳՐԱՄՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԷԻՆ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՇԱՏ ՄՈՏ

Ապրիլ 17,2009 00:00

\"\"Բուխարեստում անցկացված ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հայաստանը կանանց եւ տղամարդկանց պայքարում ընդհանուր թիմային հաշվարկով ճանաչվեց հինգերորդը:

Երեկ «Առավոտը» զրուցեց ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ՝ խնդրելով գնահատել մեր մարզիկների մրցելույթները:

– Նախորդ առաջնությունների հետ համեմատած, այս անգամ որոշակի նահանջ է գրանցվել: Այդ մասին ի՞նչ կասեք:

– Թող տարօրինակ չթվա, բայց ընդհանուր մասնակցությունը համարում եմ բավարար: Այստեղ նկատի պետք է առնել, որ հատկապես տղաների թիմը հանդես էր գալիս երիտասարդական կազմով: Եվ հատկապես նրանց մրցելույթները գնահատում եմ լավ: Սկսեմ 69 կգ քաշային կարգում հանդես եկած 19-ամյա Առաքել Միրզոյանից: Նա, որ սովորաբար հանդես է գալիս մեկ աստիճան ցածր քաշային կարգում, օլիմպիական բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանի բացակայությամբ տեղափոխվեց նրա քաշային կարգ ու, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, նվաճեց չեմպիոնի կոչումը: Իհարկե, ոսկե մեդալը մեզ համար շատ կարեւոր է, բայց ինձ ավելի ուրախացնում են նրա արդյունքները. պոկում վարժությունում՝ 151 կգ, հրումում՝ 185: Առաքելի այս կիլոգրամները գրեթե Պեկինի օլիմպիական խաղերի մրցանակակրի արդյունքներ են: Նա Բուխարեստում երկամարտի արդյունքով ցույց տվեց 336 կիլոգրամ, որն ընդամենը 2 կգ-ով է պակաս Պեկինում երրորդ մրցանակակիր դարձած Տիգրանի ցուցանիշից: Հաշվի առնելով Առաքելի աշխատասիրությունը եւ մարզումներին լուրջ մոտենալը, մենք մարզիչների հետ միասին հույս ունենք, որ հետագայում անձնական եւ հավաքականի մարզիչների հմտության, ՀԱՕԿ-ի եւ ֆեդերացիայի աջակցության շնորհիվ նա ի վիճակի կլինի ավելի ծանրակշիռ խոսք ասել ինչպես աշխարհի երիտասարդների, այնպես էլ՝ նոյեմբերին Կորեայում կայանալիք մեծահասակների առաջնությունում:

Առանձին կուզենայի խոսել գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանի մասին, որի 19 տարին նոր է բոլորել: Ռուբենն իրեն գերազանց է դրսեւորել պատանեկան ու երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում: Սա նրա համար էլ մեծահասակների հետ պայքարի առաջին փորձն էր: Թեեւ, անկեղծ պիտի ասեմ, պատրաստ էր՝ եթե ոչ չեմպիոնի, ապա առնվազն արծաթե մեդալի համար պայքարել: Պոկում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ ստացած վնասվածքը փորձի պակասի, հուզմունքի հետեւանք էր: Ռուբենն իրեն ավելի լավ է զգում հրում վարժությունում: Եվ եթե երրորդ մոտեցման ժամանակ վնասվածքն ավելի չխորացներ, վստահ եղեք, որ նա անպայման կկանգներ պատվո պատվանդանին:

– Իսկ վնասվածքը շա՞տ լուրջ է:

– Բարեբախտաբար՝ ոչ: Ընդամենը մկանն է ձգվել: Հավանաբար, տեսած կլինեք, թե նա ինչպես էր գալարվում մրցահարթակի վրա: Դա ավելի շատ վախից էր, թե հնարավոր է՝ ձեռքը կոտրած լինի: Տունդարձի ճանապարհին Մոսկվայում նրան տարա մարզական լավագույն բժիշկների մոտ: Ախտորոշումը փարատեց մեր անհանգստությունը: Արդեն Երեւանում, ինչպես ասում են, ապահովության համար կրկնական ստուգում ենք անցկացրել «Նաիրի» բժշկական կենտրոնում: Փառք Աստծո, վտանգավոր ոչինչ չկա: Հիմա Ռուբենը բուժվում է: Կարծում եմ, որ նա կարճ ժամանակ անց կվերսկսի մարզումները:

– Փոքր Տիգրանը փոխե՞լ է քաշային կարգը, թե՞ 69 կգ-ում նրա եւ Առաքելի միջեւ մրցակցություն է լինելու:

– Տիգրանն արդեն անցել է 77 կգ քաշային կարգ, որտեղ Գեւորգ Դավթյանն է: Հավաքականում առաջատարը լինելու համար պայքարը նրանց միջեւ կծավալվի: Մինչ այդ, եթե հիշում եք, Գեւորգի մրցակիցը Եվրոպայի արծաթե մեդալակիր Արա Խաչատրյանն էր: Նա էլ իր հերթին է փոխել քաշային կարգը եւ հանդես է գալու 85 կգ քաշային կարգում:

– Այսինքն, դարձել է մեծ Տիգրան Մարտիրոսյանի՞ մրցակիցը:

– Այս քաշային կարգում մոտ հինգ հավասարազոր ծանրորդ ունենք, որոնց թվում են նաեւ Բուխարեստում իրենց լավ դրսեւորած Գեւորիկ Պողոսյանը եւ Արամ Անդրիկյանը: Իսկ թե ո՞վ հավաքականի կազմում տեղ կունենա, կախված է լինելու նրանց միջեւ ընթացող մրցակցությունից:

– Մեր աղջիկների մասին ի՞նչ կասեք:

– Մելինեն, որ ութ ամիս բուժվում էր եւ դեռ լիովին չի ապաքինվել, իր համար ստեղծված իրավիճակում գերազանց հանդես եկավ: Սա տեւական ընդմիջումից հետո նրա առաջին պաշտոնական մրցելույթն էր: Եվ հրում վարժությունում նվաճած փոքր արծաթե մեդալը լուրջ ձեռքբերում է: Նա երրորդ մրցանակակրին երկամարտում զիջեց ընդամենը երեք կիլոգրամ:

Ինչ վերաբերում է Նազիկ Ավդալյանին եւ Հռիփսիմե Խուրշուդյանին, նրանցից նույնպես գոհ եմ: Թե Նազիկը եւ թե Հռիփսիմեն պոկում վարժությունում համարձակվեցին մոտենալ, համապատասխանաբար, 145 եւ 150 կիլոգրամներին, քաշեր, որոնք անգամ մարզումների ժամանակ բարձրացնելու փորձ չէին արել: Եվ այն, որ երկուսն էլ ծանրաձողը կարողացան բարձրացնել կրծքին, մեզ հույս է ներշնչում, որ այդ քաշերը շուտով կենթարկվեն նրանց: Այստեղ էլ Նազիկի եւ Հռիփսիմեի երկամարտի 245 եւ 253 կիլոգրամները մոտ էին օլիմպիական մրցանակակիրների ցուցանիշներին: Ուզում եմ ասել, որ նրանք Եվրոպայում արծաթե մեդալ նվաճեցին, սակայն համաշխարհային մակարդակի արդյունքներով:

– Բուխարեստում մեր տղաների թիմը հանդես էր գալիս երիտասարդական կազմով: Հետեւաբար, կարելի է ասել, որ հերթափոխ կա: Իսկ մեր երեք աղջիկներին արժանի փոխարինողներ ունե՞նք, որոնք անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի մտնեն մրցահարթակ:

– Նրանց հավասար մարզուհիներ այս պահին չունենք: Բայց ետեւից եկողներ կան: Ու այնպիսի ծանրորդներ, որոնք պետք է նոյեմբերին մասնակցեն աշխարհի առաջնությանը եւ մեր աղջիկների հավաքականին հաջորդ օլիմպիական խաղերի համար վարկանիշային միավորներ բերեն:

– Դոպինգի հետ կապված՝ ամեն բան նորմա՞լ է:

– Այո:

– IWF-ի պաշտոնական կայքում նշված է, որ 2008 թվականին հայաստանցի երեք ծանրորդների դոպինգ-ստուգումը դրական արդյունք է տվել:

– Ես հենց այդ մասին անպայման ուզում էի խոսել: Նախ, դրանցից մեկը եղել է 2007 թվականին: Այդ ծանրորդները միջին, ես կասեի՝ միջինից էլ ցածր կարգի մարզիկներ են եւ անգամ Հայաստանի ոչ մի տարիքային խմբի հավաքականում ընդգրկվելու հեռանկար չունեն: Նրանց մոտ դոպինգը մենք ենք հայտնաբերել՝ տեղում պարբերաբար կազմակերպվող ստուգումների ընթացքում եւ պատժել ենք: Արդյունքներն էլ ինքներս ենք ուղարկել միջազգային ֆեդերացիա: Մեկ անգամ էլ եմ հիշեցնում, որ Հայաստանում հակադոպինգային համաշխարհային ծառայության ներկայացուցչություն է բացվել: Ու ստուգումներն ավելի հաճախակի ու խիստ են լինելու: Այնպես որ, մարզիկներն ու իրենց մարզիչները պետք է համապատասխան հետեւություններ անեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել