Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ԴԺԳՈՀ Է

Ապրիլ 17,2009 00:00

Թուրքական ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ, Մեջլիսի պատգամավոր Թորգուլ Թուրքեշը Day.az-ին տված հարցազրույցում հայտնում է, որ հայ-թուրքական սահմանի բացման մասին բանակցությունները սկսվել են դեռեւս անցած տարի՝ Շվեյցարիայում: Իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ Թուրքիա այցելեց Բարաք Օբաման: Ըստ պատգամավորի, թուրքական կառավարության՝ այդ ուղղությամբ արվող քայլերի մանրամասները չեն հրապարակվում եւ այժմ մարդկանց կանգնեցրել են կատարված փաստի առաջ: «Քանի դեռ Հայաստանը չի վերադարձրել գրավյալ տարածքները եւ չի հրաժարվել «ցեղասպանության» հետ կապված իր հավակնություններից, սահմանները չեն կարող բացվել: Այդ պայմանները պետք է լինեն քաղաքական գործիչների եւ դիվանագետների բանակցությունների թեման»,- հայտարարել է Թուրքեշը: Ըստ նրա, իշխող կուսակցության ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության շարժառիթները հայտնի չեն: «Մենք կտրականապես համաձայն չենք այդ քաղաքականության հետ եւ կարծում եմ, որ այն կբերի թուրքական դիվանագիտության տապալման եւ թուրքական աշխարհում Անկարայի հեղինակության կորստին»,- նշել է պատգամավորը: Նա հայտնել է նաեւ, որ իր կուսակցությունը փորձելու է սառեցնել սահմանի բացման գործընթացը՝ մինչեւ ղարաբաղյան հարցի կարգավորումը: «Հայաստանը եւ ամբողջ աշխարհը պետք է իմանան, որ սահմանները կբացվեն միայն հայկական օկուպացիայի ավարտից հետ: Նույնիսկ այն հողերը, որտեղ այսօր տեղակայված է Հայկական Հանրապետությունը, հայերին չեն պատկանում: Դա ցարական Ռուսաստանի նվերն է Հայաստանին: Նրանք իրավունք չունեն որեւէ պայման թելադրել ոչ թուրքերին, ոչ ադրբեջանցիներին»,- եզրափակել է Թուրքեշը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել