ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում տե ղի է ունեցել բողոքի ակցիա՝ հարկերի բարձրացման դեմ: Ելույթ ունենալով հանրահավաքի ժամանակ՝ Տեխասի նահանգապետ Ռիկ Փերին ակնարկեց, որ չի բացառում Տեխասի դուրս գալն ԱՄՆ կազմից, հաղորդում է «AP» գործակալությունը: «Մենք շատ սցենարներ ունենք,- հայտարարել է նահանգապետը:- Մենք մեծ երկիր ենք եւ որեւէ պատճառ չունենք խզելու մեր դաշինքը, սակայն եթե Վաշինգտոնը շարունակի իր քիթը խոթել ԱՄՆ ժողովրդի գործերի մեջ, ապա պարզ է, թե դա ինչով կարող է վերջանալ: Տեխասը յուրահատուկ տեղ է՝ չափազանց անկախ իր ոգով»: Փերիի ճառի ժամանակ բազմահազարանոց ամբոխից կոչեր էին հնչում ԱՄՆ կազմից դուրս գալու մասին: Ըստ նահանգապետի՝ Տեխասը տնտեսապես հզոր է, մինչդեռ Վաշինգտոնում ֆինանսական խժդժություններ են տեղի ունենում: «Միլիոնավոր տեխասցիներ հոգնել են այն բանից, որ Վաշինգտոնը փորձում է մեզ սովորեցնել, թե ինչպես է պետք ղեկավարել Տեխասը»,- հայտարարել է նահանգապետը: Վերջին շրջանում Փերին ակտիվորեն քննադատում է Վաշինգտոնին, ինչը կապված է նրա վերընտրվելու համար պայքարի հետ: Այս տարվա մարտին նա հրաժարվեց $550 միլիոնից, որոնք դաշնային կառավարությունը տրամադրել էր տեխասցի գործազուրկներին նպաստ տրամադրելու համար: Իր որոշումը նահանգապետը պատճառաբանում էր նրանով, որ գումարի տրամադրման պայմանները վնաս են հասցնելու նահանգի բիզնեսին: