Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ սկսել է քննել Վրաստանի հայցը՝ ընդդեմ Ռուսաստանի: Հիմնական մեղադրանքն է վրացի միգրանտների իրավունքների խախտումը՝ վերջիններիս Ռուսաստանից արտաքսելու ժամանակ: Ձեւական առումով հայցը կապված չէ 2008-ի օգոստոսին Հարավային Օսեթիայում տեղի ունեցած իրադարձությունների հետ, սակայն, իրավաբանների կարծիքով, եվրոպացիների որոշակի բացասական վերաբերմունքն այդ պատերազմի նկատմամբ կարող է ազդել Եվրոդատարանի որոշման վրա: Newsru.com-ը հիշեցնում է, որ վրացիների արտաքսումը Ռուսաստանից՝ սկսվել է 2006 թվականի սեպտեմբերին բռնկված լրտեսական սկանդալից հետո: Այն ժամանակ Թբիլիսին լրտեսության մեջ է մեղադրել մի քանի ռուսաստանյան սպայի: Դրանից հետո Մոսկվան լայնամասշտաբ ակցիա է սկսել Վրաստանի անօրինական միգրանտներին հայտնաբերելու ուղղությամբ: Սպասվում է, որ Վրաստանը փորձելու է ապացուցել, թե իր քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքը հանգեցրել է մի քանի մարդու մահվան: Իր հերթին ռուսաստանյան կողմը պնդում է, որ զանգվածային արտաքսում չի եղել, եւ ցանկացած վրացու վերաբերյալ կիրառվել է դատարանի որոշում: Բացի այդ, Վրաստանն իր դժգոհությունն է հայտնում առ այն, թե ինչպիսի պայմաններում էին պահվում Ռուսաստանում առնվազն 2380 ձերբակալվածներ: Ռուսական կողմին մեղադրում են նաեւ միգրանտներին հետապնդելու, նրանց մասնավոր եւ ընտանեկան կյանքին միջամտելու համար: