Սեպտեմբերից հանրակրթական համակարգ մուտք գործելիք տարբերակված դասագրքերը մասնագետների մեջ «կռիվ են գցել»:
Դեռ հունվարին մի առիթով ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 1-ից ավագ դպրոց մուտք կգործեն տարբերակված դասագրքեր՝ յուրաքանչյուր առարկայից երկու տիպի. հոսքային ուսուցման համար՝ խորացված եւ խառը հոսքերի համար՝ ավելի պարզեցված: Արդեն կայացել են որոշ դասագրքերի մրցույթներ, ինչպիսին են «Հանրահաշիվը», «Երկրաչափությունը», «Համաշխարհային պատմությունը»: Հայտնի է, որ դասագրքերի մրցույթն անցկացվում է գնումների գործակալությունում: Այս գործընթացի հետ կապված՝ «Առավոտը» բողոք-նամակ էր ստացել «Հայ գրականություն» դասագրքի հեղինակային խմբից՝ հանձին ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի, բանասիրական գիտությունների դոկտորներ Դավիթ Գասպարյանի եւ Հենրիկ Բախչինյանի: Նրանք դժգոհում էին, որ գնումների գործակալությունն իր կայքով գրեթե գաղտնի հայտարարել է դասագրքի մրցույթի մասին՝ այն չհրապարակելով մամուլում: Իսկ հայտարարությունը դեռեւս չհրապարակված՝ պարզ է դարձել, որ «Մակմիլան-Արմենիան» ամիսներ առաջ ստեղծել է հեղինակային մի խումբ, որը գրում է դասագիրքը, վստահ լինելով, որ հաղթելու են: Նամակագիրները հավաստիացնում են, որ մրցույթի տեխնիկական փաթեթների բացման ժամանակ՝ մարտի 16-ին մերժվեց «Արեւիկ» հրատարակչության հայտը, քանի որ հրատարակչության ներկայացրած փաթեթի մեջ պակաս էր ինչ-ոչ տեղեկանք: Հեղինակները գրում են, որ դասագրքի արդար մրցույթով շահագրգռված լինելու դեպքում կարելի էր պահանջել համապատասխան փաստաթուղթը եւ թույլ տալ հեղինակային խմբին մասնակցել մրցույթին, մանավանդ որ՝ այն շարունակվել է մարտի 19-ին: Այս մասին «Առավոտը» պարզաբանում ստացավ գնումների գործակալության լրատվության պատասխանատու Վասակ Թարփոշյանից. «Ո՞նց կարող է նախօրոք հաղթողը որոշված լինել, երբ մրցույթի հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերի հիման վրա է որոշում հաղթողին: Ինչ վերաբերում է հայտարարությանը, ապա, ըստ կարգի, դա չպիտի հրապարակվի մամուլում: Իսկ որ պահանջեինք նրանց համապատասխան փաստաթղթերը եւ թույլ տայինք մասնակցել մրցույթին՝ կլիներ օրենքի խախտում»:
Պակաս խնդրահարույց չեն նաեւ ավագ դպրոց մուտք գործելիք դասագրքերին վերաբերող բովանդակային հարցերը, որոնք «Առավոտը» քննարկեց Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) տնօրեն Նորիկ Ղուկասյանի հետ: Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 1-ից հանրակրթական դպրոց մուտք կգործեն 6 առարկաների՝ հայոց լեզու, գրականություն, հանրահաշիվ, երկրաչափություն, հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, գծով տարբերակված դասագրքեր եւ բոլոր հոսքերի համար ընդհանուր՝ հասարակագիտություն առարկայի դասագիրքը: Այսօրինակ դասագրքերի ստեղծումով կրթության ոլորտի մասնագետները փորձում են լուծել մի քանի խնդիր: «Այն աշակերտը, որ հակված է լրագրող դառնալ, ինչո՞ւ նրա համար ժամանակային առումով խնդիրներ ստեղծենք բարդացված ֆիզիկայով, քիմիայով, խառը մաթեմատիկայով: Ուստի մաթեմատիկայի նույն դասագիրքը տալ ե՛ւ ապագա լրագրողին, ե՛ւ ապագա մաթեմատիկոսին, գործնականում նպատակահարմար չէ: Հենց այս մոտեցման բացակայությունն է մինչեւ այժմ պատճառ դարձել, որ աշակերտներից շատերը բարձր դասարաններում բացակայել են դպրոցից՝ մասնավոր պարապմունքների հաճախելով»,- կարծում է ԿԱԻ տնօրենը:
Այնպես է ստացվել, որ տարեցտարի դասագրքեր էին ստեղծում նույն մասնագիտական խմբերը, դրա պատճառով էլ կարծիք կա, որ այս դաշտում եւս գործում են մաֆիայի օրենքները: Տարբերակված դասագրքերի ստեղծման պարագայում էլ մեկ այլ միտում է նկատվում: Ե՛վ խորացված, ե՛ւ խառը հոսքերի համար դասագրքեր է ստեղծում միեւնույն հեղինակային խումբը: Ն. Ղուկասյանից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է դա նպատակահարմար: Նա պատասխանեց. «Դասագրքերն ընտրում է մրցութային հանձնաժողովը, իսկ նրանց հայտնի չեն հեղինակները: Մյուս կողմից էլ՝ այլ հեղինակային խումբ դասագիրք չի էլ ներկայացնում»:
Մանրամասնելով՝ ԿԱԻ տնօրենը նկատեց. «Մեզանում ամեն բնագավառում հենվում են հեղինակությունների վրա: Նույնը՝ նաեւ դասագրքի ստեղծման պարագայում: Այնինչ, դասագիրքը գիտնականի, ուսուցչի, հոգեբանի, մեթոդիստի համագործակցություն է ենթադրում: Երբ գիտնականին ասում ենք, թե հնարավոր չէ՞ թուլացնել դասագրքի գիտական մասը, նրա մասնագիտական էգոիզմը թույլ չի տալիս կոմպրոմիսի գնալ, ինչը բնական է: Իսկ մեթոդիստն այդ դեպքում ասում է, որ գիրքը մեթոդական ապարատ չունի, օրինակ՝ թեմայի ավարտից հետո ամփոփիչ հարցադրումներ չկան եւ այլն»: Հաճախ են ուսուցիչները դժգոհում, որ իրենք դուրս են մնում դասագրքաստեղծման գործընթացից: Այս մասին խոսելով՝ Ն. Ղուկասյանն ասաց. «Գալիս եմ այն եզրակացության, որ ուսուցիչները ոչ միայն գրքերի ընտրության գործընթացին պիտի մասնակցեն, այլեւ պիտի դրանք գրեն»: Հետաքրքրվեցինք՝ չի՞ վախենում, որ լուրջ դիմադրություն կլինի այդ առումով: Ն. Ղուկասյանը պատասխանեց. «Պետք չէ շահերը հակադրել, այլ պիտի փոխզիջումների արվեստը զարգացնել, որ ակադեմիկոսը, գիտնականը որեւէ աստիճան չունեցող, բայց վաստակ ունեցող ուսուցչի հետ հաշվի նստենի»: