ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Սկիզբը՝ նախորդ համարում
3.
Don՛t worry, be happy
Թեպետ ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն Օսմանյան Թուրքիա ժամանեց (1913 թ.) իր երկիրն առավել պատշած մակարդակով ներկայացնելու նպատակով (1913-1916 թթ.), սակայն նա իր դիվանագիտական ներուժն ի սպաս դրեց երիտթուրքերի ցեղասպան ծրագրերը չեզոքացնելու համար: Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթին Մորգենթաուն զգուշացնում էր. «Ամերիկացիները զայրացած են հայերի ոչնչացման ձեր ծրագրերից: Դուք ձեր ծրագրերը պետք է կառուցեք ելնելով մարդասիրական սկզբունքներից, այլ ոչ թե ազգային խտրականության, հակառակ դեպքում Մ. Նահանգները կդադարի ձեզ համարել բարեկամ եւ իրավահավասար երկիր: Ամերիկացիները պարզ մատերիալիստներ չեն, ովքեր միշտ վազում են փողի ետեւից, նրանք հումանիստներ են, որոնք մտածում են ողջ աշխարհում իրավարարության, արդարադատության եւ քաղաքակրթության տարածման մասին: Դուք ասում եք, որ հաղթողին չեն դատում, բայց դուք սխալվում եք: Դուք հանրային կարծիքի հետ կբախվեք ամենուր, հատկապես՝ Ամերիկայում: Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա այս կոտորածները, որոնք իրականացվեցին քրիստոնյաների դեմ: Նրանք միշտ կհիշեն քրիստոնյաների այս զանգվածային բնաջնջումը, որն իրականացվում է Թուրքիայում»(Qnarik Vardanyan «Henry Morgenthau and the Armenians»):
94 տարի հետո ԱՄՆ մեկ այլ պետական գործիչ՝ ԱՄՆ նոր նախագահ Բարակ Օբաման ապրիլի 5-ին Թուրքիայի խորհրդարանի իր ելույթում ընդգծեց. «Չթոթափված պատմական բեռը ծանր է: Յուրաքանչյուր երկիր պարտավոր է ընդունել անցյալը, դա է տալիս ավելի լավ ապագայի հույսը»: Օբամայի այս հայտարարությունը սակայն հստակություն չմտցրեց նորահայտ առեղծվածում՝ կճանաչի՞, արդյոք, Օբաման Հայոց ցեղասպանությունը, ինչպես խոստացել էր ընտրարշավի ընթացքում ամերիկահայ ընտրողներին: Թուրքիայում կայացած ճեպազրույցից այն տպավորությունն էր առաջանում, թե ԱՄՆ նախագահն ինքն էլ չգիտի կարտասանի՞, արդյոք, Ցեղասպանություն բառը: Օբաման հավանաբար դեռ մտածում է՝ վստահ, որ ժամանակ ունի: Սակայն 14 օր հետո նա ստիպված է լինելու կամ պաշտպանել իր դիրքորոշումը, կամ հրաժարվել դրանից: Օբաման խիզախ գործիչ է եւ գիտե, որ պատմության բարդ էջը փակելու համար նախ պետք է կարդալ այն: Բացի այդ: Նա երիտասարդ է, նախագահի 2-րդ ժամկետի հստակ հավակնորդ, եւ հազիվ թե փորձի զրկվել ամերիկահայերի աջակցությունից: Ինչ վերաբերում է իր հայտարարությամբ հայ-թուրքական հարաբերություններին չվնասելուն, ապա այդ հայտարարությունը կարող է մեղմել հայերի ցավը եւ թուլացնել թուրքական քաղաքականության պրկվածությունը: Սակայն թե մենք եւ թե թուրքերը հայտնվել ենք կախարդական շրջանում՝ դառնալով այդ հայտարարության գերին: Մինչդեռ հարկ է, որ Օբաման արդեն իսկ հայտարարած լիներ, որ Մ. Նահանգները գերադասում է գործ ունենալ ժողովրդավարական ազատությունները, մարդու իրավունքները, օրինականությունն ու արդարությունը հարգող խոհեմ երկրի հետ, որտեղից ՀՀ քաղաքացիները չեն հեռանում: Այդպիսի Հայաստանը կարող էր իրավահավասար եւ արժանապատիվ գործընկեր լինել միջազգային հարաբերություններում: Եվ ամերիկահայերը Օբամայի վարչակազմի վրա ճնշում պիտի գործադրեին ոչ միայն անցյալի, այլեւ ներկայի համար: Ինչ վերաբերում է Ցեղասպանության շուրջ Օբամայի դիրքորոշմանը, դա ոչ նրա «անձնական տեսակետն է», ինչպես ինքն է կարծում, ոչ էլ ԱՄՆ նոր վարչակազմի: Դա դրոշմված է Մ. Նահանգների պատմության մեջ:
Այնպես որ՝ «Don’t worry, be happy»: Մի անհանգստացիր, երջանիկ եղիր: Եթե կարող ես:
4.
I turn my head to the East, I see nobody by my side
I turn my head to the West, still nobody in sight.
So I turn my head to the North
The old me is dead and gone, but that new me will be all right.
Ես շրջում եմ գլուխս դեպի Արեւելք, իմ կողքին ոչ ոքի չեմ տեսնում,
Ես շրջում եմ գլուխս դեպի Արեւմուտք, նորից ոչ ոք չկա տեսադաշտում,
Ես շրջում եմ գլուխս դեպի Հյուսիս,
Հինս մեռած է եւ կորած, բայց նորը լավ կլինի:
ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի՝ Թուրքիա կատարած այցին զուգահեռ «Ասոշիեյթըդ պրես» գործակալությունը մի արտասովոր լուր տարածեց. ԱՄՆ Միսսուրի նահանգի Ուինֆիլդ քաղաքում բնակիչները ապրիլի 7-ին քաղաքապետի պաշտոնում քվեների 90 տոկոսով ընտրել են մահացածի: Թեկնածուն սրտի կաթվածից մահացել էր շուրջ մեկ ամիս առաջ՝ մարտի 11-ին: Խնդիրն այն է, որ նահանգային օրենսդրությամբ այդ պահին արդեն արգելվում էր հանել նրա անունը քվեաթերթիկից: Իրավիճակի արտասովորությունը մեծանում էր այն պատճառով, որ ընտրողները տեղյակ լինելով հանդերձ նրա մահվան մասին՝ այնուամենայնիվ ընտրել էին մահացածին: Գործակալությունը հիշեցնում է, որ 2000թ. նույն նահանգը սենատոր էր ընտրել դեմոկրատ թեկնածուի, որն ավիավթարից զոհվել էր մինչեւ ընտրությունները:
Հայ-թուրքական, ավելի ճշգրիտ՝ ամերիկաթուրքական հարաբերությունների վերջին զարգացումների կորագիծը այն տպավորությունն է թողնում, թե Հայաստանը հայտնվել է Միսսուրի նահանգի բնակիչների վիճակում՝ նա գնում է թաղման թափորի ետեւից՝ փախչելու համար իրականությունից: Եթե առօրյա կյանքում անհուսությունը կարելի է հաղթահարել այսօրինակ զգայացունց վարքագծով, ապա քաղաքական գործընթացներում անհուսության հաղթահարման ուղին բնավ խեղճությունը չէ: Մինչդեռ հենց այդպիսին էլ պաշտոնական Երեւանը Թուրքիայում «Քաղաքակրթությունների դաշինքում», ավելի որոշակի՝ Օբամայի եւ Գյուլի հանդիպմանը ներկայացնում էր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Շփոթահար, կծկված ՀՀ արտգործնախարարին կարծես լքել էր բարձրաստիճան դիվանագետի չգրված սկզբունքը՝ երբեք չմատնել ներքին շփոթվածությունը, անգամ՝ խռովքը: Այդպես էլ կծկված, շփոթահար Երեւանը մասնակցում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ութամսյա բարդ գործընթացին, որը մերթ ընթանում էր Մոսկվայի, մերթ Վաշինգտոնի հովանու ներքո: Երեւանը չգիտե՝ ո՞ւմ հետ գնալ, ո՞ւմ ընտրել, ո՞ւմ հավատալ, ո՞ւմ հետ անկեղծանալ, ինչպե՞ս պահել իրեն: Եվ եթե Միսսուրի նահանգի բնակիչները գոնե գիտեին, որ ննջեցյալի են ընտրում, ապա Հայաստանը չգիտե, թե ո՞ւմ կամ ի՞նչ են հուղարկավորում՝ անցյա՞լը, ներկա՞ն, թե՞ ապագան: Երեւանը պարզապես քայլում է թափորի ետեւից:
5.
I Heard My Father Say:
«Every Generation Has It’s Way»”
Ես լսեցի հայրս ասաց.
«Ամեն սերունդ իր ուղին ունի»
22 տարի առաջ՝ 1987 թ. մայիսին, ԵՊՀ հայկական բանասիրական ֆակուլտետում պաշտպանում էի դիպլոմային աշխատանք, որի թեման՝ «Ազգային կեցության ուղիների որոնումները Վարդգես Պետրոսյանի «Դատարկ աթոռներ ծննդյան տոնին» («Կրակե շապիկ») վեպում, ալեկոծել էր ոչ միայն այդ ֆակուլտետը, այլեւ հայ մտավորականությանն ընդհանրապես: Գրքի եւ «Սովետական գրականություն» ամսագրի (որտեղ վեպը հրատարակվել էր) բազմաթիվ օրինակներն այրեցին գրողի տան մոտ: Մեկ տարի շարունակ ուսանողական իմ անհոգ կյանքը վերածվել էր իսկական գրական-հասարակական-քաղաքական ճակատամարտի թե ԵՊՀ-ի ներսում, թե նրանից դուրս: Ոմանք ինձ մարդկայնորեն խորհուրդ էին տալիս հրաժարվել այդ թեմայից: Հայ մտավորականությանը հատկապես վրդովել էր վեպի այն տեսարանը, երբ թուրք երիտասարդը գալիս է Հայաստան եւ այցելում Ցեղասպանության հուշարձանին: Նրանք անթույլատրելի էին համարում, որ թուրք ազգի որեւէ ներկայացուցիչ երբեւէ պետք է Հայաստան ոտք դնի: Վեպի առանձին տեսարանների, հատվածների, ձեւակերպումների («Ատելությունը ճանապարհ է դեպի Ոչմիտեղ», «Ես հասկանալ եմ ուզում մի թուրք տղայի, որն իմ հասակակիցն է, եւ որի հետ մենք պիտի ապրենք 21-րդ դարում» եւ այլն) պատճառով Վ. Պետրոսյանին հանրային անարգման ենթարկեցին: Դիպլոմային աշխատանքիս պաշտպանությունն անցավ նույնքան թեժ, որքան դրան նախորդող ողջ տարին: Այն ժամանակ հավանաբար չէի գիտակցում, որ ես ոչ միայն գրական ստեղծագործություն, այլեւ քաղաքական ծրագիր էի պաշտպանում, երբ գրում էի. «Վարդգես Պետրոսյանը հայ-թուրքական հարաբերությունները ոչ թե վերականգնելու, այլ վերանայելու փորձ է անում: Այդ բոլոր հարցերին պատասխանելը ոչ նրա նպատակն է, ոչ էլ ցանկությունը, որովհետեւ ազգային բախտի կնճռոտ հարցերին պատասխանելը վեր է մի մարդու, անգամ՝ գրողի կարողություններից», «Արամի կերպարի միջոցով առաջ բերված Պետրոսյանի հարցադրումը «Եվ իմ չծնված որդին արդեն թշնամի՞ է նրա (Էնիս- բեյի) չծնված զավակին, իրատես լինելու ցանկությունից է, եւ պատասխան չունի այդ հարցադրումը»:
Տարիներ առաջ, երբ մի քանի թուրք խմբագիրների պատմեցի այս պատմությունը, նրանցից մեկն անսպասելիորեն բացեց պայուսակը եւ սկսեց արագ-արագ ինչ-որ բան փնտրել: Ապա հանեց եւ սեղանին դնելով երկու ձայներիզ, ասաց. «Թուրքերեն երգերն են, ժամանակ ունենաք, լսեք»: Ես դրանք այդպես էլ չլսեցի, հետագայում ընդհանրապես մոռանալով դրանց գոյության մասին: Այնպես, ինչպես շարունակ չենք լսել իրատեսության եւ ողջամտության դասերը՝ այրելով այդ դասագրքերը:
Անցյալ տարվա հոկտեմբերին, երբ Թուրքիայի նախագահը ժամանեց Հայաստան, վերհիշեցի դիպլոմային աշխատանքիս պաշտպանությունը եւ թուրք խմբագրի՝ հուզմունքով նվիրած ձայներիզները: Մնում է մեկ բարդ, բայց կարեւոր քայլ, որ Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունն այցելի Ցեղասպանության զոհերի հուշարձանին:
Վարդգես Պետրոսյանի հիշատակը պահանջում է, որ ներողություն հայցենք նրանից, քանի որ նա առաջիններից մեկն էր, որ նայել էր եւ տեսել, որ պատմության ճեպընթացի մեր տոմսը միակողանի է եւ հարկավոր է փոխել այն, հակառակ դեպքում մենք հավերժորեն կմնանք անցյալում՝ կորցնելով ներկան եւ չհասնելով ապագայի կայարանին:
6.
Classical dream
89 տարի առաջ՝ 1920 թ. հոկտեմբերին անդրադառնալով հայ ժողովրդի քաղաքական ձգտումներին՝ Նիկողայոս Ադոնցը գրում էր. «Ներկա ժամանակներում ոչ մի պետություն չի կարող մեկուսացված ապրել: Պետության ծաղկումը որոշվում է այն միջոցներով, որոնց նա տիրում է արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու համար, ավելին՝ համաշխարհային տնտեսության հորձանուտի մեջ ներգրավված լինելով: Սրանից է կախված պետությունների կենսունակությունը, նրանց քաղաքական եւ մշակութային արժեքը: Հետեւաբար, եթե միայն ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը ազգային բաղձանքների ժամանակավոր բավարարման հրավառության ցուցադրում չէ, նա պետք է այնպիսի ձեւեր ընդունի, որոնք կարողանան երաշխավորել պետության անկախ գոյությունը: Հայաստանը կարիք ունի ոչ միայն աշխարհագրականորեն կլորացված սահմանների, այլեւ մշակութային դրացիության: Այն սահմանն է առավել կարեւոր, որը ելք է բացում լեռնային կիրճից դեպի քաղաքակիրթ աշխարհ» (Նիկողայոս Ադոնց «Հայկական հարցի լուծման շուրջ», Եր.1986):