Ջրին սպասելով՝ աչքները ջուր է կտրել
Ջողազի ջրամբարի ջրերով Նոյեմբերյանի տարածաշրջանում նախկինում ոռոգվող հազարավոր հեկտար հողերը հայ-ադրբեջանական հակամարտության սկսվելուց հետո դարձան անջրդի, քանզի ոռոգման խողովակաշարը ձգվում էր ադրբեջանական տարածքով: Արդեն 18 տարի Ոսկեւանի ենթաշրջանի հողերը չեն ոռոգվում: 2006-ին ԻՖԱԴ կազմակերպության 2.9 միլիոն դոլար ֆինանսավորմամբ սկսվեց Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեւան-Կոթի 37 կմ (ճյուղավորումներով հանդերձ) ինքնահոս ջրագծի կառուցումը: Նոյեմբերյանի սարերից, Ոսկեպար գետից սկիզբ առնող ջրատարը պետք է սահմանամերձ Կոթի, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեւան գյուղերում ոռոգելի դարձնի շուրջ 1100 հեկտար հողատարածություն: Ոսկեպարում ոռոգելի կդառնա 500, Կոթիում՝ 380, Ոսկեւանում՝ 100 հա, Բաղանիսում՝ 70 հեկտար: Այս ծրագիրը ի սկզբանե նախատեսված էր ավարտել 2008թ. հուլիսին: Հետո որոշվեց ջրագիծը գործարկել նույն տարվա նոյեմբերին:
Շինարարության ընթացքում հարկ եղավ փոխել նաեւ նախագիծը, քանզի շինարարության մի հատվածում կառուցողները կարծր ապարների էին հանդիպել: Նախկին նախագծով խողովակաշարը պետք է ձգվեր Ոսկեպար գետի հունի երկայնքով, նոր նախագծով ջրատարն ավելի բարձրադիր տեղանքով է անցնում: Ջրատարի շինարարությունը իրականացնում էին 3 կազմակերպություններ՝ «Գրիար» ընկերությունը՝ Գրիգորի Հարությունյանի ղեկավարությամբ, «Ասկա» կազմակերպությունը (ղեկավար՝ Սուրիկ Պողոսյան) եւ էջմիածինցի գործարար, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (ով հանրությանը առավել հայտնի է «Ճոյտ» մականունով) կողմից փաստացի ղեկավարվող շինարարական կազմակերպությունը: Ջրագծի շինարարությունը իրականացնող առաջին երկու ընկերությունները հիմնականում կատարել են իրենց գործը:
Վիճակն այլ է Հակոբ Հակոբյանի շինարարական կազմակերպությանը հանձնված հատվածում: Այս 11 կմ-ոց հատվածից խողովակաշարի համար անցուղի է փորված միայն 7 կմ-ում, իսկ խողովակաշարն անցկացված է միայն 2 կմ հատվածում: Իսկ 2 կմ էլ լեռնային, դժվարամատչելի տեղանքում է, ուր պետք է պայթեցումներ արվեն: Այս ընկերությունը, չունենալով սեփական հզոր տեխնիկա, անցյալ տարի ստիպված էր «Կամացու» տրակտոր վարձակալել Իջեւանի շինարարական մի կազմակերպությունից: «Կամացուն» աշխատեցնող տրակտորիստի հետ օրական վարձատրության հարցում համաձայնության չէին եկել, եւ վերջինս թողել էր գործը: Ի հավելումն, մրցույթը շահելուց հետո Հակոբ Հակոբյանը խնդիրներ ունեցավ Հայաստանի բարձրաստիճան իշխանավորների եւ օրենքի հետ եւ բավական ուշ սկսեց զբաղվել ոռոգման ջրատարով: Սկզբում նա ոչ պաշտոնական, բանավոր պայմանավորվածություն էր ձեռք բերել «Ասկա» կազմակերպության հետ՝ որպեսզի վերջինս կառուցի նաեւ իր կազմակերպությանը տրված հատվածը: Ինչ-ինչ խնդիրների պատճառով պայմանավորվածությունը խախտվել էր: Իբր դա քիչ է, ծագել էին հավելյալ խնդիրներ: Նախագծի փոփոխումով ջրագծի երկարությունը ավելացել է, ինչի հետեւանքով լրացուցիչ ֆինանսավորում է պահանջվում: Ջրագծի շինարարության վերահսկողությունն իրականացնող Սմբատ Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կառույցի շինարարությունը ներկայումս սառեցված է, ֆինանսավորման առումով անորոշ վիճակ է:
Ոսկեւան գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում անհանգստություն հայտնեցին, որ գյուղի տարածքում ոռոգման ցանցը հին խողովակներով է կառուցվել՝ «կարկատաններով» եւ հին խողովակները բարձր ճնշմանը չեն դիմանա: Ոսկեւանի սահմանագծին թափված են այս ջրագծի բավական մաշված, ժանգոտ մեծ խողովակներ: Սմբատ Գասպարյանին հարցրի, թե ինչո՞ւ նոր ջրագծում հին խողովակներ են օգտագործվում: Նրա պարզաբանմամբ, շինարարության ծրագրի սահմանափակ բյուջեն է պատճառը՝ նոր խողովակներ հնարավոր չէր գնել: Բայց այստեղ էլ հարցեր են ծագում: Արդյո՞ք այս ջրագծի շինարարության մեջ օգտագործվող յուրաքանչյուր խողովակ համապատասխան փորձաքննության ենթարկվել է, որքանո՞վ է վստահելի փորձաքննության վերաբերյալ փաստաթուղթ տրամադրած կազմակերպությունը, արդյո՞ք վերջինս իսկապես կատարել է խողովակների ստուգում: Ե՞րբ է վերսկսվելու ինքնահոս ջրագծի շինարարությունը, ֆինանսական ճգնաժամը որքանո՞վ կազդի ռազմավարական նշանակություն ունեցող այս ծրագրի իրականացման վրա:
Խորհրդային իշխանության մայրամուտին՝ 1991 թվականին, Նոյեմբերյանի Կարմիրգյուղ սարում ինքնահոս ջրագծի շինարարության համար արդեն հիմքեր էին նախապատրաստված, կենտրոնացված էր մեծ տեխնիկա: Նախատեսվում էր այստեղ կառուցել արհեստական ջրամբար, որից ինքնահոս եղանակով մատակարարվող ջուրը կբավարարեր Նոյեմբերյանի ողջ տարածաշրջանի խմելու եւ ոռոգման ջրի կարիքները: ԽՍՀՄ-ը փլուզվեց, եղած ռեսուրսները փոշիացան, սարքին վիճակում գտնվող հզոր տրակտորներն էլ, որպես մետաղի ջարդոն, թալանվեցին՝ տաքացնելով ոմանց գրպանը:
2006-ին մեկնարկած ինքնահոս ջրագծի թողունակությունը խորհրդային նախագծի համեմատ փոքր է, որովհետեւ ջրամբար չի կառուցվել, ջուրը վերցվում է հենց գետի հունից: Հին խողովակներն էլ երաշխիք չեն տալիս, որ կառուցումից հետո այն տարբեր հատվածներում շարքից դուրս չի գա: Սահմանագոտու բնակիչները Հայաստանի անկախացումից, Ջողազի ջրամբարից սնվող ջրագծի անգործության մատնվելուց հետո, արդեն 18 տարի աչքները ջուր կտրած՝ սպասում են ինքնահոս այս ջրատարի գործարկմանը: Արդեն 18 տարի մեր սառնորակ ջրերը ոռոգում են հարեւան Ադրբեջանի դաշտերը: Թուրքիան իր հարեւանների՝ Սիրիայի եւ Իրաքի վրա ճնշում գործադրելու համար ավանդաբար օգտագործում է իր տարածքում սկիզբ առնող գետերի հոսքի վերահսկողությունը, իսկ մենք դեռ «հեծանիվ ենք հորինում»: Ու մեր լեռների անապակ ու մեծ արժեք ունեցող ջուրը առայժմ միայն Ղազախի շրջանի ադրբեջանցիներն են վայելում:
Հ. Գ. Վերնագիրը վերցված է հայկական էկոլոգիական կազմակերպությունների ստեղծած ֆիլմից: Հենց այս վերնագրով ֆիլմում հեղինակները պատմում են, թե ինչքան սխալ ու անտնտես են վարվում մեր ջրային պաշարների հետ: