282 հազար եվրո` Չեչնիայի բողոքի համար
Ռուսաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տանուլ է տվել 2001-2003 թթ. Չեչնիայի 4 բնակիչների անհետացման գործը, որի համար պետք է վճարի 282 հազար եվրո: Ըստ «Կոմերսանտի», տուժողները հավատացրել են, որ իրենց հարազատներն անհետացել են ռուսական զինվորականների կողմից ձերբակալվելուց հետո: Հայցվորները մի քանի անգամ դիմել են Ռուսաստանի դատական ատյաններին, սակայն դատարանները չեն կարողացել ինչպես հարկն է քննել իրենց հարազատների անհետացման հանգամանքները: Ստրասբուրգի դատարանի պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ պետությունը դատարանին չի տրամադրել պահանջվող նյութերը, ինչպես նաեւ՝ համոզիչ բացատրություններ Չեչնիայի քաղաքացիների անհետացման եւ նրանց ձերբակալման հիմքերի մասին: Համաձայն դատարանի որոշման, Ռուսաստանը պետք է տուժողներին վճարի 211 հազար եվրո՝ բարոյական վնասի, 50,4 հազար եվրո՝ նյութական եւ 20,8 հազար եվրո՝ դատական ծախսերը հոգալու համար:
ՄԱՅՐԸ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ ԵԴ-ԻՑ
Մոլդովացի բիզնեսմեն Գաբրիել Ստատիի մայրը դիմել է Եվրոպական դատարան: Նրա որդուն Մոլդովայի իշխանությունները մեղադրել են Քիշնեւում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Բիզնեսմենի մայրը ԵԴ-ից խնդրել է թույլ չտալ իր տղայի տեղափոխումը Ուկրաինայից Մոլդովա:
Գաբրիելի մայրը՝ Լարիսա Ստատին իր դիմումի մեջ ասում է, որ այնտեղ իր տղան կարող է ենթարկվել «անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների»: Երկու օր առաջ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը սկսել է Մոլդովայի 2 քաղաքացիների գործի քննությունը, որոնք մեղադրվում են Քիշնեւում զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ: Խոսքը Գաբրիել Ստատիի եւ Աուրեն Մարինեսկու մասին է. ապրիլի 9-ին Օդեսայի օդանավակայանում նրանց ձերբակալել են ոստիկանության աշխատակիցները, իսկ Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ հետախուզման մեջ գտնվող Ստատին եւ Մարինեսկուն կասկածվում են իշխանությունը զավթելու կամ յուրացնելու փորձի մեջ:
Ա. Գ.
ՀԱՅԸ ՇԱՀԵՑ 100 ՄԼՆ ՌՈՒԲԼԻ
Ռուսական աղբյուրների համաձայն, ՌԴ-ում մասսայականություն վայելող թՏրսՏՑՏ խաղարկության ժամանակ հայ գործարար Ալբերտ Բեգրակյանը գուշակել է 45 թվերից 6-ը եւ շահել jackpot՝ 100 միլիոն ռուբլի եւ եւս 118 հազար ռուբլի: Ալբերտը նշել է, որ սիրում է խաղալ լոտո դեռեւս խորհրդային ժամանակներից։ «Մի անգամ նույնիսկ 120 ռուբլի եմ շահել։ Այդ ժամանակ ինձ մոտ հատուկ համակարգ էր մշակված՝ հաշվում եւ բազմապատկում էի։ Իսկ այժմ խաղում եմ՝ միայն Աստծո օգնությանը ապավինելով։ Հաջողությունն ինձ ժպտաց, բայց ես այդ օրը չնայեցի հաղորդումը։ Եթե դիտեի, թե ինչպես են դուրս գալիս թվերը, ապա սրտի կաթված կստանայի։ Երբ ես իմացա, որ շահել եմ, նիհարեցի 6 կիլոգրամով»,- հայտարարել է բախտավոր հայը։