Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՌԵԼ ԷՐ ՏԱԲԱՏԸ, ՊՈԿԵԼ ԳՈՏԻՆ

Ապրիլ 17,2009 00:00

\"\"«Սուտ մատնության» դիմեց

ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններից մեկում օրեր առաջ լսվեց աղմկահարույց մի գործ, որի նիստերը երբեմն ընթացան դռնփակ դահլիճում: Քրեական գործը, որը հարուցվել էր մարմնավաճառությամբ զբաղվող հայտնի անձնավորության նկատմամբ, ներկայացնում եմ ամբողջությամբ, նախապես փոխելով միայն հերոսների անուն-ազգանունները: Ակնկալում եմ, որ «Առավոտի» որեւէ ընթերցող չի մեղադրի տողերիս հեղինակին՝ խիստ անձնական կյանքի մանրամասները ներկայացնելու նպատակով հերոսների տվյալները չհրապարակելու համար:

2 երեխաների մայր Ծաղիկ Հովհաննիսյանն անցյալ տարվա օգոստոսի 8-ին ներկայացավ ոստիկանության կենտրոնականի բաժին: Նրա տաբատը եւ վարտիքը պատռված էին, գոտին՝ պոկված: Նա ոստիկաններին հայտնեց, որ իրեն մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկում անծանոթ քաղաքացին, տուն ուղեկցելու պատրվակով, «Մերսեդես» ավտոմեքենայով առեւանգել է եւ տարել «Աստորիա» հյուրանոց: Անծանոթը՝ Վաղինակ Պետիկյանը, ըստ երկու երեխաների մոր, փորձել է իրեն բռնաբարել, ապա բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը: Ոստիկանությունում սկսվեց քննություն:

Քննության ժամանակ պարզվեց, որ հաղորդում տվողը մարմնավաճառ է: Իրականում նրան Շահումյանի անվան դպրոցի մոտակայքում մոտեցել է «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդը՝ Վաղինակ Պետիկյանը, որն առաջարկել է միասին զվարճանալ: Պայմանավորվել են գնի շուրջ՝ 20 000 դրամ: Գնացել են «Աստորիա», նկուղային հարկի առանձնասենյակ: Սակայն ակնհայտ լավ տրամադրության մեջ գտնվող Ծաղիկն առաջարկել է ավելի հարմարավետ սենյակ՝ վերեւի հարկում: Հենց այդ ժամանակ էլ տեղի է ունեցել անհավատալին: Վաղինակ Պետիկյանը ստիպված զանգել է ընկերոջը, որպեսզի իրեն լրացուցիչ 30 000 դրամ գումար հասցնի:

Ընկերը գումարը հասցրեց ու տեսավ… իր սանիկին՝ Ծաղիկին: Վաղինակին գումար հասցնողը Ծաղիկի ամուսնու կնքահայրն էր եւ միաժամանակ՝ դրկից հարեւանը: Վերջինս այնքան զայրացավ, որ որպես տեսածի ապացույց, իր հետ վերցրեց հարեւանուհու հեռախոսը: Իհարկե, մինչ այդ հասցրել էր սանիկին հեռախոսով նկարել:

Ծաղիկը, երբ դուրս էր գալիս հյուրանոցից, համոզված էր, որ կնքահայրն ամեն ինչ ջրի երես կհանի, եւ «իր ընտանիքը խայտառակ կանի»: «Ընտանիքիս պատիվը փրկելու համար հաջորդ օրը գնացի ոստիկանության բաժին»,- դատարանում ասաց Ծաղիկ Հովհաննիսյանը: Վերջինս այդ չարաբաստիկ գիշերը համարձակվեց ամուսնուն պատմել, որ Վաղինակ Պետիկյանը, ներկայանալով որպես իրենց կնքահոր ընկեր, իրեն խաբեությամբ տարել է հյուրանոց ու փորձել է բռնաբարել: Ամուսինը, ինչպես հնարավոր է սերիալներում, հավատաց եւ կնոջն ուղեկցեց ոստիկանություն:

Դատարանում Ծաղիկն ընդունեց, որ ինքը սուտ մատնություն է արել: Ավելի ծանր հոգեվիճակում էր հայտնվել կնքահայրը: Նա դատարանում հաստատեց, որ «լսել է, որ սանիկը զբաղվել է մարմնավաճառությամբ եւ շատերի հետ 20 000 դրամով առանց խաթարված ձեւերի սեռական հարաբերություններ է ունեցել»: Տուժող Վաղինակ Պետիկյանը ավելացրեց, որ երբ ընկերը գումարը բերեց ու տեսավ հարեւանուհուն, վերջինս, լռելու դիմաց առաջարկեց սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, ինչին շոկի մեջ հայտնված ընկերը նույնպես չի համաձայնել: Ի դեպ, հյուրանոցի մենեջերը ճանաչել է Ծաղիկին, որպես իրենց նախկին հաճախորդ: Դատարանը նրան դատապարտեց կես տարվա ազատազրկման:

Դատարանը որոշեց իրեղեն ապացույց ճանաչված տաբատը, վարտիքն ու գոտին վերադարձնել ամուսնուն: Անչափահաս երեխաների խնամքը դատարանի որոշմամբ հանձնվեց խաբված հորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել