Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքապետերը չարաշահել են

Ապրիլ 17,2009 00:00

Երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով Վերահսկիչ պալատի բացահատումներին, ասել է, որ մի շարք երեւույթներ արդեն իսկ օրինաչափություն են դարձել Հայաստանում. «Բացի նրանից, որ մենք պետք է բավականին խիստ գնահատականներ տանք այն պաշտոնատար անձանց, ովքեր թույլ են տալիս խախտումներ, նաեւ ակնհայտ է, որ անհրաժեշտություն կա համակարգային օրենսդրական որոշ փոփոխություններ իրականացնել, որոնք, կարծում ենք, կզսպեն այն ռիսկերը, որ այսօր դեռեւս առկա են: Առաջին հերթին խոսքն այն մասին է, որ հողերի սեփականաշնորհման ոլորտում համատարած են չարաշահումները: Համայնքներում տարրական կանոններ չեն պահպանվում, եւ Վերահսկիչ պալատի կողմից բացահայտված երեւույթները վկայում են այն մասին, որ մարդիկ շատ հաճախ համայնքային հողերն օտարում են ոչ թե համայնքի բյուջեն համալրելու, այլ անձնական նպատակներից ելնելով: Ցավոք, մենք արձանագրեցինք, որ այս երեւույթը միայն 1 կամ 2 մարզերի չի վերաբերում, համատարած բնույթ է կրում եւ պետք է նշեմ, որ Վերահսկիչ պալատում կատարված աշխատանքների արդյունքում մենք չենք կարողանում բացահայտել որեւէ մի համայնք, որտեղ այսպիսի երեւույթներ չեն արձանագրվում: Սա նշանակում է, որ մենք մի կողմից` պետք է ուժեղացնենք հսկողությունը, մյուս կողմից` խստացնենք խաղի կանոնները, օրենսդրական միջամտության անհրաժեշտություն կա: Նաեւ խողովակների խնդիրն է մտահոգում Վերահսկիչ պալատի մեր գործընկերներին, որովհետեւ այս խնդիրն էլ կարծես թե ունի համակարգային բնույթ եւ այստեղ էլ պետք է մենք լուծումներ տանք»: Նա ավելացրել է, որ նպատակահարմար է ստեղծել աշխատանքային խումբ՝ փոխվարչապետի գլխավորությամբ, ներառելով բոլոր շահագրգիռ նախարարություններին, Վերահսկիչ պալատի ներկայացուցիչների մասնակցությամբ, համապատասխան հայեցակարգ մշակելու համար, թե ինչպիսի օրենսդրական փոփոխություններ են այս փուլում անհրաժեշտ, որպեսզի այդ ռիսկերը հասցվեն նվազագույնի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել