Տնտեսական ճգնաժամի պայմաններում հնարավոր է, որ ներգնա տուրիզմն անկում ապրի: Երեկ «Հայելի» ակումբում նման կարծիք է հայտնել Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը: Նրա կանխատեսումներով, զբոսաշրջության հոսքը կնվազի մոտ 5-7%-ով: Ըստ ասոցիացիայի նախագահի, դրամի արժեւորումը դրական կանդրադառնա ներքին զբոսաշրջության վրա, քանի որ, Հ. Հակոբյանի կարծիքով՝ «Տեղական հյուրանոցները կարող ենք դիտարկել որպես ներքին արտադրողներ»:
Ի տարբերություն Հ. Հակոբյանի, ասուլիսին ներկա էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը պնդել է, որ 2009 թվականին զբոսաշրջության աճի տեմպերի անկում Հայաստանում չի լինի: Ավելին, նրա խոսքերով, չնայած ճգնաժամին՝ «ակնկալում ենք 1% աճ»: Մինչեւ 2008 թվականը զբոսաշրջության տեմպերի ամենամյա աճը միջինը տատանվել է 4-4,5%-ի սահմաններում. 2007 թվականին՝ 6% եւ ավելի, 2008-ին՝ 9,4%: Մ. Ապրեսյանի տվյալներով, 2008 թ. Հայաստան է այցելել 558 հազար զբոսաշրջիկ: