Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԱԲԿԻՐՈՒՄ» ԱՅԼԵՎՍ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾԻՑ ԱՎԵԼԻ ՀԻՎԱՆԴ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Ապրիլ 17,2009 00:00

\"\"Բժիշկները դա պատճառաբանում են պետպատվերի կրճատումով

«Արաբկիր» բժշկական կենտրոնում անցել են խիստ տնտեսումների: Այս բուժկենտրոնում նախկինի պես այլեւս անսահմանափակ թվով հիվանդներ չեն ընդունում: Եթե մոտ մեկ ամիս առաջ բժիշկները կարող էին նույնիսկ ոչ շտապ ու ստացիոնար բուժում պահանջող հիվանդներին ընդունել, այժմ ընդունում են միայն նույն համայնքի՝ ծայրահեղ վիճակում գտնվող ու նեղ պրոֆիլի հիվանդներին:

Օրերս «Առավոտին» դիմեց մի քաղաքացի, որի 6-ամյա երեխայի ինքնազգացողության վատթարանալու պատճառով կեսգիշերից հետո դիմել էր «Արաբկիր» բուժկենտրոն: Այնտեղ, ճիշտ է, ստուգել են երեխային, բայց չեն ընդունել. «Ուշ ժամ էր, շտապօգնություն չկանչեցի, միանգամից իմ մեքենայով երեխային տարա «Արաբկիր»: Երեխան տաքություն ուներ, աղիքները լավ չէին, մի խոսքով՝ վախեցած էինք ու շտապ տարանք Բաբլոյանի հիվանդանոց: Հերթապահ բժշկուհին զննեց երեխայիս ու ասաց, որ չի կարող պառկացնել, քանի որ տեղ չունեն: Խնդրեցի գոնե այդ գիշեր իրենց հսկողության տակ մնա, բայց էլի մերժեցին. իբր թե այլեւս պետպատվերը շատ սահմանափակ է: Երբ խնդրեցի գոնե վճարովի հիմունքներով ընդունել երեխային, բժշկուհին ասաց՝ միեւնույն է, չենք կարող»: «Արաբկիր» բուժկենտրոնի հերթապահ բժշկուհին մերժել է հիվանդին ընդունել, նաեւ այն պատճառով, որ այլեւս չեն կարող իրենց տարածքից դուրս հիվանդներին պետպատվերով սպասարկել, ինչի պատճառով քաղաքացին երեխային ստիպված տարել է մեկ այլ մանկական կլինիկա: Վերջերս «Առավոտին» էլի են դիմել քաղաքացիներ, որոնք եւս դժգոհում են, որ «Արաբկիր» բուժկենտրոնում հրաժարվել են սպասարկել իրենց երեխաներին, կրկին պատճառաբանելով, որ պետպատվերի քանակը կրճատվել է. «Հասկանում ենք, որ ճգնաժամ է, բայց փողերի խնայողություն են անում հենց երեխաների՞ հաշվին: Թող իրենց ծախսերը կրճատեն, ի՞նչ է, կառավարությունն այլ ոլորտից չէ՞ր կարող գումարներ խնայել, որ հիվանդանոցների պետպատվերներն է կրճատում»:

«Առավոտը» փորձեց պարզաբանել՝ արդյո՞ք պետպատվերի կրճատումներ են իրականացվել «Արաբկիր» բժշկական կենտրոնում: Մեզ հետ զրույցում բուժկենտրոնի բժշկական տնօրեն Սպարտակ Ղազարյանը վստահեցրեց, որ իրենց հիվանդանոցում պետպատվերի կրճատումներ չեն իրականացվել, պարզապես սկսել են կարգուկանոնով աշխատել եւ թույլատրվածից ավելի հիվանդ չընդունել, ինչպես նախկինում անում էին. «Մեր հիվանդանոցն ունի ընդամենը 200 մահճակալ: Այդ մահճակալների զգալի մասը նեղ մասնագիտացված պրոֆիլի հիվանդների համար են նախատեսված, որոնք, բացի մեր կլինիկայից, այլ կլինիկաներում չեն բուժվում: Դա մանկական ուրոլոգիան է, երիկամաբանության եւ էպիլեպսիալոգիայի բաժանմունքը: Մենք չենք կարող այդ պրոֆիլի հիվանդներին չընդունել, քանի որ այլ հիվանդանոցներում նման բաժանմունքներ չկան: Չենք կարող ազատ մահճակալներ չլինելու դեպքում ընդունել այն հիվանդներին, որոնք կարող են սպասարկվել նաեւ այլ հիվանդանոցներում ու նույնիսկ պոլիկլինիկաներում: Անթույլատրելի է՝ նեղ պրոֆիլի հիվանդի փոխարեն ընդունել թեթեւ ու ոչ շտապ բուժման կարիք ունեցողներին: Բացի այդ, մենք չենք կարող մեզ թույլ տալ քանակի հաշվին որակը գցել: Այսինքն՝ հիվանդին արագ դուրս գրել ու մեկ ուրիշին ընդունել: Նախ պետք է այդ սենյակը ախտահանել եւ այլն»: Ինչ վերաբերում է միայն տարածքի բնակիչներին սպասարկելու խնդրին, պարոն Ղազարյանը հաստատեց, որ, իսկապես, այսուհետեւ սպասարկելու են միայն Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչներին: Իսկ եթե լինեն շտապօգնության դեպքեր, եւ հիվանդն այլ համայնքից լինի, ապա չեն անտեսի եւ անպայման օգնություն ցույց կտան: Ս. Ղազարյանի խոսքերով, նախկինում, այո, բժիշկներն իրենց դիմած գրեթե բոլոր հիվանդներին ընդունում էին, ինչը մի շարք բաժիններում գերծանրաբեռնվածություն էր առաջացնում. «Դա կոպիտ խախտում էր: Բժիշկները հախուռն կերպով ընդունում էին, ու լուրջ խնդիրներ էին առաջանում: Բոլոր բաժնի վարիչներին ասված է, որ ամբողջ տարվա ընթացքում որքան հիվանդ են ընդունում՝ դա բաժանեն ամսվա ու շաբաթների վրա ու որքան ստացվում է, այդքան հիվանդ ընդունեն, որպեսզի գերծանրաբեռնվածություն չառաջանա»:

Պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ Կառլեն Անտոնյանն էլ «Առավոտին» վստահեցրեց, որ այս տարի էլ պահպանվել է պետպատվերի այն մակարդակը, որը նախատեսված է եղել նախորդ տարի: Այսինքն՝ պետպատվերի կրճատում չի եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել