ՆԺՈՒՅԳԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՄԲԸ
Ինչ լավ է, որ այս գարնանը ծիրանենին, կարծես թե, խուսափեց ցրտից. տարօրինակ մի ծառ, որն անընդհատ խաբվում է՝ ինչպես մեր ժողովուրդը պատմության եւ բանասիրության մեջ, ու գրեթե անկենդան թվացող ճյուղերի վրա փրփուրի նման բացվում են ամենաքնքուշ ծաղիկները թվացյալ աշխարհի: Եվ դո՛ւ, հայ տղամարդ, ծիրանի ծաղիկների ծփանքը աչքերիդ մեջ՝ որպես հարեւանի նորահարսի գեղեցկություն, մտնում ես տուն: Եվ որդիդ առանց բարձրաձայնելու ասում է՝ հայրիկս եկավ, մայրդ ու հայրդ ասում են՝ տղաս եկավ, Աստծուն փառք, կինդ մտածում է՝ ինչ լավ է, որ ամուսինս եկավ, ոչինչ, որ էլի ուշ է եկել: Եվ դո՛ւ, հայ տղամարդ, չնայած որ ծիրանի ծառ չունես քո այգում եւ, անկեղծ ասած, այգի էլ չունես, այնինչ, բոլոր ծիրանենիները, միեւնույն է, քոնն են, բայց դու, համենայնդեպս, հույս ունես, որ մի օր կունենաս քո ծիրանի ծառը, թեկուզ եւ միակը, ինչպես քո սերն է, ընտանիքդ է եւ ինչպես քո թախիծը հայտնիի, անհայտի ու հավերժականի հանդեպ: Եվ այդ զգացողությամբ մտնելով տուն՝ դո՛ւ, հայ տղամարդ, քանի որ դրսի առնչություններում արդեն անցել ես փորձությունները եւ միշտ կարողացել ես հենվել սեփական ողնաշարի եւ ողնաշարը պահող օղի վրա եւ հավատարիմ ես եղել քո ներքին սահմանադրությանը, դու արժանապատիվ ես մտնում տուն:
Շատ դժվար բան է տունը եւ տան պատիվը պահելը, առավել դժվար է հայրենիքն ու հայրենիքի պատվախնդրությունը պահելը, հատկապես, երբ քո երկիրն արդեն կարողանում է բացահայտել հակառակորդին, իսկ ճանաչելով հակառակորդին՝ ճանաչում ես նաեւ քեզ եւ հաստատում քո հնարավորությունները:
Ժամանակը թռնում, անցնում է շորորավարգ ձիու նման, եւ ոչ ոք չի կարող ատելությամբ կամ վախով կանգնեցնել վարգը ժամանակի: Եվ ես հիմա տխրում եմ բոլոր նրանց համար, որոնց թվում է, թե այսօր որտեղ տիրապետում են, վաղը նույնպես լինելու են: Այնինչ, աշխարհում կա մի պարզ ճշմարտություն՝ ի՞նչ արեցիր քո տան համար, ինչպե՞ս պահեցիր քո սերը, ինչպե՞ս մեծացրիր քո երեխաներին, ի՞նչ արեցիր քո երկրի համար, ինչպե՞ս ղեկավարեցիր քեզ հանձնվածը, եւ ինչո՞ւ քեզ հանկարծ թվաց, որ քեզ վստահվածը դու կարող ես ղեկավարել նժույգի ժամանակավոր թամբի վրայից, երբ որ երկրի առաջնորդը վաղուց հրաժարվել է թամբից եւ համընթաց քայլում է իր ժողովրդի հետ:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ