Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարարությունն ավարտել են, աղբի մասին՝ մոռացել

Ապրիլ 17,2009 00:00

Մայրաքաղաքի Պարոնյան փողոցում գտնվող թիվ 24 դպրոցի խաղահրապարակում մեծ քանակությամբ շինարարական աղբ է կուտակվել: Ամեն օր աղբի հարեւանությամբ խաղում են դպրոցի աշակերտներն ու հարակից բնակելի շենքերի երեխաները: Բացի այն, որ երեխաները անընդհատ խաղում են փոշու եւ կեղտի մեջ, այնտեղ առկա տարբեր շինանյութերն ու երկաթի կտորները կարող են վնաս պատճառել երեխաներին:

Թե ինչու թիվ 24 դպրոցի տնօրինությունը որեւէ քայլ չի ձեռնարկում աղբահանությունը կազմակերպելու համար, «Առավոտը» փորձեց պարզել դպրոցի նորանշանակ տնօրեն Աշոտ Ավետիսյանից: Նրա խոսքերով, դպրոցի ետնամասում տեղակայված դաշտում արդեն 5 ամիս է, ինչ նման վիճակ է տիրում. «Շինարարները խոստացել էին, որ աշխատանքներն ավարտելուց հետո կմաքրեն, սակայն չեն արել: Ես ընդամենը 15 օրվա տնօրեն եմ, որից 10 օրն այդ հարցով եմ զբաղվում»:

Դպրոցում շինարարական աշխատանքներ է կատարել «Էր կագն աստղ» ընկերությունը, որն էլ, ըստ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, պետք է շինաղբը մաքրեր, սակայն, ինչպես հավաստիացնում է Ա. Ավետիսյանը, ամեն օր իրենց ասել են՝ «այսօր կտանենք, վաղը կտանենք», ու առայժմ ոչ այսօրն է եկել, ոչ՝ վաղը: Նա տեղեկացրեց, որ այդ հարցով արդեն անգամ քաղաքապետն է զբաղվում եւ առաջիկա 3-4 օրվա ընթացքում այն կմաքրվի. «Դա հսկայական քանակություն է, որը դպրոցն իր միջոցներով չի կարող մաքրել, 10-12 մեքենա է պետք: Կենցաղային աղբ չկա, ուղղակի մեկ-մեկ տարածքի անբարեխիղճ բնակիչները փորձում են իրենց կենցաղային աղբը պարտակել»: Իսկ թե որն է պատճառը, որ դպրոցի նախկին տնօրենը չի զբաղվել շինաղբի մաքրման հարցով, պարոն Ավետիսյանն ասաց. «Ես այն ժամանակ փոխտնօրեն էի եւ գիտեմ՝ ինչ էր կատարվում: Ինչպես կարող էր չզբաղվել նախկին տնօրենը, երեւի նրա ասածը ականջի հետեւ են գցել: Մեր վերանորոգումը շարունակական է, առաջիկա 2 տարում էլ է շինարարություն արվելու, ես չէի ցանկանա, որ մենք գործ ունենայինք այդպիսի կազմակերպության հետ»: Նշենք, որ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները կատարվում են քաղաքաշինության նախարարության պատվերով: Ըստ թիվ 24 դպրոցի տնօրենի, շինաղբի մաքրման աշխատանքներով եւս պարտավոր է զբաղվել նույն նախարարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել