Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատասխան տվեք՝ իրացման գոտու «գենոցիդի» համար»

Ապրիլ 17,2009 00:00

\"\"Երեկ մայրաքաղաքի իրացման գոտու բնակիչները դարձյալ հավաքվել էին կառավարության շենքի առջեւ: Նրանք հույս ունեն, որ, ի վերջո, իրենց խնդիրները կլուծվեն եւ վարձով բնակվելու կամ փողոցում մնալու փոխարեն՝ պետության հատուկ կարիքների համար վերցված իրենց սեփական տների համար փոխհատուցում կստանան: «Սեփականության իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Վաչագան Հակոբյանը երեկ «Առավոտին» փոխանցեց, որ, իրենց տեղեկություններով, գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը իր «ռեյտինգը» բարձրացնելու համար որոշել է մի քանի բնակիչների հարցեր լուծել եւ նրանց նորմալ փոխհատուցում տրամադրել, սակայն փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը ամեն կերպ խոչընդոտում է:

Ըստ Վ. Հակոբյանի, Կ. Դավթյանը իրացման գոտու բնակիչների ցուցակի մեջ ավելացրել է մարդկանց անուններ, որոնք կամ արդեն փոխհատուցում են ստացել, կամ էլ ընդհանրապես կապ չունեն այդ գործընթացի հետ: Վ. Հակոբյանի կարծիքով, 35 հոգու փոխարեն ներկայումս այդ ցուցակում գրված է 51 հոգու անուն. «Խնդիրն այն է, որ Բեգլարյանը ասել է, թե մարդկանց անունները ներկայացնեն իրեն, եւ նա հնարավորության սահմաններում կօգնի տուժածներին: Դրանից հետո փոխքաղաքապետը մարդկանց անուններ է ավելացրել՝ նրան հասկացնելու համար, որ եթե սկսի մարդկանց օգնել, ապա օգնություն խնդրողները կավելանան»:

Բացի այդ, ըստ Վ. Հակոբյանի, ցուցարարներին ուզում են պառակտել, նրանց առանձին-առանձին կանչում են ու ասում, որ եթե հրաժարվեն ցույցերից՝ փոխհատուցում կստանան: Նրա խոսքերով. «Իրացման գոտու բնակիչները հաստատ որոշել են, որ մինչեւ վերջ միասին են պայքարելու եւ ամեն ինչ անելու են, որ քաղաքապետ ընտրվի այն մարդը, ով կատարված զանգվածային տեղահանումների եւ «գենոցիդի» մեղավորներին պատասխանատվության կենթարկի եւ իրենց երաշխիքներ կտրամադրի՝ փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել