Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻՆ

Ապրիլ 17,2009 00:00

Դրամի արժեզրկմամբ պայմանավորված՝ մարդիկ գերադասում են իրենց ավանդները պահել դոլարով, ինչի հետեւանքով էլ երկրում առաջացել է դոլարիզացիա, այլ կերպ ասած՝ երբ մարդիկ դրամի փոխարեն գործարք են կատարում դոլարով:

Հատկապես վերջին ամիսներին Հայաստանում կտրուկ բարձրացավ դոլարի պահանջարկը, ինչը պայմանավորված է հիմնականում դոլարի արժեւորմամբ եւ ազգային արժույթի նկատմամբ անվստահությամբ: Մի քանի ամսվա ընթացքում առեւտրային բանկերն իրենց պահուստների զգալի մասը դրամից փոխեցին դոլարի, քանի որ ազգային արժույթի շարունակական արժեզրկման հետեւանքով իրենք հսկայական վնասներ կկրեին: Նույն կերպ էլ բնակչության մեջ նկատվեց դրամը դոլարի փոխելու միտում: Արդյունքում, Կենտրոնական բանկն արձանագրեց, որ Հայաստանում դոլարիզացիան հասել է բավականին բարձր մակարդակի՝ ավանդների ավելի քան 70%-ն արտարժույթով է: Աշխարհի բոլոր երկրների կենտրոնական բանկերն էլ պայքարում են դոլարիզացիայի դեմ եւ իրենց երկրի քաղաքացիներին պարտադրում են գործարքները կատարել բացառապես ազգային դրամով, անգամ այդ պահանջին չենթարկվելու համար սահմանված են խոշոր չափի տուգանքներ:

«Կորպորատիվ կառավարման դպրոցի» վերլուծաբան Վահրամ Ղուշչյանի կարծիքով, Հայաստանում դոլարիզացիան բացասաբար է անդրադառնում ոչ միայն անապահով խավի վրա, այլեւ դրա հետեւանքով տուժում է ցանկացած քաղաքացի, որն իր եկամուտը ստանում է դրամով. «Երբ դոլարիզացիան ավելանում է, իսկ դրամը շարունակում է արժեզրկվել, մենք ավտոմատ կերպով գումար ենք կորցնում: Խնդիրն այն է, որ մեր եկամուտները դրամային են, իսկ եթե գործարքները կատարվում են դոլարով, մենք կսկսենք ավելի շատ վճարել: Հատկապես կտուժի աղքատ խավը կամ կենսաթոշակով ապրող բնակչությունը»: Իսկ այն, որ մեր երկրում առկա դոլարի ծավալները գերակշռում են դրամին, ըստ պարոն Ղուշչյանի, պատճառը հետեւյալն է. «Երբ 2008 թվականի հոկտեմբերից սկսած՝ Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտները պակասեցին, մեր երկրում փողի առաջարկը եւ պահանջարկը փոխվեց: Ավելի շատ պահանջարկ կար դոլարի, քան դրամի, որի հետեւանքով էլ նկատվեցին փոխարժեքային ճնշումներ: Ստեղծված իրավիճակում մարդիկ սկսեցին բանկերում ունեցած իրենց ավանդները փոխել դոլարի, մտածելով, որ դրամի կուրսը կարժեզրկվի եւ իրենք դրանից կտուժեն, այս պատճառով էլ դոլարիզացիայի մակարդակը երկրում բարձրացավ»: Ինչ վերաբերում է առեւտրային բանկերի կողմից վարկերի տրամադրմանը, ապա, Վ. Ղուշչյանի ներկայացմամբ. «Բանկերին չի թույլատրվում, օրինակ, միայն դոլարով վերցնել դեպոզիտներ կամ միայն դրամով տալ վարկեր, որովհետեւ կուրսի տատանումների ժամանակ բանկը կարող է ռիսկային գոտում հայտնվել: Այս պարագայում, երբ մեր քաղաքացիները նախընտրում են դոլարով դեպոզիտներ կատարել, բանկերը հայտնվում են ռիսկային իրավիճակում, որովհետեւ, երբ իրենք դոլարով դեպոզիտներ վերցնեն, ապա իրենց հարմար է նաեւ վարկը տրամադրել դոլարով: Բայց դոլարով տված վարկի ռիսկը շատ բարձր է, որովհետեւ հնարավոր է, որ կուրսի հետագա արժեզրկման հետեւանքով մարդիկ չկարողանան մարել իրենց վարկերը»: Վերլուծաբանի կարծիքով, երկրում դոլարիզացիան կպակասի այն ժամանակ, երբ նորից վերականգնվեն 2007 կամ 2008 թվականների տրանսֆերտների ծավալները, տեղի ունենա պահանջարկի փոփոխություն, եւ մարդիկ նորից հաճույքով դրամային ավանդներ ունենան, իսկ բանկերն էլ հաճույքով դրամով վարկեր տրամադրեն:

Տնտեսագիտական համալսարանի դասախոս Թաթուլ Մկրտչյանի հավաստմամբ էլ, Հայաստանում դոլարիզացիայի առաջացման պատճառը հետեւյալն է. «Հիմա մենք բոլորս էլ ուզում ենք դոլար պահել, որովհետեւ այն ավելի վստահելի է: Ներկայումս միտումը գնում է նրան, որ փոխարժեքը հետզհետե բարձրանում է: Եթե մարդը զգում է, որ ինչ-որ ապրանքի գինը բարձրանում է, ապա անկախ նրանից, դա քեզ այդ պահին պետք է, թե՝ ոչ, ձգտում է այն ձեռք բերել: Նույն բանն էլ հիմա կատարվում է դոլարի պարագայում: Այսինքն, ինքնըստինքյան տնտեսությունը դոլարիզացվում է, դոլարը ավելի վստահելի, կայուն եւ աճող արժեք է, եւ մարդիկ իրենց փողերը վերածում են դոլարի: Իսկ դոլարով վարկեր տալու կամ չտալու տրամաբանությունը այսպես է. եթե մարդիկ պետք է դոլարով վարկ վերցնեն եւ նույն կերպ էլ մարեն այդ վարկերը, ապա իրենք վերցրած գումարը պետք է դրամ դարձնեն, ծախսեն, որովհետեւ կա օրենք, որը թույլ չի տալիս արտարժույթով գործարքներ կատարել: Ստացվում է, որ ծախսելու են դրամը, բայց բանկին դոլար են փակելու, իսկ եթե դոլարի կուրսը անընդհատ բարձրանա, ապա մարդկանց վերցրած վարկերի գումարները կշատանան: Մի կողմից էլ ճգնաժամային իրավիճակը հանգեցրել է նրան, որ բանկերը, իրենց ապահովելու համար, տոկոսները բարձրացրել են, ակնհայտ ցուցանիշ է՝ մինչեւ ճգնաժամը սկսելը ոչ մի բանկ ավանդի համար 10%-ից ավելի չէր վճարում, հիմա արդեն՝ կա ամսական 11,5, նույնիսկ 12%»: Ըստ Թ. Մկրտչյանի, դոլարիզացիան անապահով խավի վրա կանդրադառնա այնքանով, որ նրանք չեն կարողանա սպառողական վարկեր ստանալ. «Չնայած, իմ խորին համոզմամբ, անապահով խավը այդքան էլ շատ չի դիմում վարկեր ստանալու համար, քանի որ, եթե մարդը անապահով է, առաջին խնդիրը հանապազօրյա կենսամինիմումը ապահովելն է: Եթե ընտանիքը ունի $100 ամսական եկամուտ, ապա չի մտածի կենցաղային տեխնիկա ձեռք բերելու համար»:

Նշենք նաեւ, որ կառավարությունն ԱԺ է ներկայացրել արտարժութային կարգավորմանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Ըստ այդ նախագծի, տնտեսավարողներին արգելվում է գործարք կատարել արտարժույթով: Այս արգելքը նախկինում եւս եղել է, սակայն ավելացվել է տուգանքի չափը: Այսպես, եթե նախկինում տնտեսվարողը դրամի փոխարեն առեւտուր էր անում արտարժույթվ, ապա առաջին անգամ տուգանվում էր նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի, իսկ երկրորդ անգամ՝ 200-ապատիկի չափով: Օրենքի ընդունումից հետո արդեն նման խախտում անելու դեպքում տնտեսվարողը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի, իսկ երկրորդ անգամ՝ 4000-ապատիկի չափով:

Իսկ եթե որեւէ մեկը համարձակվի խանութում գնանշում անել եւ ապրանք վաճառել դոլարով, ապա պատժվելու է ընդհուպ մինչեւ 4 մլն դրամով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել