Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ԿԱՐՈՂ Է ԽԶԵԼ ԿԱՊԵՐԸ

Ապրիլ 17,2009 00:00

ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը երեկ «7 օր» կայքէջին տված հարցազրույցում չի բացառել, որ Երեւանի ավագանիում տեղեր ունենալու դեպքում ՀՅԴ-ն կհամագործակցի նաեւ Հայ ազգային կոնգրեսի հետ. «Ավագանու ընտրություններում ՀՅԴ հաղթանակի դեպքում ընդդիմությանը վերապահվելու է վերահսկիչ գործառույթի ոլորտում էական դերակատարություն»։ Ըստ նրա՝ կարող են լինել համագործակցության նաեւ այլ ձեւաչափեր. «Մասնավորապես, նույն կառավարման ոլորտում կլինեն առաջարկներ՝ ներկայացնելու թեկնածուների, ովքեր արհեստավարժ են, անաչառ են եւ վայելում են հասարակության վստահությունը։ Ի վերջո, մայրաքաղաքը ոչ մեկի մենաշնորհը չի կարող լինել։ Անկախ նրանից, թե դա կլինի ընդդիմությո՞ւն, թե՞ կոալիցիոն որեւէ ուժ»:

Արծվիկ Մինասյանը չի համաձայնել, թե ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է ՀՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ՝ նշելով, թե դա համարում է «հասարակությանը բեւեռացնելու եւս մեկ քայլ. դրանով նորից կանգնում ենք մարտի 1-ի վտանգի առաջ»: Նա չի բացառել լարվածությունն ու բախումները՝ «Ավելին, մեծ հավանականություն եմ տեսնում, քանի որ թե՛ այն «սոցիոլոգիական հարցումները», եւ թե՛ մամուլի առանձին միջոցների կողմից բեւեռացմանն ուղղված գործողությունները, կարծես թե, թելադրվում են ինչ-որ մի կողմից, եւ հասարակությանը տարանջատվելու արհեստական լիցքեր են հաղորդում»։

Հարցազրույցի մի հատված ներկայացնենք առանց վերաշարադրանքի:

– Եթե պարզվի, որ ընտրակեղծիքներն աղաղակող չափերի են հասել՝ ՀՅԴ-ն այդ դեպքում ո՞ր դիրքերում է լինելու։

– Բնականաբար, ՀՅԴ-ն հանդես է գալու դատապարտելու դիրքերից, եւ չի բացառվում, որ գնա ծայրահեղ այլ քայլերի։

– Այսի՞նքն։

– Սկսած կոշտ հայտարարություններից՝ ավարտած կոնկրետ քայլերով, այդ թվում՝ խզելով կապերը բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք որ պարտավորվել էին արդար եւ ազնիվ ընտրություններ անցկացնել։

– Այսինքն՝ այդ դեպքում կոալիցիան կփլուզվի՞։

– Եթե խախտումներն այն չափերի լինեն, որ թույլ չտան արտացոլելու ընտրությունների իրական պատկերը՝ չի բացառվում նաեւ դա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել