Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենք իրենց տոնը հարամեցին

Ապրիլ 17,2009 00:00

Ոստիկաններին հանգիստ չեն տալիս «քաղաքական զբոսանքի» մասնակիցները

Երեկ հայրենի իրավապահները նշեցին իրենց մասնագիտական տոնը. ՀՀ ոստիկանությունը դարձավ 8 տարեկան: Բնականաբար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ եւ իր հրամանագրի համաձայն՝ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի եւ ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության, նաեւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար մեդալներով պարգեւատրեց ոստիկանության մի խումբ աշխատակիցների: ՀՀ նախագահը իր շնորհավորական խոսքում ասաց. «Իմ պահանջն էլ ձեզնից չի փոխվել: Ես մի անգամ արդեն նշել եմ. եթե հասարակությունը վստահում է իրավապահին, ապա, մեծ հաշվով, վստահում է եւ պետությանը: Դուք այն կառույցն եք, որ ամեն քայլափոխի շփվում է մարդկանց հետ: Դա ամենաբարդ աշխատանքներից մեկն է, որի արդյունքում է հիմնականում ձեւավորվում Հայաստանի քաղաքացու վստահությունը իրավապահ համակարգի ու պետության նկատմամբ»:

Թերեւս հենց այդ վստահությունը վայելելու համար էր, որ ոստիկաններն ու կարմիր բերետավորները երեկ հերթական անգամ քաշքշեցին-քշեցին Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» եկած քաղաքացիներին: Հյուսիսային պողոտան արդեն 9 օր է, ինչ փակ է մարդկանց համար, թեեւ երկրում արտակարգ դրություն չկա եւ չեղյալ համարված չեն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի կամ ազատորեն ժողովներ անելու իրավունքին վերաբերող դրույթները: Երեկ էլ ոստիկանները ոչ միայն թույլ չտվեցին մարդկանց մոտենալ պողոտային, այլեւ նրանց հետապնդեցին ու քշեցին նաեւ Կարապի լիճ, հետո՝ Մարտիրոս Սարյանի արձանի մոտից. «Ուր ուզում եք՝ գնացեք, ստեղ մի հավաքվեք»:

«Tert.am»-ի փոխանցմամբ, ոստիկանները խոչընդոտել են նաեւ լրագրողներին՝ իրենց մասնագիտական պարտքը կատարելու պահին: Նրանք մարդկանց քաշքշելու ընթացքում ձեռքի հետ խլել են նաեւ «Ժամանակ» թերթի թղթակցի ձայնագրիչն ու սպառնացել, որ կտանեն բաժին, հետո էլ լրագրողի ձայնագրիչը նետել են խոտերի մեջ: Ոստիկանները հանդարտվել են միայն այն ժամանակ, երբ ահազանգով դեպքի վայր են եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները: Ոստիկանների հանդեպ վստահության հենց այսպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիներից ոմանք նշեցին մեր իրավապահների տոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել