Պնդում է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական կենտրոնական շտաբի պետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր
Հարություն Փամբուկյանը:
– ՀՀԿ-ն արդեն իսկ Երեւանի տարբեր համայնքներում բացել է նախընտրական շտաբներ: «Երեւանի մասին» օրենքի նախագծի հեղինակն էլ պարզաբանեց, թե դա օրենքի խախտում չէ: Բայց այնուամենայնիվ՝ ո՞րն է դրա պատճառը, եթե քարոզարշավը սկսվելու է մայիսի 2-ից: Այլ թեկնածուների կողմից պնդումներ կան, թե նման շտաբները դառնում են նախընտրական պայմանավորվածությունների, կաշառք բաժանելու վայրեր:
– Բացարձա՛կ չկան նմանատիպ խնդիրներ: Նախընտրական շտաբները գտնվում են ձեւավորման փուլում, սկսվել են նախապատրաստական աշխատանքներ՝ քարոզչական խմբերի ձեւավորման: Դրանք պետք է որոշակի տեղեկատվություն ստանան կենտրոնական շտաբից, որպեսզի մայիսի 2-ից սկսեն իրենց քարոզչական աշխատանքները: Քարոզիչներին, որոնք ընտրվում են մեր կողմից, ծանոթացնում ենք այն աշխատանքներին, որոնք կատարվել են նախորդ 5 տարիների ընթացքում, ու Երեւանի 2009-2013 թվականների զարգացման ծրագրերին: Սա նաեւ ժամանակատար գործընթաց է:
Ինչ վերաբերում է նախընտրական պաստառներին՝ ասեմ, որ ես, որպես կենտրոնական շտաբի ղեկավար՝ մի քանի անգամ ճշտելուց հետո, թե օրենքի որեւէ խախտում չկա՝ նոր միայն հրահանգ տվեցի փակցնել այդ պաստառները:
– Դուք ավելի վաղ հայտնել էիք, թե կենտրոնական շտաբը խստիվ արգելել է որեւէ ստորագրահավաքի կազմակերպում, որը կառնչվի ընտրական գործընթացների հետ: Բայց այնուամենայնիվ՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն օրերս էլի վկայեց ցուցակներ հավաքելու մասին, ու նաեւ՝ «Տարբեր հաստատություններում սպառնալիքներ են արվում կամ խոստումներ են տրվում»: Ովքե՞ր են, ուրեմն, շարունակում հավաքագրել «100-տոկոսանոց ցուցակներում» մարդկանց անձնագրային տվյալները:
– Մեկ անգամ եւս հերքում եմ, թե դա անում է ՀՀԿ-ն: Նման հրահանգ տրված չէ, եւ ավելի՛ն՝ տրված է դրա ճիշտ հակառակ հրահանգը, որ չկատարվեն նման բաներ: Մեր ընդդիմախոսները հաճախ շեշտում են, որ սա շատ մեծ վնաս է հասցնում ՀՀԿ-ին ու մեր թեկնածուին: Ես նույնպես համարում եմ, թե դա վնաս է հասցնում մեր թեկնածուի իմիջին ու մեր կուսակցությանը: Եվ այդ պատճառով իսկապես խիստ հրահանգ եմ տվել չձեռնարկել նման քայլեր:
Մեջբերեցիք, թե սպառնալիքնե՜ր են արվում եւ այլն: Սպառնալիքով ցուցակագրված մարդը, ի՞նչ եք կարծում, ձայն կտա՞ մեզ: Ես գտնում եմ, որ ո՛չ: Եվ այստեղ որեւէ տրամաբանություն իսկապես չեմ տեսնում:
– Այսինքն՝ ստացվում է, որ սա ՀՀԿ շտաբի վերահսկողությունից դո՞ւրս գործընթաց է, քանի որ այնուամենայնիվ՝ այդ տվյալները հավաքվում են:
– Չեմ բացառում, որ սա նախ ինչ-որ ակտիվիստների ավելորդ ջանասիրության արդյունք լինի, իներցիա՝ նախորդ ընտրությունների հետ կապված: Եվ երկրորդ՝ չեմ բացառում, որ սա նաեւ այլ ուժերի կողմից կազմակերպվող ցուցակագրում է, ինչը, չգիտես ինչու, վերագրվում է միայն ՀՀԿ-ին:
– Ձեր մրցակիցների մեկ այլ փաստարկ է, թե ի՞նչ կարիք կար ընտրություններից առաջ ՀՀԿ ցուցակը գլխավորողին նշանակել Երեւանի քաղաքապետ, երբ առանց այդ էլ վարչական լծակները մեծ մասամբ ՀՀԿ-ի ձեռքում են, գրեթե բոլոր թաղապետերը ՀՀԿ-ականներ են: Ուրեմն, ինչո՞ւ էր պետք այս նշանակումը, արդյոք այսպիսով չխախտվե՞ց թեկնածուների միջեւ հավասարության սկզբունքը:
– Բացարձա՛կ չի խախտվում: Այս նշանակումը կատարվել է ՀՀ նախագահի կողմից՝ օրենքի տառին համապատասխան:
– Նախորդ ընտրություններում Երեւանում միշտ էլ ավելի շատ ձայներ է հավաքել ընդդիմությունը, եւ իշխանությունը պարտվել է: Նաեւ հրապարակվել է մի տվյալ ՀՀԿ ցուցակը գլխավորողի վերաբերյալ, որ նա մի քանի ամիս առաջ 22 հազար 369 ձայն էր հավաքել Կենտրոնում, այն պարագայում, երբ այդ համայնքում կա 90 հազարից ավելի ընտրող: Այս տվյալները Ձեզ համար մտահոգիչ չե՞ն:
– Բացարձակապե՛ս մտահոգիչ չեն: Այնպես չէ, որ իշխանության ներկայացուցիչները Երեւանում ընտրությունների ժամանակ միշտ պարտվել են՝ ես պարզապես հերքում եմ դա: Եղել են դեպքեր, բայց ոչ մշտապես: Եվ կա ճիշտ հակառակ արդյունքը՝ համայնքային ընտրություններում մեծ մասամբ հաղթել են իշխանության ներկայացուցիչները: Եվ այս ընտրությունները նույնպես տեղական ինքնակառավարման մարմինների, այսինքն՝ համայնքային ընտրություններ են:
– Այնուամենայնիվ, սրանք առավել քաղաքական ընտրություններ են, քանի որ դրանց մասնակցում են միայն կուսակցությունները:
– Որեւիցե նշանակություն չունի՝ քաղաքակա՞ն են, թե՞ քաղաքական չեն. վերջին հաշվով՝ սրանք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են: Ընտրվում է Երեւան համայնքի ավագանին եւ այնուհետեւ՝ քաղաքապետը: Եվ նորից եմ շեշտում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մեծ մասամբ հաղթել են իշխանության ներկայացուցիչները: Գուցե դա նաեւ իր բացատրությունն ունի, այն առումով, որ իշխանության ներկայացուցիչն այնուհետեւ իր գործունեությունը շարունակում է կառավարության հետ: Եվ կարծում եմ, որ նոր ընտրված քաղաքապետը լինելով իշխանության ներկայացուցիչ՝ ավելի հեշտությամբ կաշխատի կառավարության հետ, քան ընդդիմադիր դաշտից ընտրված քաղաքապետը:
– Վստահ եմ, որ ծանոթ եք «Երեւանի մասին» օրենքին, որով ավագանուն այնքան լիազորություններ են տրված, որ այն վերածվում է յուրօրինակ քաղաքային կառավարության: Այն բավական ավտոնոմ կարգավիճակ ունի եւ ՀՀ կառավարությանն այդքան ուղղակի ենթակայության տակ չէ:
– Ե՛վ այո, ե՛ւ ոչ: Քանի որ նոր օրենքով իսկապես մի շարք խնդիրներ անցել են Երեւան համայնքի ավագանու իրավասության ներքո, բայց մի շարք խնդիրներ էլ, բնականաբար, մնում են կառավարության տնօրինության ներքո: Այդ իսկ պատճառով՝ կարծում եմ, որ այստեղ կառուցողական համագործակցությունը շատ ավելի ճիշտ կլինի Երեւանի բնակիչների համար:
– Քաղաքական PR տեխնոլոգներից մեկն էր նշել, թե այնքան խոսվեց այս ընտրությունները չքաղաքականացնելու մասին, որ հիմա այնպիսի տպավորություն է, որ մայիսին մենք ընտրելու ենք ոչ թե Երեւանի քաղաքապետի, այլ Երեւանի գլխավոր հավաքարարի: Ուրեմն, արժե՞ այս ընտրությունները կարեւորել միայն համայնքային խնդիրների, մասնավորապես՝ աղբահանության խնդրի լուծման տեսանկյունից:
– Գլխավոր հավաքարար բնորոշումն ուղղակի որոշակի ԶԼՄ-ների հեգնանքի հետեւանքն էր: Բայց կարող եմ հստակ ասել, որ Երեւանի բնակիչների ջախջախիչ մեծամասնությունը քաղաքի ամենամեծ ու առաջնահերթ լուծվելիք խնդիրը համարում է աղբահանությունը:
Սկզբունքորեն՝ Երեւանի քաղաքապետի հիմնական խնդիրներն ու գործառույթները պայմանավորված են մայրաքաղաքում բնակիչների եւ հյուրերի բնակության համար հարմարավետ քաղաք ունենալու անհրաժեշտությամբ: Այսինքն՝ հիմնականում լուծվելու են կենցաղային խնդիրներ: Դրա՛նք են քաղաքապետի գործառույթները, եւ ինչքան էլ փորձեն քաղաքականացնել, միեւնույն է՝ օրենքի տառին եւ ոգուն չի համապատասխանելու: