Գոնե մոտ ապագայի համար կանխատեսում է փորձագետ Ստեփան Սաֆարյանը
Անցյալ տարի Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի՝ Հայաստան կատարած այցից հետո հաճախակի դարձան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, մոտ ապագայում հայ-թուրքական սահմանի բացման մասին ենթադրություններն ու վերլուծությունները: Դրանք ե՛ւ կես տարի առաջ, ե՛ւ այսօր սնվում են ոչ միայն «ֆուտբոլային դիվանագիտության» փաստից, այլեւ հայկական եւ թուրքական կառավարական շրջանակների միջեւ գաղտնի հանդիպումների մասին պարբերաբար շրջանառվող եւ երբեմն պաշտոնական հաստատում ստացող տեղեկություններից: Բնական է սպասել, որ ՍՏՀԿ երկրների ԱԳ նախարարների՝ երեկ Երեւանում տեղի ունեցած հանդիպումից հետո, որին մասնակցում էր նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, այդօրինակ քննարկումները էլ ավելի մեծ թափ կհավաքեն: Ակնհայտ է նաեւ, որ հայ-թուրքական հարաբերություններն ու այդ ուղղությամբ բանակցությունները, ուզում են ոմանք, թե՝ ոչ, պայմանավորված են ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ: Դա անուղղակիորեն հաստատել էր նաեւ Ս. Սարգսյանը, երբ ասում էր, թե հայ-թուրքական հարաբերությունների վատթարացման հետեւանքները չէ, որ մենք պետք է վերացնենք, այլ պատճառները, որոնց թվում նա մատնանշեց ԼՂ հիմնախնդիրը: Նույնը Երեւան գալու ճանապարհին պնդել է նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ա. Բաբաջանը՝ հայտարարելով, թե Թուրքիան ձգտում է հասնել Հայաստանի հետ հարաբերությունների լիակատար կարգավորման, բայցեւ հավելում, որ հայ-թուրքական բանակցությունները պետք է ընթանան ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցություններին զուգընթաց: Այդ նույն դիրքորոշումը Երեւանում հայտնեց նաեւ Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիեւը:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը եւս պնդում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն պայմանավորված է ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ, ինչը, նրա դիտարկմամբ, նշանակում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը ամենեւին էլ մոտ ապագայում լուծվելիք խնդիր չէ: «Հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված իմ ամենավաղ շրջանի լավատեսությունը գնալով վերածվում է շատ հիմնավոր հոռետեսության, եւ պատճառն առաջին հերթին կապված է այն օրակարգի հետ, որը քննարկում են Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները: Տպավորություն ունեմ, որ այդ օրակարգը առավելապես ծանրաբեռնված է հայ-ադրբեջանական խնդիրներով, քան՝ հայ-թուրքական պատմական եւ արդի բաժանարար հարցերով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ժամանակացույցը համաձայնեցված է ԼՂ հիմնախնդրին վերաբերող ժամանակացույցին: Իսկ եթե այն հիմնարար խնդիրները, որոնք առկա են հայկական եւ թուրքական կողմերի միջեւ, իրենց պատշաճ արտացոլումը չեն գտնում այդ օրակարգում, բնականաբար, հույսեր փայփայել, որ նման օրակարգով հնարավոր կլինի որեւէ լուրջ քայլ կատարել՝ չարդարացված լավատեսություն կլինի»,- ասաց Ստ. Սաֆարյանը:
Փորձագետը, իհարկե, հեռու էր այն մտքից, թե Թուրքիան հակված է տառապել հայ-ադրբեջանական վեճերի պատճառով, որովհետեւ նրա համար շատ ավելի կարեւոր է կարգավորել իր խնդիրները Հայաստանի հետ՝ կապված սահմանի բացման եւ Ցեղասպանության խնդիրների հետ: Այդուհանդերձ, Ստ. Սաֆարյանի համոզմամբ, Թուրքիան, որն ինքն է տարիներ առաջ Հայաստանի նկատմամբ վարած իր քաղաքականությամբ եւ ԼՂ խնդրի վերաբերյալ որդեգրած իր դիրքորոշումներով առավելապես նպաստել Ադրբեջանին «մայրություն» անելու ընկալմանը, հիմա չի կարող կտրուկ հրաժարվել իր այդ քաղաքականությունից: «Բայց մյուս կողմից՝ ՀՀ նախագահն ինքն է հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը տեղափոխել կամ թույլ է տվել տեղափոխել հայ-ադրբեջանական հարաբերությունների դաշտ՝ շրջանցելով Ցեղասպանության եւ մյուս խնդիրները: Նա, երեւի, համարել է, որ այդպես շատ ավելի հեշտ է: Արդյունքում հայ-թուրքական հարաբերությունները շատ ավելի են խճողված դարձել եւ մասամբ նաեւ՝ Հայաստանի համար ոչ շահեկան: Դատելով այս օրերին արվող հայտարարություններից՝ ակնհայտ է, որ այս պահի դրությամբ հիմնական բանավեճը ընթանում է հետեւյալ համատեքստում՝ հայ-թուրքական սահմանը բացվի ավելի՞ վաղ, քան Ադրբեջանն ու Հայաստանը կստորագրեն «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող շրջանակային փաստաթուղթը, թե՞ հետո: Իսկ նման խոսակցությունները չեմ կարծում, թե աջակցություն ստանան Հայաստանի հասարակության կողմից, քանի որ այդ դեպքում, ինչպես վկայում են Միջազգային ճգնաժամային խմբի հրապարակած զեկույցներն ու թուրք պաշտոնատարների հայտարարությունները, ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է Ցեղասպանության եւ ՀՀ պետական շահերի հաշվին արվող սակարկություններին: Այս իմաստով Ս. Սարգսյանի արած հայտարարությունը, թե՝ եթե անգամ Թուրքիան նախապայմաններ դնի եւ պրոցեսը տապալի, ապա Հայաստանը դուրս կգա ուժեղացած, նշանակում է՝ ՀՀ նախագահը նույնպես հասկանում է իր սկսած խաղի անփառունակ ավարտը»: