Հայ-թուրքական սահմանի բացման դիմաց Հայաստանը Թուրքիային պետք է առաջարկի դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Երեկ նման հայտարարություն է արել Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա համոզմամբ, դա հայկական կողմին ձեռնտու է, քանի որ Թուրքիայի համանախագահող դառնալու արդյունքում Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանում կթուլանան: Հարցին՝ ի՞նչ պետք է անի Թուրքիան Մինսկի խմբի կազմում, Ստ. Գրիգորյանը պատասխանել է. «Թուրքիան կարող է Ադրբեջանին համոզել, որ հակամարտությունները առանց փոխզիջումների չեն լուծվում»: Նա նաեւ խորհուրդ է տվել տարանջատել հայ-թուրքական հարաբերությունները եւ ղարաբաղյան հիմնախնդիրը: Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս պետք է Հայաստանը սահմանի բացումից հետո դիմագրավի թուրքական տնտեսական, մշակութային եւ քաղաքական հնարավոր էքսպանսիային, քաղաքագետը նշել է, որ չպետք է թերագնահատել հայ ձեռներեցների տաղանդն ու գործարար հմտությունները: «Ես համոզված եմ, որ սահմանի բացումից 5 տարի հետո Թուրքիայի կառավարությունը կընդունի օրենք, որով կձգտի Կարսի շուկան զերծ պահել հայ առեւտրականների ներխուժումից»,
– ասել է նա: