Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԾԱԽՍԵՐԸ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ԿՐՃԱՏԵԼ

Ապրիլ 16,2009 00:00

«Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը» երեկ հրապարակել է միջազգային գործարար զեկույցի վերջին տվյալները՝ մասնավոր հատվածի ընկերություններում բիզնեսի պլանավորման ժամանակային փուլերի վերաբերյալ: Հարցմանը մասնակից ընկերությունների 49%-ը նշել է, որ պլանավորումը կատարվում է 1-3 տարի ժամանակահատվածի համար: Նման պատասխան է տվել նաեւ Հայաստանում հարցված ընկերությունների 39%-ը: Նշենք, որ ցանկացած գործարար, բիզնեսի կազմակերպման ժամանակ, կազմում է որոշակի պլաններ, ասենք՝ կատարվելիք ծախսերի կամ ներդրումների աճի վերաբերյալ: Եվ, սովորաբար, բիզնեսմենների համար ապագան լինում է ավելի կանխատեսելի, եթե տնտեսության զարգացման տեմպերը կայուն են եւ մարդիկ կարողանում են իրենց բիզնեսի վերաբերյալ կանխատեսումներ անել:

Ըստ «Գրանթ Թորնթոնի», 1-3 տարի ժամանակահատվածում բիզնեսի պլանավորման ամենաբարձր ցուցանիշներ են գրանցվել Դանիայում՝ 64%, Նոր Զելանդիայում եւ Միացյալ Թագավորությունում՝ 64%, Հնդկաստանում եւ Հունաստանում՝ 59%: Երկարաժամկետ պլանավորման տեսանկյունից առանձնանում է Չինաստանը: Երեք տարին գերազանցող ժամանակահատվածով բիզնեսի պլանավորում են իրականացնում չինացի գործարարների՝ 44, իսկ հայ գործարարների՝ ընդամենը 22%-ը:

Հեռահար պլանավորում կատարել ցանկացող ընկերություններին «Գրանթ Թորնթոնը» խորհուրդ է տալիս մշակել չնախատեսված իրավիճակների պլան, որը հնարավորություն կտա ավելի հեշտ հարմարվել հանգամանքների փոփոխությանը, ուսումնասիրել մրցակիցների ուժեղ կողմերը եւ մտածել, թե ինչպես կարելի է օգտագործել թույլերը, բացի այդ, նպատակներին լավագույնս հասնելու համար կիրառել աշխատակիցների վարձատրության եւ խրախուսման մեխանիզմները: Ըստ զեկույցի, բիզնեսի շահութաբերությանն ամենից առավել նպաստող նախաձեռնության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ 7.200 մասնավոր ընկերությունների 20%-ը նշել է նորարարությունը, 18%-ը՝ ծախսերի կրճատումը, իսկ 13%-ը՝ գնագոյացման ռազմավարությունը: Այս ցուցանիշները գրեթե համընկնում են Հայաստանի գործարարների կարծիքների հետ, բացառությամբ՝ ծախսերի կրճատմանը, որը հաջող նախաձեռնություն է համարել միայն հարցված ընկերությունների 7%-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել