Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌՈՒՍ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԸ՝ ԵՊՀ-ՈՒՄ

Ապրիլ 16,2009 00:00

Երեկ ԵՊՀ-ի մշակույթի կենտրոնի եւ ռուս բանասիրության ֆակուլտետի նախաձեռնությամբ նշվեց «Ռուսկի միր» հիմնադրամի հովանու ներքո գործող ռուսական կենտրոնի գործունեության 1-ամյակը, որին ներկա էին «Ռուսկի միր» հիմնադրամի գործադիր տնօրեն Վյաչեսլավ Նիկոնովը, Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի, կինոռեժիսոր Նատալյա Բոնդարչուկը, Հայաստանում Ռուսաստանի եւ Բելառուսի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ եւ այլ պաշտոնատար անձինք:

ԵՊՀ-ում գործող ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսիսյանը նշեց. «Կենտրոնի գործունեությունն ուղղված է Հայաստանում ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի տարածմանն ու զարգացմանը: Պարբերաբար կենտրոնում կազմակերպվում են ստեղծագործական հանդիպումներ, դասախոսություններ, սեմինարներ, կինոդիտումներ»:

«Ռուսկի միր» հիմնադրամի տնօրեն Վ. Նիկոնովը, գնահատելով կենտրոնի մեկ տարվա աշխատանքները, ասաց. «Ինձ մասնավորապես դուր եկավ կենտրոնի վարած քաղաքականությունը, որ այնտեղից օգտվում են ոչ միայն համալսարանականները, այլեւ դպրոցականներ, մարզերից ուսանողներ եւ աշակերտներ: Այսօր էլ դատարկաձեռն չենք եկել, գրադարանին կնվիրաբերվի 1000 կտոր գիրք: Ավելացրել ենք նաեւ տեսահավաքածուն՝ 150 օրինակով»:

Կինոռեժիսոր Ն. Բոնդարչուկը, կարեւորելով ռուսական կենտրոնի առկայությունն ու ռուսաց լեզվի դերը, ասաց. «Հաճելի է տեսնել, թե ինչպես են երիտասարդները ուսումնասիրում ռուսական մշակույթը, կարդում ռուս դասականներին, դիտում ֆիլմեր: Տեղեկացա, որ ուսանողների շրջանում մեծ պահանջարկ կա ռուս գրականության էկրանավորման հարցում: Փաստորեն, նրանք ընթերցածը ցանկանում են տեսնել նաեւ էկրանին: Շոյվեցի, որ այստեղ ծանոթ են իմ ֆիլմերին… Ես մեծ սեր եմ տածում հայ ժողովրդի հանդեպ: Ծնվել եմ կինեմատոգրաֆիստների ընտանիքում: Երբ լույս աշխարհ եմ եկել՝ մայրս կրծքի կաթ չի ունեցել եւ ինձ իր կաթով կերակրել է հայուհի: Դե պատկերացրեք, որքան եմ ես սիրում այն ամենը, ինչ կապված է Հայաստանի եւ հայերի հետ: Մայրական կաթի հետ հայկական ամեն ինչով սնվել եմ»: ԵՊՀ-ի ուսանողուհիների մասին էլ ասաց. «Երբ տեսնում եմ այսքան գեղեցիկ աղջիկների, մտածում եմ՝ ինչու նրանք կինեմատոգրաֆիայի ինստիտուտում չեն: Ցանկալի կլիներ այսքան շատ ուսանողություն տեսնել կինոյի եւ թատրոնի ինստիտուտում: Հույս ունեմ, որ նույն այս ուսանողները մի օր կընտրեն երկրորդ մասնագիտություն եւ կդառնան հայտնի կինոգործիչներ՝ զարգացնելու համար կինոինդուստրիան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել