Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջին գիշերից առաջ սթրեսը նորմալ է

Ապրիլ 16,2009 00:00

\"\"Սթրես ինֆորմացիայի պակասի՞ց

Շատերի համար ամուսնական նախապատրաստությունները գլխացավանք են, անլուծելի խնդիրներ, որոնք կարող են սթրեսի աղբյուր հանդիսանալ: Սակայն ամուսնական կյանք մտնողների համար մտահոգությունները, ապրումները ոչ այնքան կենցաղային, նախապատրաստական խնդիրների հետ են կապված, որքան՝ առաջին գիշերվա, դրան հաջորդող «կարմիր խնձորի»:

Առաջին ամուսնական գիշեր, առաջին անգամ հարաբերություն, որից ես անտեղյակ եմ, անփորձ, իսկ եթե «չստացվի»… Սրանք յուրաքանչյուր ամուսնանալ պատրաստվող աղջկա մտածմունքներն են:

Կարո՞ղ են, արդյոք, այս մտահոգությունները սթրես առաջացնել, բնակա՞ն է առկա վախը եւ ինչպե՞ս ձերբազատվել դրանից:

«Սթրեսն առաջին մերձեցումից առաջ նորմալ է,- «Առավոտի» հետ զրույցում ասում է սեքսոլոգ Ռուզաննա Ազատյանն ու մեկնաբանում:- Սա շատ ակտուալ խնդիր է, որը վերաբերում է ոչ միայն աղջիկներին, այլեւ՝ տղաներին: Իհարկե, կանանց մոտ մի փոքր այլ է. սթրեսն առաջանում է զուտ ինֆորմացիայի պակասից: Իրենք պատկերացնում են դա ինչ-որ ավելի նուրբ, մեղմ հարաբերություն: Բայց մարդիկ տարբեր են եւ զուգընկերոջից կախված՝ մի փոքր ավելի ագրեսիվ է լինում, ինչը բացասական է ազդում կնոջ վրա. դրա հետեւանքով կանայք փակվում են, նույնիսկ դեպքեր են լինում, որ տարիներով թույլ չեն տալիս մերձենալ իրենց՝ զուտ մարմնական: Ագրեսիայից առաջացած վախը կարող է կնոջ մոտ կծկումներ առաջացնել»: Սթրեսից առաջացող վախի պատճառների մասին էլ մեր զրուցակիցը նշում է. «Աղջկա մոտ վախն առաջանում է անտեղյակությունից, ցավից, որի մասին իրեն ասել են, արյունի հավանական լինելուց կամ չլինելուց: Ամուսնանալ պատրաստվող աղջկան պետք է նախօրոք հոգեպես տրամադրել, տեղեկացնել, որ, օրինակ, կամ ցավոտ կլինի, կամ ոչ, արյուն կլինի, կամ չի լինի եւ չարժե դրա համար անհանգստանալ»: Սթրեսի այլ աղբյուրների մասին սեքսոլոգը մանրամասնում է. «Երբեմն սթրես կարող են առաջացնել զույգերի կոնֆլիկտները, օրինակ, տղան ասում է՝ դու ինձ խաբեցիր, դու կույս չես… Դրանից կինը հուզվում է, մտահոգվում՝ տեսնես ինձ մոտ ի՞նչ կլինի, բա որ արյուն չլինի՞, բա ես ի՞նչ պատասխան եմ տալու…»: Ըստ Ռ. Ազատյանի, աղջիկներին հիմնականում սպասումներն են լարում եւ ստիպում անհանգստանալ: Ինչ վերաբերում է տղաներին, մեր զրուցակիցն ընդգծում է. «Տղամարդկանց սթրեսի կարող է ենթարկել կնոջ առաջին գիշերվա տագնապը, անհանգստությունը: Նկատելով կնոջ մոտ այդ վախը՝ նրանց մեջ թերարժեքության զգացողություն է առաջանում: Մտածում են՝ իրենք չսիրված են, կամ գուցե իրենց մոտ ինչ-որ բան այն չէ: Սակայն դա խիստ կապված է տղամարդու ինքնավստահությունից, բնավորությունից, անձի տիպից»: Ինքնավստահության առկայությունը բժիշկը կարեւորում է ոչ միայն տղամարդու, այլեւ կնոջ համար. «Կին կա, որ արյուն լինի, թե ոչ, իր համար միեւնույն է: Դա նորմալ է, անգամ գովելի. այս դեպքում սթրեսի գոյության մակարդակը նվազում է»: Սեքսոլոգի խոսքով, միայն անկեղծ շփման պարագայում զույգերը կունենան ազատ եւ նորմալ հարաբերություն. «Մեծ նշանակություն ունի զույգերի միջեւ անկեղծությունը: Անհրաժեշտ է ազատ եւ անկեղծ խոսել ամեն ինչի մասին: Օրինակ, որ ինչ էլ լինի, իրենք պատրաստ են, տեր են, որ դրանից ոչ մի խնդիր իրենց միջեւ չի ծագի»: Ռ. Ազատյանի ձեւակերպմամբ, ցանկացած սթրես կարելի է հաղթահարել. «Միմյանց նկատմամբ վստահությունը, սերը, ուժը կարող են օգնել սթրեսից ազատվել: Բայց սթրեսն առաջին գիշերվանից առաջ դա բնական եւ նորմալ երեւույթ է եւ բնորոշ է եւ աղջկան, եւ տղային: Սթրեսը ֆիզիոլոգիական ռեակցիա է եւ դա չի կարող չլինել: Եթե չի լինում, ուրեմն այս դեպքում բուժման խնդիր կա: Օրինակ, եթե մարդու վրա շուն հարձակվի, նա կվախենա, իսկ դա արդեն սթրես է: Եթե չվախեցավ, ուրեմն նա հիվանդ է: Նույնը եւ առաջին մերձեցման ժամանակ»:

Լարվածությունից սեփական նախաձեռնությամբ ազատվելու մասին՝ մեր զրուցակիցն ասում է. «Զույգերը կարող են խոսելով, արտահայտվելով դուրս գալ սթրեսից»:

Սթրեսի կրկնվելու մասին էլ նշեց. «Եթե չբացահայտվի, փորձ չարվի լուծում գտնել՝ կրկնվելու հավանականությունը մեծ է: Սթրեսը կարող է կրկնվել երկու դեպքում. եթե առաջին օրը կինը վախենում է, տագնապած է եւ ամուսինը թողնում է հաջորդ օրվան: Եվ եթե ամուսինը ստիպում է՝ ինչպես թե, լույսը բացվում է, բա կարմիր խնձո՞րը: Դրանից հետո կինն ավելի է փակվում եւ ամեն հաջորդ փորձի ժամանակ սթրեսային ռեակցիան ավելի է խորանում»: Վերջում էլ սեքսոլոգը խորհուրդ տվեց. «Անհրաժեշտ է ոչ միայն սեռական հարաբերություններից առաջ, այլեւ ցանկացած քայլ կատարելուց առաջ տեղեկանալ դրա մասին: Պետք է խոսել, շփվել, ազատ արտահայտվել եւ չմտածել ցավի մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել