Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐ ՉՈՒՆԵՄ»

Ապրիլ 16,2009 00:00

Մոդելային արվեստում Մարիշային օգնում է դաշնակահարի մասնագիտությունը

\"\"
Մարիշան կիրթ ձեւով մերժում է անպարկեշտ «հրավերները»:

Կային ժամանակներ, երբ մի շարք բառեր բացասական լիցքեր էին առաջ բերում, ստիպում էին դրանց մեջ տեսնել «բուրժուական կայֆեր», «բարոյական շեղումներ»… Դրանց թվում էին մոդելը, թոփ մոդելը, պոդիումը եւ այլն։ Կամաց-կամաց վարժվեցինք եւ հասկացանք, որ այդ բառերը կապված են նաեւ մեր իրականության հետ։ Արդեն մենք էլ ձեւավորել ենք մոդելային դպրոցի որոշ սկզբունքներ՝ ունենալով այնպիսի անհատականություններ, որոնք կարող են խորացնել այդ ամենը եւ մի օր աշխարհին ցույց տալ մերը, ազգայինը։ Մարինե Անտոնյանը (բեմական անունը՝ Մարիշա) մոդելային բիզնեսում, իր խոսքերով, հասցրել է ինքնադրսեւորվել՝ ցուցադրելով այն, ինչը կոչվում է զգեստի գեղարվեստական մատուցում։

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Մարիշան հայտնեց, որ ինքը որպես մոդել աշխատել է Սանկտ Պետերբուրգում։ Երեւանում գտնվելու նրա պատճառը ուսումն է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, հատկապես՝ վերջինիս ռեկտոր Սերգեյ Սարաջյանի ղեկավարությամբ։ Հարցին, արդյոք, հայ աղջկա համար չկա՞ն բարդույթներ՝ պոդիում բարձրանալիս, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կոնկրետ ինձ համար որեւէ բարդույթ լինել չի կարող, դա կախված է առաջին հերթին իմ ընտանեկան դաստիարակությունից։ Ինչ վերաբերում է հայ մոդելներին, նշեմ, որ նրանց մեծամասնությունը տարբեր պատճառներով բարդույթավորված է…»։

Այսուհանդերձ, հայուհիների մեծամասնությունը երազում է դառնալ մոդել, իսկ դա ժամանակի հրամայակա՞ն է, թե՞ մի ուրիշ բան։ Մարիշան նախ նշեց, թե երազողները հաճախ չեն էլ պատկերացնում՝ ինչ բարդ է մոդելի աշխատանքը, հետո ավելացրեց. «Նկատել եմ, որ հայաստանցի գործընկերներիցս ոմանք, մուտք գործելով մոդելային բիզնես, առաջին հերթին ուզում են հնարավորինս կարճ ժամանակահատվածում հարստանալ, ավելին՝ շատերին մեր աշխատանքում կործանում է ագահությունը։ Իրականում բնությունից պարգեւած գեղեցկությունդ պետք է կարողանաս օգտագործել ճիշտ, խելացի»։ Հետաքրքրվեցինք, թե իր դասախոսը՝ Ս. Սարաջյանը, դեմ չէ՞ մոդելի եւ դաշնակահարուհու մասնագիտությունները համատեղելուն: Մարիշան պատասխանեց. «Նախ պրոֆեսորիս հետ մենք լավ ընկերներ ենք. նա, բարձրակարգ երաժիշտ լինելով, պարզապես չի կարող չգնահատել գեղեցկությունը, մյուս կողմից էլ՝ դասախոսս հասկանում է, որ ուսմանս զուգահեռ որպես մոդել հանդես գալը դրամ վաստակելու միջոց է։ Ի վերջո, պոդիումի վրա ինձ օգնում է երաժշտի մասնագիտությունս եւ ցանկացած զգեստ ցուցադրելիս մտքումս հանդերձանքիս համապատասխան որեւէ մեղեդի եմ մրմնջում»։

Գաղտնիք չէ, որ մոդելները նաեւ ստանում են «հրավերներ», որոնք, մեղմ ասած, չեն վերաբերում իրենց մասնագիտությանը։ Չհերքելով այս դիտարկումը, Մարիշան հավաստիացրեց, որ ինքը նման դեպքերում աշխատում է կիրթ ձեւով պարզապես «բացատրական աշխատանքներ տանել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել