Կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները: Հայաստանի բազմակի չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Փյունիկը» մրցակցի դաշտում հյուրընկալվեց «Ուլիսին», 3:1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ ու եզրափակիչի ուղեգրերից մեկին տիրանալու լուրջ հայտ ներկայացրեց:
Փյունիկցիներն իրենց լուրջ մտադրությունները ցույց տվեցին հենց խաղասկզբին, երբ արդեն երրորդ րոպեին բացեցին խաղի հաշիվը: Դրանից հետո նրանք երկու անգամ մրցակցին ստիպեցին խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: Իսկ դաշտի տերերը միայն 60-րդ րոպեին կարողացան խփել միակ «սփոփանքի» գոլը: Երեկ կայացավ նաեւ կիսաեզրափակիչի երկրորդ զույգի հանդիպումը, որում Աշտարակի «Միկան» չկարողացավ առավելության հասնել իր մշտական լուրջ մրցակցի՝ Երեւանի «Բանանցի» նկատմամբ: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Եզրափակիչ հանդիպումում Հայաստանի գավաթը «Փյունիկի» հետ ո՞վ կվիճարկի՝ հայտնի կդառնա ապրիլի 22-ին կայանալիք պատասխան հանդիպումում: