Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ «ԶՈՀԸ» ՄԱՄԵԴՅԱՐՈՎՆ Է

Ապրիլ 16,2009 00:00

Երեկ Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում մեկնարկեց ՖԻԴԵ-ի «Grand Pris» մրցաշարի չորրորդ փուլը

\"\"
Առաջին ինքնագրերը՝ Նալչիկում:

«Երաժշտության թատրոնում» կազմակերպված բացման հանդիսավոր արարողության ժամանակ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, բարձր գնահատելով կազմակերպիչների՝ մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու ուղղությամբ գործադրած ջանքերը, հատուկ ընդգծել է, որ Նալչիկի այս մրցաշարը մասնակիցների միջազգային վարկանիշային ցուցանիշների վերջին տվյալներով գերազանցում է մինչեւ այժմ անցկացված չորս նախորդներին: Նա, մասնավորապես, նշել է, որ «Grand Pris»-ի վերջին՝ Էլիստայի պայքարում, որտեղ նույնպես հանդես էր գալիս ներկայիս շախմատային վերնախավը, մասնակիցների միջին վարկանիշը եղել է 2715 միավոր՝ այսօրվա մասնակիցների միջին 2725-ի դիմաց, ինչը չի կարող չոգեւորել:

Եվ, իրոք, Նալչիկում հանդես գալու ցանկություն արտահայտել են շախմատի այսօրվա վերնախավի 14 ներկայացուցիչներ, որոնք Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաքի «Երաժշտության թատրոնում» կայացած վիճակահանության հանդիսավոր արարողության ժամանակ ստացել են մրցաշարի մասնակցության իրենց համարները: Դրանք, ըստ ներկայացվող հերթականության, բաշխվել են այսպես. Պետեր Լեկո (Հունգարիա), Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան), Վլադիմիր Հակոբյան (Հայաստան), Սերգեյ Կարյակին (Ուկրաինա), Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան), Եվգենի Ալեքսեեւ (Ռուսաստան), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Էտյեն Բակրո (Ֆրանսիա), Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան), Բորիս Գելֆանդ (Իսրայել), Պավել Էլյանով (Ուկրաինա), Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան), Լեւոն Արոնյան (Հայաստան), Գատա Կամսկի (ԱՄՆ):

Վիճակահանությունը Հայաստանի լավագույն շախմատիստ եւ Նալչիկի մրցաշարի ֆավորիտ Լեւոն Արոնյանին բաժին է հանել թիվ 13-ը: Այն, արդյոք, իր սատանայական չար դերը կկատարի՞, թե՞ նպաստավոր կլինի: Արոնյանը, ինչպես աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը, «կոմպյուտերային շախմատիստ» չէ: Ճիշտ է, նա գերազանց է տիրապետում անգերազանցելի համակարգչային ծրագրերին, սակայն խաղատախտակի առջեւ ստեղծված բազմաթիվ իրավիճակներում մեկ անգամ չէ, որ գերազանցել է անպարտելի «ծրագրերին»՝ մարդկային բանականության եզակի շեդեւրներ կերտելով: Շախմատից աննշան պատկերացում ունեցողներն, անգամ, Արոնյանին խաղատախտակի առջեւ հետեւելով, տեսնում են, որ գալիս է մի պահ, երբ նա «ընդվզում» է ամենակարող ծրագրի առջեւ ու իր՝ մարդու ուղեղի մտածելու հնարավորություններով, քայլեր կատարում, որոնք, ի վերջո, դասվում են գլուխգործոցների շարքում:

Ասվածի ապացույցը դարձավ Նալչիկում ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ մեկնարկային պարտիան, որտեղ սեւ խաղաքարերով հանդես եկող հայ շախմատիստն արդեն 32-րդ քայլում Ադրբեջանի լավագույն շախմատիստին հարկադրեց, ի նշան պարտության ձեռքերը վեր պարզել:

Նալչիկում է հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որը ոչ-ոքի խաղաց աշխարհի 2004 թվականի չեմպիոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Կասիմջանովի հետ:

Մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Սերգեյ Կարյակին-Պավել Էլյանով՝ 1/2, Ալեքսանդր Գրիշչուկ- Բորիս Գելֆանդ՝ 1:0, Եվգենի Ալեքսեեւ-Պյոտր Սվիդլեր՝ 1/2, Վասիլի Իվանչուկ-Էտյեն Բակրո՝ 1/2:

Լեկո-Կամսկի պայքարում կողմերը կատարել էին արդեն 88 քայլ: Իսկ թե որքա՞ն կշարունակվեր պայքարը, ժամանակը մեզ արդեն սպասել թույլ չէր տալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել