Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փորձարկվել» Երեւանյան բեմերում

Ապրիլ 16,2009 00:00

\"\"Երազում է երիտասարդ դերասանուհի Անահիտ Մութաֆյանը

Ինչպես տեղեկացրել էինք, «Արմմոնո 2009» փառատոնի առաջին փուլը կայացավ Երեւանում, ապրիլի 8-12-ին: Ապրիլի 14-ին Կապանում մեկնարկեց եւ ապրիլի 17-ին կավարտվի երկրորդ փուլը: Երեւանյան փուլում ցուցադրվեց 14 ներկայացում, Կապանում ծրագրված է 11-ը: Փառատոնին իրենց մասնակցությունն են բերել դերասաններ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Կամերունից, Գերմանիայից, Ուկրաինայից:

Արդյոք անհրաժե՞շտ էր նորից վերադառնալ մենաներկայացումների փառատոնի գաղափարին: Այս հարցի պատասխանը ստանալու համար պետք չէր սոցիոլոգիական հետազոտություններ անել կամ հարցախույզ անցկացնել մասնագետների ու հանդիսատեսի շրջանում: Բավական էր անցած օրերին հետեւել «Արմմոնո 2009»-ի ներկայացումներին եւ դրանց նկատմամբ ձեւավորված հետաքրքրությանը՝ համոզվելու համար, որ միանշանակ ճիշտ էր փառատոնի նորանշանակ տնօրեն Մարիաննա Մխիթարյանի լավատեսությունը: Մենաներկայացումները, շեքսպիրյան փառատոների շրջանակներում տեղավորելով, փառատոնի նախաձեռնողներն ու հիմնադիրները որոշակի կաշկանդումների առջեւ էին կանգնեցնում բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին նպաստել այս ինքնատիպ թատերաձեւի զարգացմանը:

«Առավոտի» հետ զրույցում երիտասարդ դերասանուհի Անահիտ Մութաֆյանն էլ, որ առաջին անգամ էր մասնակցում փառատոնին, հայտնեց. «Մենաներկայացումները չպետք է ունենան թեմատիկ կաղապարներ, դրանք չպետք է սահմանափակվեն Շեքսպիրով: Ի վերջո, շեքսպիրյան ստեղծագործությունները գրված են թատերական այլ արտահայտչականությամբ, այլ սկզբունքներով: Դրանցից առանձնացնելով այս կամ այն կերպարն ու ստեղծելով վարիացիաներ, մենք, ըստ էության, հեռանում ենք Շեքսպիրից: Մինչդեռ, որքան շատ են «ազատ թեմայով» ներկայացումները, այնքան մեծանում է ստեղծագործելու հնարավորությունը»: Նշենք, որ Ա. Մութաֆյանը ներկայացրել է Սամվել Խալաթյանի «Ճիչը» մենադրաման, որը, մասնագետների կարծիքով, ժամանակակից լավագույն պիեսներից մեկն է՝ գրված նուրբ ու հետաքրքիր հոգեբանական շրջադարձերով: Երիտասարդ դերասանուհին խիզախում է համարում իր այս ձեռնարկը, որովհետեւ ինքն, ունենալով ընդամենը 5 տարվա դերասանական փորձ, հանդգնել է մասնակցել փառատոնին. «Գիտակցում եմ, որ չափազանց դժվար է հանդես գալ ճանաչված դերասանների, մենաներկայացումների տարբեր միջազգային փառատոներում հաղթանակներ տարած արվեստագետների կողքին: Սակայն համոզված եմ, որ միայն խիզախմամբ կարելի է հաստատվել արվեստում, սեփական ձայնը հնչեցնել: «Ճիչին» մոտեցել եմ մեծ պատասխանատվությամբ, ինձ ոգեւորել է բեմադրության ղեկավար Վահե Շահվերդյանը, որի գեղագիտության հետ շփվելը երջանկություն է՝ հատկապես երիտասարդ դերասանի համար: Իհարկե, հաճույքով եմ աշխատել, երբեմն խլացնելով իմ մեջ հիասթափության ձայնը»: Այն, որ Ա. Մութաֆյանի «Ճիչը» իսկապես հետաքրքիր դերասանական աշխատանք է, մեզ հետ զրույցում հաստատեցին ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մայիս Ռաֆայելյանը եւ այլք:

Հավելենք, որ Ա. Մութաֆյանն աշխատում է Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում եւ իր խաղացանկում տեղ են գտել Դյուրենմաթի, Պռոշյանի, Քամյուի, Խոդիկյանի հերոսուհիները: Երիտասարդ արվեստագետի երազանքն է իրեն «փորձարկել» երեւանյան բեմում: Ըստ մեր տեղեկությունների, դերասանուհին պատրաստվում է իր առաջնաելույթը «նշել» Երեւանի դրամատիկական թատրոնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել