Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բուժքույրն անհրաժե՞շտ է

Ապրիլ 16,2009 00:00

\"\"Չնչին վարձատրության պատճառով՝ բուժքույրերը ոչ միշտ են լինում դպրոցում

ՀՀ առողջապահության նախարարի 28.11.2008թ. N1746-Ա հրամանի համաձայն՝ հաստատվել են կրթական հաստատությունների բուժօգնության կազմակերպման չափորոշիչներ: Կրթօջախների բուժօգության կազմակերպման գործընթացի մեջ է մտնում նաեւ հանրակրթական դպրոցներում բուժկետերի գործունեությունը, բուժքրոջ աշխատանքը: Այդ փաստաթուղթը մեզ տրամադրեց ՀՀ ԱՆ մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը: Ըստ ամրագրված չափորոշիչների՝ տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունն իր սպասարկման տարածքում գտնվող դպրոցներին ապահովում է առաջին բուժօգնության դեղորայքով եւ պարագաներով: Տարածքային պոլիկլինիկան առանձնացնում է հատուկ պատասխանատու բժիշկ՝ դպրոց-նախադպրոցական հաստատությունում աշխատանքների կազմակերպման համար: Դպրոցներում աշակերտների բուժօգնությունը տեղում իրականացվում է դպրոցական բուժքրոջ կողմից՝ տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության հսկողության եւ պատասխանատվության ներքո: 500 եւ ավելի աշակերտների թվի դեպքում պարտադիր է դպրոցում բուժքրոջ հաստիքի պահպանումը, որի վարձատրությունն իրականացվում է ըստ երեխաների թվաքանակի՝ ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված գներով: Հանրակրթական հիմնարկներում ապահովվում է դպրոցականների ամենամյա բուժկանխարգելիչ ստուգումների անցկացում՝ ֆիզկուլտուրայի խմբերի որոշման նպատակով:

«Առավոտի» շրջայցը ՀՀ որոշ դպրոցներում ցույց տվեց, որ այս չափորոշիչները ոչ միշտ են պատշաճ իրականացվում: Դա ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառաբանությունները: Բանն այն է, որ բուժքույրերը վարձատրվում են աշակերտների թվով՝ մեկ աշակերտի համար վճարվելով 70 դրամ: Զրուցեցինք թիվ 105 դպրոցի տնօրեն Բելլա Սուքիասյանի հետ: Նա ասաց. «Հիմա ավելի մեծ ուշադրություն է դարձվում բուժքրոջ աշխատանքին, կա համագործակցություն դպրոցի եւ պոլիկլինիկայի միջեւ: Ոչ մի ֆիզկուլտուրայի քննություն առանց բուժքրոջ չենք անցկացնում: Բայց բուժքույրն աշխատում է ընդամենը կես դրույքով եւ դպրոցում լինում է մի քանի ժամ: Լավ կլիներ, որ ոչ միայն բուժքույր լիներ դպրոցում, այլեւ՝ բժիշկ»: Հետաքրքրվեցինք՝ բուժքույրն աշակերտներին ստուգո՞ւմ է, որպեսզի ներառվեն համապատասխան խմբում՝ ֆիզիկական կրթության դասերի ընթացքում: Բ. Սուքիասյանն ասաց. «Դրա համար ֆինանսավորում է պետք, քանի որ բուժական խմբի համար արդեն ուրիշ ուսուցիչ պիտի ունենանք, նոր հաստիքի ձեւակերպման հարց է առաջանում, իսկ մեզ մոտ երեխաները շատ չեն, միջոցներ չկան 1-2 երեխայի համար ուսուցիչ պահենք»: Հետաքրքրվեցինք՝ եթե երեխան վատ է զգում այն ժամանակ, երբ բուժքույրը դպրոցում չէ, ինչպե՞ս են վարվում: Տնօրենը պատասխանեց. «Եթե երեխան վատ է զգում, մենք նրան տուն չենք ուղարկում, զանգում ենք ծնողին, նա պարտադիր պիտի գա երեխային տուն տանի, հակառակ դեպքում՝ ուսուցիչը նրան տաքսիով տուն է տանում»:

Զրուցեցինք նաեւ Լեւոն Շանթի անվան թիվ 4 դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանի հետ: Նա եւս կիսեց իր գործընկերոջ մտահոգությունը. «Քանի որ վարձատրությունը մեծ չէ, բուժքույրերը սպասարկում են 2-3 դպրոց: Ուստի բուժքույրը օրումեջ է լինում դպրոցում: Բայց եթե դպրոցին հատկացնում են ընդամենը 4 հատիկ պարացետամոլ, 2 միլիգրամ սպիրտ, մի փոքր բամբակի կտոր, երբ դպրոցը բժիշկ չունի, բուժքույրն ի՞նչ անի: Դպրոցին բժիշկ է պետք: Հիմա եթե բուժքույրը ներկա չի լինում, մեր ֆիզկուլտուրայի ուսուցիչը, որն անցել է բուժպատրաստություն, օգնություն է ցույց տալիս աշակերտներին: Կամ դասվարն ի՞նչ անի, այդ երեխայով զբաղվի՞, թե՞ դասարանով: Նշված խնդիրը պիտի լուծվի պետական մակարդակով, պետությունը պիտի ֆինանսավորի, բուժքրոջ հաստիքն այնքան ավելացվի, որ ամեն օր բուժքույրը լինի դպրոցում»:

Պարզաբանման համար դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության պետ Արմեն Սողոյանին: Նա ասաց. «Նման խնդիր հնարավոր է առաջանա այն դպրոցներում, որտեղ երեխաները շատ քիչ են, երբ վճարը չի հասնում մեկ դրույքի: Քաղաքում այդպիսի 1-2 դեպք հազիվ թե լինի: Բայց կես դրույքով աշխատելու դեպքում էլ բուժքույրը գոնե 4 ժամ պիտի ներկա լինի»: Ա. Սողոյանին փոխանցեցինք նաեւ տնօրենների այն կարծիքը, որ դպրոցին բժիշկ էլ է պետք: Նա ասաց. «Բժիշկը նստի դպրոցում ի՞նչ անի: Այսօրվա վիճակով հնարավոր չէ դա ապահովել, ոչ էլ նպատակահարմար է, քանի որ բժիշկը անելիք չի ունենա, ամբողջ օրը կնստի, օրը մեկ-երկու երեխա ջերմություն ունենա, թե ոչ… Եթե այդպես մտածենք՝ լավ կլինի, որ ամեն մարդ կողքին բժիշկ ունենա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել