Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԲԱՑԵՔ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՉՔԵՐԸ»

Ապրիլ 16,2009 00:00

\"\"«Առավոտին» դիմած ուսանողը պատրաստ է հանուն իր դասախոսի հրաժարվել ուսումից

Օրերս «Առավոտը» նամակ էր ստացել ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի մի ուսանողից, եւ քանի որ նամակը պարունակում էր որոշ պնդում-մեղադրանքներ, «Առավոտը» փորձեց տեղում՝ Իջեւանում, պարզել նամակում բերված փաստերի իսկությունը:

Մեջբերենք նամակից. «ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում, ուր սովորում եմ, ձերբակալվեց հեռակա ուսուցման բաժնի վարիչ, հայոց լեզվի դասախոս Ֆելմիրա Դավթյանը: Ես ականատեսն ու ունկնդիրն էի կատարվածի, ուստի չեմ կարող լռել, խիղճս տանջում է: Գիտեմ՝ ինչ հալածանքներ կլինեն, բայց ես Ֆ. Դավթյանից արդարության եւ կերած կաթը չպղծելու դասեր եմ ստացել եւ չեմ կարող լռել:

Բուֆետից էի դուրս եկել եւ անցնում էի Դավթյանի լուսամուտի տակով (այն կիսաբաց էր), երբ ներս մտավ քաղաքապետ Վ. Ներսիսյանի կնոջ հորեղբոր տղան՝ Էդգարը, եւ շտապ ինչ-որ բան դրեց Դավթյանի պահարանում եւ նույնիսկ չսպասեց մի բառ լսելու, գրեթե վազեց դեպի դուռը: Նույն պահին ներս մտան ԱԱ աշխատակիցները: Իմ լսածը լուսամուտի մոտ հետեւյալն էր.

– Էդգար, մի րոպե, ի՞նչ ես անում:

– Հաջող, հաջող,- ասաց, գնաց»:

Ըստ նամակագիր ուսանողի՝ քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը եւ Ֆելմիրա Դավթյանը վաղեմի թշնամիներ են, եւ հենց այդ պատճառով սենյակում հայտնվածը ոչ այլ ոք էր, քան քաղաքապետի կնոջ հորեղբոր տղան:

ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ռեկտոր Սամվել Առաքելյանը զարմացած է կատարվածից, քանի որ նամակում ակնարկված երիտասարդը (Էդգարը) մինչ այս որեւէ խնդիր չի ունեցել ստուգարք եւ քննություն ստանալու հետ կապված, իսկ Ֆելմիրա Դավթյանը լավ մասնագետ էր եւ բարեխղճորեն կատարել է իր պարտականությունները: Ռեկտորի խոսքերով՝ այս դեպքն իրենց հսկողության հետեւանքով է բացահայտվել, եւ այլ ենթատեքստեր չկան: «Մեզ մոտ մեկ ամիս առաջ ստեղծվել է Օրինականության պահպանման եւ ուսանողների իրավունքների պաշտպանության հանձնաժողով, որը զբաղվում է ուսանողների իրավունքների պաշտպանությամբ եւ անհարիր երեւույթների դեմ պայքարելով»,- նշեց ռեկտորը:

«Առավոտի» նամակագիրը, որն, ի դեպ, չէր վախեցել ստորագրել իր նամակի տակ, եւ Իջեւանում մենք պարզեցինք, որ իրոք այդ անուն-ազգանունով ուսանող կա, սակայն, այնուամենայնիվ, չենք ցանկանում հրապարակել նրա անունը՝ երիտասարդին ավելորդ խնդիրների առջեւ չկանգնեցնելու համար, գրել էր նաեւ հետեւյալը. «Նշեմ, որ այս բուհում 3 տարվա մեջ ոչ մի ստուգարք կամ քննություն առանց փողի չենք ստացել: Ամեն անգամ տվել ենք 10 000 դրամ, իսկ Սահրատյան Աիդայի պես թանկարժեք դասախոսներին՝ 15 000 դրամ (իհարկե՝ 3-ի համար): 4-ի եւ 5-ի գները այդ տիկնոջ մոտ շատ թանկ են՝ 40-50 000 դրամ»: Ռեկտորի խոսքերով՝ սա ուղղակի զրպարտություն է. «Կատարյալ սուտ է: Ես հանդիպում եմ ե՛ւ Ուսանողական խորհրդի անդամների, ե՛ւ կուրսերի ավագների հետ: Ուսանողների կողմից երբեւէ նման խնդիր չի ներկայացվել: Իսկ այդ ուսանողը երբեւէ գումար տվե՞լ է ստուգարք ստանալու համար»:

«Առավոտը» հեռախոսով զրուցեց նաեւ Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հետ: Ըստ քաղաքապետի՝ ինքն ընդհանրապես չի առնչվել Ֆելմիրա Դավթյանի հետ, ավելին. «Ես ոչ ուզում եմ առնչություն ունենալ, ոչ էլ կապ ունեմ նրա հետ: Ինքը, եթե ինձ հետ պատերազմի մեջ է, ապա ես ընդհանրապես տեղյակ չեմ դրանից: Երեւի իր երեւակայության հետ է ինչ-որ բան կատարվում»: Նամակում ուսանողը գրել էր. «Քաղաքապետ-քաղաքաղետը թալանել էր տվել անցած տարի դեկտեմբերի 29-ին Ֆ. Դավթյանի բնակարանը, եւ գողին՝ Գագիկ Սարդարյանին, ինքը մենախցից ազատել: Ֆ. Դավթյանի եւ քաղաքապետի կոնֆլիկտի, ուղղակի իմաստով՝ նրանց պատերազմի մասին գիտի ողջ մարզը»: Ի պատասխան այս մեղադրանքի՝ քաղաքապետն ասաց. «Սա մինիմում շիզոֆրենիա է, մտավոր շեղում ունեցողի գրած: Ես բացարձակ կապ չունեմ սրա հետ: Ո՞նց եք պատկերացնում՝ ինչ-որ մեկը թալանի, քաղաքապետն էլ ազատի այդ մարդուն»: Քաղաքապետն ասաց, որ այդ մեղադրանքը դեռ 1-2 տարի առաջ էր շրջանառվում, երբ ինքը գրավոր կերպով դիմեց ոստիկանություն, որպեսզի պարզվի զրպարտության պատճառը:

Վերջում մեջբերենք հիշյալ նամակի վերջաբանը. «Մեկ սենյականոց խղճուկ բնակարանում 10 տարեկան տղայի հետ ապրող դասախոսի միլիոնները ո՞ւր են:

Կանանց միամսյակին փուռը տվեցին մի լուրջ հայուհու, մի խելոք մտածողի, մի արժանապատիվ դասախոսի: Կատարվեց միլիոնատեր, ամբողջ Իջեւանը վաճառած, Ֆրանսիայում ապրանքներ ունեցող Վ. Ներսիսյանի պատվերը: Մի՞թե մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքար նշանակում է կոռուպցիայի դեմ պայքարի գլխին սարքել, գլխատել: Այո, Ֆ. Դավթյանը պայքարում էր կոռուպցիայի դեմ: Հաճախ էր հիասթափված ասում, որ քաղաքապետ-մարզպետ կլանը լափել է մարզը, եւ ինքը հոգնել է պայքարելուց: Հարգելի խմբագրություն, ձեր թերթի միջոցով ուզում եմ լսելի լինի ձայնս: Թող 1800 ուսանողից գտնվի մեկը եւ ասի, թե դա ստորաբար արված չէ, կամ գտնեն մեկին, որ ասի, թե երբեւէ Դավթյանին 10000 դրամ է տվել, ես կասեմ՝ կեցցե՜ արդարությունը: Օգնեք բացելու ճշմարտության աչքերը, օգնեք փրկելու նրան: Եթե ազատ չարձակվի Ֆ. Դավթյանը, ես՝ (ուսանողի անուն-ազգանունը- խմբ.), հրաժարվում եմ սովորել ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում, եւ ինձ հետեւելու են շատ ու շատ ուսանողներ, հավաստիացնում եմ ձեզ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել