Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուբսիդիա չի լինի, բայց հույս կա

Ապրիլ 16,2009 00:00

Տավուշի մարզի 27 հազար 665 հեկտար վարելահողերից այս տարի կմշակվի շուրջ 15 հազարը՝ կեսից քիչ ավելին: Մշակվող տարածքների մեջ սակավ է աշնանացանը՝ 4200 հա: Համեմատության համար նշենք, որ 2004-ին մարզում հացահատիկային մշակաբույսերը 10 774 հա են զբաղեցրել: Ի հաշիվ հացահատիկի, վերջին տարիներին ավելացել են կարտոֆիլի, արեւածաղկի, ծխախոտի, կերային մշակաբույսերի ցանքատարածությունները: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ, գյուղատնտեսության ոլորտի երկարամյա աշխատող Ռազմիկ Մելիքջանյանի խոսքերով, անցյալ տարի կարտոֆիլի լավ բերք է ստացվել, եւ հիմա մարզում առկա է ապրանքային եւ սերմացու կարտոֆիլի ավելցուկ: 2005-ին մարզում ընդամենը 25 հա արեւածաղիկ է մշակվել, իսկ 2008-ին՝ 1050 հա:

Հանրապետությունում մշակվող եգիպտացորենի ցանքատարածությունների 60 տոկոսը Տավուշի մարզում է: Տավուշում եկամտաբեր է ծխախոտագործությունը: «Մասիս տոբակո» ընկերությունը մարզում ծխախոտի կանաչ զանգվածի չորացման 34 խցեր ունի, այժմ կառուցվում է եւս 10-ը: «Գրանդ հոլդինգը» պլանավորում է ընթացիկ տարում այստեղ կառուցել մրգի պահեստ-սառնարաններ, գործարկել փաթեթավորման հոսքագծեր: «Թամարա ֆրուտ» ընկերությունն էլ այս տարի նախատեսում է մարզում 20-25 հա հատապտղի՝ մոշի, մոռի, սեւ ու կարմիր հաղարջի այգիների հիմնում: Տավուշի մարզի գյուղապետերից ոմանք մտահոգություն էին հայտնել, որ գյուղացիները, խուսափելով մշակման ու բերքի իրացման դժվարությունից, ցանկանում են քանդել խաղողի այգիները եւ տեղում ծխախոտ կամ ցորեն մշակել: Անցյալ տարի մարզի 1350 հա խաղողի այգիներից ստացված բերքից գինեգործական ձեռնարկությունների մթերման կետեր է հանձնվել 4876 տոննա խաղող: Խաղողի այգիների նոսրությունը մեծ է՝ 25-30%: Մարզում խաղողի եւ հացահատիկի մշակությանը չի նպաստում նաեւ այն, որ այս տարի, ի տարբերություն 2008-ի, պետբյուջեից սուբսիդիա չի հատկացվի սահմանամերձ համայնքներում խաղող եւ հացահատիկ մշակողներին: Անցյալ տարի սահմանամերձ համայնքներում հացահատիկ մշակողներին յուրաքանչյուր հեկտարի հաշվով՝ 35 հազար, իսկ խաղողագործներին՝ 17 հազար դրամ սուբսիդիա էր հատկացվել:

Ինչ վերաբերում է ապրիլի 14-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարությանը, ապա վնասները պարզ կդառնան մի քանի օրից: Մարզպետարանի գյուղվարչության պետը հույս ունի, որ վնասը մեծ չի լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել