Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ONE WAY TICKET

Ապրիլ 16,2009 00:00

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

\"\"Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ քննարկումները շարունակում են մնալ վերջին տասնօրյակի միջազգային քաղաքական օրակարգի հիմնական խնդիրներից մեկը: Դրա միջազգային տեւական հնչեղությունը պայմանավորված է առնվազն երեք գործոններով. ա. դրկից երկու երկրների՝ Հայաստանի եւ Թուրքիայի գրեթե մեկդարյա թշնամանքով, բ. ԱՄՆ նոր նախագահ Բարակ Օբամայի՝ Թուրքիա կատարած ապրիլյան երկօրյա այցով, գ.Ցեղասպանության ճանաչման նրա խոստման ճակատագրով: Անցյալի, ներկայի եւ ապագայի մշուշի միջից հնարավոր չէ զանազանել Հայաստանի տեղը, դերն ու նշանակությունը: Պատմության ճեպընթացում մեր տոմսը մեկ ուղղությամբ է: Հարյուրամյա դժնդակ հիշողության ցավը ճնշում է սթափության, իրատեսության, ողջամտության զգայարանները, իսկ մենք դեռ չենք հասցրել նայել, թե ի՞նչ ուղղություն է նշված մեր տոմսում՝ անցյա՞լ, ներկա՞, թե՞ ապագա: Ցանկացած դեպքում այնտեղից վերադարձ չկա. այն մեկ ուղղության տոմս է՝ One way ticket.

1.

Never coming back

 

Որքան նշմարելի է դառնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հանգրվանը, այնքան ավելի է ընդգծվում իրավիճակի եւ հիմնախնդրի բարդությունը: Բանակցությունների ութամսյա փորձերն ակնհայտ են դարձնում, որ չնայած բնականոն հարաբերություններ հաստատելու Երեւանի եւ Անկարայի ցանկությանը, կողմերն իրականում անպատրաստ են այդ հարաբերություններին: Դա հոգեբանական նշաձող է, պատմական փշալար, սրտի մահացու տրոփյուն, որ ետ է պահում թե Հայաստանին, թե Թուրքիային առաջ ընթանալ: Դիվանագիտական չպարտավորեցնող ժպիտների եւ բարեկիրթ ձեռքսեղմումների ժամանակն անսպասելիորեն արագ ավարտվեց, իսկ որոշում կայացնելու համար քաղաքական թթվածինը խիստ սահմանափակ է: Եթե 2008-ի տարեվերջին Անկարան սառնասիրտ հաշվենկատությամբ ընթանում էր դեպի հարաբերությունների կարգավորում՝ տարածաշրջանային հարափոփոխ զարգացումներում առաջարկելով «Կովկասի կայունության եւ համագործակցության պակտի» քննարկման թուրքական օրակարգը, ապա արդեն այս տարվա գարնանը թուրքական սառնասրտությունը նահանջեց, եւ Անկարան շփոթահար էր նույնքան, որքան Երեւանը: «Առանց նախապայմանների հարաբերությունների» բարձրագոչ փուլն ավարտվեց, եւ կողմերը ստիպված են դեն նետել գաղտնիության քղամիդը. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունների խորհրդապահական կողմը պետք է բացահայտվի: Լրատվական արտահոսքի արդյունքում շրջանառվող «շրջանակային համաձայնագիրը» վկայում է իրականում նախապայմաններով ընթացող բանակցությունների եւ հարաբերությունների կարգավորման փուլային տարբերակի մասին: Այն, ինչպես ղարաբաղյան հիմնախնդրի նույնանուն տարբերակը, բնավ հայանպաստ չէ: Անկարան համաձայնագրի չորս հարցերից երկուսը որպես նախապայման է առաջադրել: Դրանցից առաջինը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման թուրքական տարբերակն է, որն Անկարային ավելի քիչ է հետաքրքրում, քան երկրորդ՝ Ցեղասպանության խնդիրը: Ղարաբաղի խնդիրը Անկարայի համար որոշակի նշանակություն է ձեռք բերում ոչ միայն եւ ոչ այնքան Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունները պահպանելու համար. թուրք-ադրբեջանական բարեկամությունը կարող է նահանջել, եթե Անկարան որոշի վերանայել իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Ղարաբաղյան հիմնախնդիրը Թուրքիային հոգեբանական անհարմարություն է պատճառում: Որքան էլ մենք ընդգծենք Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, այնուամենայնիվ թուրքական օգտապաշտության համաձայն Ղարաբաղն ազատագրված հայկական տարածք է, իսկ տարածքային խնդիրները, առավել եւս՝ հայկական կողմի ազատագրած տարածքների, Թուրքիային անհանգստացնում է ավելի, քան մեզ՝ դրանց պահպանումը: Եվ եթե Ղարաբաղը կորսված տարածք է Ադրբեջանի համար, ապա Թուրքիայի համար այն անկանխատեսելիության դանայան տակառ է, որը կարող է նաեւ լցվել: Թուրքիան վախենում է հայկական կողմի հաղթանակներից, այդ իսկ պատճառով է Ղարաբաղը նրա համար կարեւորություն ձեռք բերում: Մենք տարածքային պահանջներ ունենք Թուրքիայից, լռենք մենք այդ մասին, թե ոչ, Թուրքիան գիտե, որ մենք երբեք չենք դադարի դրա մասին մտածել: Նաեւ այդ պատճառով է, որ Հայաստանի հետ սահմանադռան բացման դիմաց Անկարան միանգամից երկու պահանջ դնում՝ ա. դիվանագիտական հարաբերությունների մասին հռչակագրում ամրագրել «տարածքային ամբողջականության հարգման եւ սահմանների անձեռնմխելիության» դրույթը, բ. մեծապես ներգրավվել հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Այս վերջին պահանջը հանգել է կարգավորման մեջ համանախագահող երկրի կարգավիճակ ձեռք բերելու խնդրին: Ըստ որոշ տեղեկությունների՝ Թուրքիան փորձում է դառնալ կամ համանախագահող չորրորդ երկիրը, կամ դուրս մղելով Ֆրանսիային՝ գրավել նրա տեղը: Թուրքական դիվանագիտության այս պահանջները ոչ թե դիվանագիտական ծուղակներ են, այլ մարտահրավերներ: Պատրա՞ստ է, արդյոք, հայկական կողմն ընդունել այդ մարտահրավերները: Արդյո՞ք սահմանադռան բացմամբ Հայաստանի համար Թուրքիան ձեռք է բերում վստահելի գործընկերոջ համարում: Բնավ: Թե երկկողմ եւ թե բազմակողմ հարաբերություններում Անկարան բարդ եւ անկանխատեսելի գործընկեր է, թուրքական բազմափորձ դիվանագիտությունը կարող է նահանջել, փոխզիջման գնալ, սակայն ոչ պարտություն կրել: Եվ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում նրա ներգրավման ձգտումը պետք է դիտարկել ոչ միայն արտաքին քաղաքական նպատակահարմարության կամ պատվախնդրության դաշտում, այլեւ քաղաքական հոգեբանության: Անկարան կարգավորման մանդատ է ուզում ձեռք բերել, որ կարողանա տարածաշրջանային գործընթացներում հայկական կողմի գործողությունները պահել տեսադաշտում: Տարածքային եւ ինքնորոշման խնդիրների առաջ բերած աղմուկը երբեք չի դադարի հնչել Անկարայի ականջներում: Պետք է ենթադրել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործուն մասնակցության նրա պահանջը թերեւս բավարարվել է: Եվ չնայած ՀՀ արտգործնախարար Էդ. Նալբանդյանի հայտարարությանը, ըստ որի՝ «հարաբերությունների կարգավորումը կապված չէ ղարաբաղյան հիմնախնդրի հետ, եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքում այդ հարցը երբեւէ քննարկման առարկա չի եղել», այնուամենայնիվ, փաստերը հակառակն են վկայում: Թուրքիան հիմնախնդրի միջազգայնացումից հետո Մինսկի խմբի անդամ երկիր է, եւ եթե անդամ երկրների գործուն մասնակցությունը կարգավորման գործընթացին էապես նեղացել է՝ հանգելով եռանախագահության, ապա Թուրքիան չի կասեցրել իր անդամակցությունը: Բացի այդ: Ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ տարաձայնություններ գոյություն ունեն հենց Անկարայում վարչապետ Էրդողանի եւ նախագահ Գյուլի միջեւ: Ըստ «Հյուրիեթ»-ի՝ ապրիլի 9-ին Էրդողանը խիստ կոշտ դիրքորոշում է հանդես բերել. «Հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է լուծվի առաջինը, hետո կարող են լուծվել նաեւ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ խնդիրները», «մենք հույս ունենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանը կճանաչի որպես օկուպանտ, որն օկուպացրել է Lեռնային Ղարաբաղը, եւ որոշում կընդունի՝ կոչ անելով Հայաստանին զորքերը դուրս բերել շրջանից»: Եթե սա պաշտոնական Անկարայի միջեւ դերերի բաշխում չէ, ապա Էրդողանն ակնհայտ փորձում է տապալել մազե կամրջով անցնող հայ-թուրքական բանակցությունները:

Չի բացառվում, որ իրադարձությունների այսօրինակ զարգացումը ձեռնտու է նաեւ Երեւանին, որը բանակցությունների տապալման համար մատնացույց կանի Թուրքիային:

Մինչդեռ հայ-թուրքական բնականոն հարաբերությունների կարիք ունեն երկու երկրներն էլ, եւ կողմերը պարտավոր են առաջ ընթանալ: Հայաստանի ապաշրջափակումը, հաղորդակցության կենսական ուղիների լիարժեք օգտագործումը, դրկիցների հետ փոխշահավետ, բնականոն հարաբերությունների հաստատումը հնարավորություն կընձեռի, որ մեր երկիրը կարողանա կարգավորել եւ բացել շնչառությունը: Անշուշտ, հայ-թուրքական հարաբերությունները բարդ հարաբերություններ են եւ այդպիսին էլ մնալու են, իսկ հայ քաղաքական մտքի պարզունակությունը եւ աշխարհայացքային նեղությունն էապես նվազեցնելու են դրանց օգտակարությունը հայկական կողմի համար: Բացի այդ: Հայաստանի ներքաղաքական, ներհասարակական կյանքի խարխուլ վիճակը թղթե տնակի է վերածելու նաեւ արտաքին քաղաքականությունը՝ հանձնելով աշխարհաքաղաքական քամիների քմահաճությանը:

Եվ մենք ընթանալու ենք մի ճանապարհով, որտեղից չենք կարող վերադառնալ: Վերադարձի եւ քաղաքական ճանապարհորդության համար մեր ներուժը սպառված է: Հենց այդ պատճառով են մեր գրպանը մեկ ուղղության տոմս խոթել՝ մեկնելու, սակայն ոչ վերադառնալու համար՝ մեր երեսին նետելով՝ «Never coming back».երբեք չվերադառնալ: Եվ մենք այնքան շփոթահար ենք, որ չգիտենք, թե պատմության ո՞ր կայարանում են մեզ իջեցնելու ճեպընթացից՝ անցյալի՞, ներկայի՞, թե՞ ապագայի: Մենք միայն գիտենք, թե որտեղի՞ց ենք եկել, սակայն չգիտենք, թե ո՞ւր ենք գնում:

2.

Papa, Why Do You Play

All The Same Old Songs.

I Heard My Father Say:

“«Dance Your Own Dance,

And Never Forget

N\’Oubliez Jamais»”

 

Հայրիկ, ինչո՞ւ ես դու նվագում

Նույն հին երգերը:

Ես լսեցի ինչպես հայրս ասաց.

«Պարիր քո պարը,

Եվ երբեք մի մոռացիր։

Երբեք մի մոռացիր»։

 

Ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ միջազգային հանրության համար ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհի ամենամեծ խոչընդոտը Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված 1915թ. Հայոց ցեղասպանությունն է: Անհողդողդ սառցալեռան պես այն կանգնել է անցյալի եւ ներկայի հատույթում՝ փակելով ապագայի ճանապարհը: Ժամանակի քաղաքական տաք քամիներն անկարող եղան հալեցնել այն՝ հանդիպելով պատմության սառը հայացքին: Սառցալեռը շրջանցելը հնարավոր չէ, եւ Անկարան ուզում է ետ շրջել թուրքական նավը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման յուրաքանչյուր փորձից մղկտում է Ցեղասպանության բաց վերքը: Եվ այն դժվար է դիտարկել աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում. պատմական հայրենիքի մի մասի կորուստը, 1,5 միլիոն հայերի կոտորածը, մի ողջ ժողովրդի համաշխարհային պատմության զարգացման ճանապարհից դուրս նետելը չեն ենթարկվում քաղաքականության սառը կանոններին: Չեն ենթարկվում ոչ միայն Հայաստանի եւ Սփյուռքի, այլեւ Թուրքիայի համար: Չեն ենթարկվում Եվրոպայի եւ Մ. Նահանգների համար: Ցեղասպանության ճանաչումը չի կարող կապ ունենալ քաղաքականության հետ: Դա մինչեւ անգամ պատմական արդարության հետ կապ չունի, մանավանդ որ «ցեղասպանության վերջին զոհն արդարությունն է» (Բոգդան Գեմբարսկի): Ցեղասպանությունը, որը տեղի ունեցավ Եվրոպայի երեսպաշտ հայացքի ներքո, 94 տարի հետո էլ կարիք չի զգում, որ իրեն հավատան: Ցեղասպանությունը 94 տարի հետո էլ շարունակում է մնալ այն շառաչուն ապտակը, որը հասցրեց Օսմանյան Թուրքիան մարդկությանը:

Ցեղասպանության մերժումը հնարավորություն չի տալիս մեզ առաջ ընթանալ եւ աշխարհին համընթաց քայլել: Ավելի քան ինը տասնամյակի ընթացքում Ցեղասպանությունը ճզմել է, խեղդել մեր մեջ լիարժեք ապրելու ձգտումը: Հաճախ թվում է, որ մենք ամաչում ենք ապրել, որովհետեւ մեր միլիոնուկես ազգակիցներին կոտորել են, մենք հրաժարվում ենք կառուցել զարգացող, կենսունակ, ժողովրդավարական երկիր, քանի որ կորցրել ենք մեր պատմական հայրենիքը, իսկ այն մասը, որը պահպանել ենք, արժեզրկվել է մեզ համար: Մենք արդարություն ենք պահանջում կամ մուրում աշխարհից, երբ մեր իսկ երկիրը հեծում է անարդարության մեջ: Մենք ուզում ենք, որ աշխարհը մի կողմ դնի քաղաքական պատեհապաշտությունը եւ շահերը, երբ մեր իսկ հետապնդած շահերը քայքայում են մեր երկիրը: Բարոյազուրկ, ապականված՝ մենք ուզում ենք, որ աշխարհը մեզ հետ անբարո չվարվի:

Սակայն եթե հայ ժողովուրդը 20-րդ դարասկզբին դարձավ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության զոհը, ապա Թուրքիան 20-րդ դարավերջին եւ 21-րդ դարասկզբին ինքը վերածվեց Ցեղասպանության հոգեբանական զոհի: Միջազգային հանրության կողմից ժամանակ առ ժամանակ ցուցաբերվող ճնշումները, հենց Թուրքիայի ներսում հասարակական հուզումները Թուրքիային մղել են հոգեբանական փակուղի: Ցեղասպանության ճանաչումը կարող է օգնել Թուրքիային «թոթափելու պատմական բեռը»՝ ազատվելով այն ծանր կշռաքարերից, որոնք կախված են նրա պարանոցից: Եվ որքան էլ Սերժ Սարգսյանը հայտարարի, թե՝ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չենք համարում նախապայման, Թուրքիան Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցումը չի համարում նախապայման», այնուամենայնիվ Անկարան վախենում Է թուրքական նավը հարվածել Ցեղասպանության սառցալեռանը:

Երբ Հայաստան այցելող որեւէ երկրի ղեկավար Երեւանի օդանավակայանում իջնում է ինքաթիռից, փորձում եմ որսալ նրա հայացքի ուղղությունը: Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը շրջվեց եւ նայեց Արարատին: Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը չշրջվեց եւ Արարատին չնայեց: Հայաստանի կողմից երեւացող Արարատը նրա համար Ցեղասպանության սառցալեռն էր: Սակայն Գյուլի հայացքը ոչ լարված էր, ոչ էլ մտահոգ: Նա թերեւս այդ ժամանակ շոշափելիորեն զգաց, որ երկիրը, ուր ինքը ոտք դրեց, Հայաստանն է, եւ հենց այդ պահին, երբ նա ոտք դրեց Հայաստանի հողին, երկարատեւ ընդհատումից հետո Հայաստանի եւ Թուրքիայի պատմությունները դարձյալ միախառնվեցին:

Շարունակությունը՝ հաջորդ համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել