Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՈՒԲՍԻԴԻԱՆ ՕԳՆԵԼ Է

Ապրիլ 16,2009 00:00

\"\"Եթե պետությունը էլի օգնի՝ Սյունիքի մարզում կավելանան մշակվող հողերը

Սյունիքում գարնանացանի աշխատանքները բարձրադիր գոտիներում արդեն սկսվել են, իսկ ցածրադիր գոտիներում՝ գրեթե ավարտվել են: Բանջարաբոստանային կուլտուրաները, տնկիներն ու սածիլներն արդեն հողին են պահ տրվել: Գարնան ցորենի սերմացուի պահանջ կզգացվի, իսկ գարու սերմացուով, ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետի, ապահովված է մարզը: «Դեռեւս 2007 թվականին մարզին հատկացված 178 տոննա գարնան գարու սերմացուից ստացված լավ արդյունքի շնորհիվ է, որ այսօր գարնան գարու սերմացուի պակաս չունենք: 35-36 ցենտներ ենք ստացել մեկ հեկտարից, իսկ դա մինչ օրս արձանագրված ամենալավ արդյունքն է»,- հավաստիացնում է Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանը:

Նախքան 2009-ի համար կանխատեսումներ անելը, պարոն Խաչատրյանը խոսեց 2008 թվականից, նշելով, որ տարին բարեհաջող էր մարզի գյուղատնտեսության համար: 2007-ի համեմատությամբ, մարզում 3200 հետկարով ավելացել են մշակվող ցանքատարածությունները, ինչն էլ անմիջապես ազդել է համախառն բերքի առատության վրա: 2008 թվականին Հայաստանի կառավարությունը 255,7 միլիոն դրամ սուբսիդա էր տրամադրել մարզին` հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման եւ արտադրության զարգացման նպատակով: Նշված գումարը հիմնականում տրվել էր Սիսիանի եւ Մեղրու շրջանների գյուղացիական եւ ֆերմերային տնտեսություններին: Սիսիանի շրջանի 31 համայնքների 7787,2 հեկտար ցանքատարածությունների համար 2829 գյուղացիական եւ ֆերմերային տնտեսությունների՝ 250,7 միլիոն դրամ էր հատկացվել, իսկ Մեղրու շրջանի 9 համայնքներին տրվել էր 4,9 միլիոն դրամ` 1919,9 հեկտար ցանքատարածության եւ 270 շահառուների համար:

«Բավական լուրջ արդյունք է տվել սուբսիդիան: Նախ ավելացան ցանքատարածությունները, չմշակվող շատ տարածքներ մշակվեցին, ավելացավ համախառն բերքը, հիմնականում՝ հացահատիկը: Աշխատուժի ներգրավման խնդրի լուծմանն էլ նպաստ եղավ: Այժմ սպասում ենք 2009 թվականի սուբսիդավորման գումարին, որի առավելությունը մեծ է: Կլուծենք գյուղացիական եւ ֆերմերային տնտեսությունների շատ խնդիրներ, դրան զուգահեռ՝ կրկին համախառն բերքի ավելացում կգրանցվի, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի հարցը կլուծվի: Ողջ մարզը սուբսիդավորելու դեպքում ցանքատարածությունները 3200 հեկտարի փոխարեն կավելանան 6-7 հազար հեկտարով: Սակայն, նախնական տվյալներով, սուբսիդիա է հատկացվելու բարձրլեռնային գոտիների գյուղերին՝ 1900 մետր եւ ավելի»,- հավելում է գյուղատնտեսության վարչության պետը:

Մարզում պարարտանյութերի խնդիր կա այժմ: Ըստ Քաջիկ Խաչատրյանի, նախկինում պարարտանյութի ձեռքբերման համար մարզին սուբսիդիա էր տրամադրվում, որի շնորհիվ հաջողվում էր շուկայականից ցածր գներով պարարտանյութ ձեռք բերել եւ էժան գներով տրամադրել գյուղացիներին: 2008 թվականին մոտ 1400 տոննա պարարտանյութ է ձեռք բերվել մարզի համար:

Եթե 2008 թվականին գյուղատնտեսության ձեռքբերումները մարզում շոշափելի են, ապա 2009 թվականի համար նույն արդյունքները կամ ավելին անել հնարավոր կլինի միայն անհրաժեշտ սուբսիդիա տրամադրելու դեպքում: Քաջիկ Խաչատրյանը շեշտում է, որ համայնքներից պարարտանյութի 20 տոննա պահանջարկ արդեն ներկայացվել է եւ նկատում՝ պարարտանյութի բացակայությունը կհանգեցնի բերքատվության նվազմանը: 2008 թվականի տվյալներով, մեկ հեկտարից միջին բերքատվությունը կազմում է 22.6 ցենտներ, իսկ հողը պարարտանյութի երես չտեսնելու դեպքում՝ հազիվ 12.3 ցենտներ բերք կստացվի: Մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետի կանխատեսմամբ, 50 տոկոս նվազումը նշանակում է, որ եթե անցած տարի հավաքվել էր 46 հազար տոննա, ապա այս տարի՝ եթե պարարտանյութի հարցը չլուծվի՝ լավագույն դեպքում կհավաքվի 25 հազար տոննա հացահատիկ: Ամեն ինչ կախված է սուբսիդիա ստանալ-չստանալու հարցից:

Անդրադառնալով վերջերս մարզի որոշ գյուղերում, հատկապես Սիսիանի շրջանի Ծղուկ գյուղում խոշոր եղջերավոր անասունների շրջանում բռնկված բրուցելոզի դեպքերին, մեր զրուցակիցը ասաց, որ վարակի բռնկումը միանգամից այդքան շատ գլխաքանակի մոտ բացառվում էր՝ դա հիմնականում անասնաբուժական ծառայությունների թույլ հսկողության եւ գյուղացիների կողմից վարակը թաքցնելու հետեւանք է: «Ուժեղ վերահսկողությունների, պարբերաբար այցելությունների, ստուգումների պարագայում նման բան չէր լինի: Մի կողմից անասնաբույժներին չես էլ կարող մեղադրել, միանգամից մի քանի գյուղ են սպասարկում՝ առանց ծառայողական մեքենայի: Շատ հաճախ էլ գյուղացիներն են թաքցնում, որ հիվանդ կով ունեն: Ընդամենը մի քանի կով ունեն եւ հասկանում են, որ հարկադիր մորթի դեպքում վնաս են կրելու, ուստի կամ կովը վաճառում են, կամ արոտ ուղարկում գյուղի մյուս կովերի հետ, իսկ այսպես վարակը տարածվում է: Նախանցյալ տարի Ծղուկում 13 գլուխ խոշոր եղջերավոր անասուն էր վարակված բրուցելոզով, պետք էր լիկվիդացվեր, բայց գյուղացուն պարտադրել չես կարող, ասում է՝ իմ կովն է, ինչ ուզում է՝ թող լինի: Այդ կովը ուղարկեցին արոտ ու հիմա ավելի քան 100 անասուն է վարակված բրուցելոզով: Այժմ Ծղուկում դեռ 550 գլուխ անասուն կա, իսկ բրուցելոզը այնպիսի հիվանդություն է, որի հայտնաբերման դեպքում բոլորը պետք է հեռացվեն գյուղից եւ հարկադիր մորթի ենթարկվեն, հակառակ դեպքում մեկ, երկու կով, անուշադրության արդյունք կլինի, թե ոչ՝ դուրս կմնա վարակազերծումից»,- ասում է գյուղվարչության պետը: Իսկ նման իրավիճակներում կարող են հայտնվել մարզի մի շարք գյուղեր, որոնք հիմնականում անասնապահությամբ են զբաղվում: Նման գյուղերը Սյունիքի մարզում քիչ չեն:

Հ. Գ. ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը երեկ հայտարարել է, որ ինչպես անցած տարի, այս տարի եւս պետությունը գյուղատնտեսությանը 1.6 միլիարդ դրամ սուբսիդիա կտա: Այս տարի այն կուղղվի հիմնականում հացահատիկի մշակմանը՝ բարձրլեռնային համայնքներում: Ընտրվել է 221 համայնք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել