Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ ՊԱՀԵՍՏԻՑ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է

Ապրիլ 16,2009 00:00

«Գույքի գործը»՝ դատարանում

Երբ Սերգեյ Հակոբյանն ու Գայանե Կիրակոսյանը ծնվել են, նրանց ճակատներին, հավանաբար, գրի փոխարեն խզմզանք է եղել, մոտավորապես այսպիսի. «դատարաններից դուրս չգաք»։ Դրա համար էլ ընտանիք կազմած Գայանեն ու Սերգեյը՝ վերջինիս հոր ու եղբոր ընտանիքի հետ ունեցած խնդիրների պատճառով, արդեն 20 տարի իրավադատական քաշքշուկների մեջ են՝ անտուն ու անօգնական։ Ինչպե՞ս։ Սերգեյի թշնամի-հարազատները շրջանառության մեջ են դնում նվիրատվության երկու կասկածելի պայմանագրեր, որոնցով Սերգեյի հայրն իր առանձնատան մի մասը, իբր, նվիրում է Սերգեյի եղբորը, իսկ մյուս մասը՝ քրոջը, որը հաշվառված է հոգեբուժական հիվանդանոցում։ Այդ պայմանագրերը հաշվի առնելով էլ՝ դատարանն ընդամենը 850 դոլարով դադարեցնում է Սերգեյի ընտանիքի չորս անդամների (գրանցված) բնակտարածքի օգտագործման իրավունքը։ Տանիքից զրկվելուց հետո, Սերգեյին ԴԱՀԿ ավագ հարկադիր կատարող Գագիկ Հովհաննիսյանն է «հյուր» գալիս. Սերգեյին, կնոջը եւ երկու անչափահաս երեխաներին վտարում է տնից, տան 148 անուն գույքն էլ գույքագրում ու հանձնում վտարվածների թշնամի-բարեկամներին՝ Սերգեյի եղբորն ու կնոջը՝ Անոյին։ Չորս ամիս անց գույքը տեղափոխվում է ԴԱՀԿ պահեստ։ Տեղափոխումների ընթացքում վտարվածների 20 անուն գույքն անհետանում է։ Դա հայտնի է դառնում, երբ վտարվածները բարեկամի՝ գյուղի տանը ապաստան գտնելուց հետո գալիս են գույքի հետեւից։ Վերցնում են 92 անուն գույքը, 20-ը՝ չեն գտնում, մնացածն էլ վնասված է լինում, որոնք ապրանքատերերը հրաժարվում են այդ վիճակով վերցնել։ Հետագայում հարկադիր կատարող Գագիկ Հովհաննիսյանը խոչընդոտում է ապրանքնատերերի մուտքը պահեստ՝ զննելու, ստուգելու համար։ Գույքից զրկված Սերգեյն էլ դիմում է Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան եւ վիճարկում Գագիկ Հովհաննիսյանի գործողությունները (անգործությունը)։ Առաջին ատյանը մերժում է հայցը, իսկ երկրորդ ատյանը՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, բավարարում, եւ մինչ Սերգեյը համապատասխան մասնագետների հետ կմտներ իր ապրանքը զննելու, զուգահեռաբար եւս մեկ հայց էլ ներկայացնում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատարան։ Այս անգամ ունեզրկվածները Անահիտ Հարությունյանից եւ ԴԱՀԿ-ից պահանջում են 8 հազար դոլարին համարժեք փոխհատուցում՝ վնասված եւ անհետացած գույքի դիմաց։ Բայց մերժում են ստանում ե՛ւ առաջին ատյանում, ե՛ւ վերաքննիչում (նախագահող՝ Արսեն Մկրտչյան)։ Պատճառաբանությունն այն է, որ հայցվորների «պահանջն ուղղված է ավելի շատ երրորդ անձի (ԴԱՀԿ-ի- հեղ.) դեմ, քան պատասխանողի (Անահիտ Հարությունյանի- հեղ.)», որի պահպանության տակ գտնվելու ժամանակ գույքը որեւէ վնաս չի կրել։ Իսկ թե ինչ փաստաթղթով, ստացականով է դատարանը համոզվել Անահիտ Հարությունյանի ասածի մեջ՝ տուժածները չգիտեն, քանի որ այդ նյութերը չեն տրամադրվում իրենց. նրանք կասկած ունեն, որ կեղծ հիմքեր են օգտագործվել, դրվել որոշման հիմքում։ Եթե հաստատվի՝ որոշ պաշտոնատար եւ ոչ պաշտոնատար անձինք կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել։ Բացի դա, դատարանը ուշադրություն չի դարձրել որպես ապացույց ներկայացված, պահեստում արված լուսանկարներին եւ վիճակին ականատես լրագրողի հրապարակմանը։

Հ. Գ. Ունեզրկվելուց հետո Սերգեյը սրտի 2 տագնապ է ունեցել, իսկ գրանցումից զրկված զինծառայող որդին մի կերպ է պրծել քրեական պատասխանատվությունից. փորձել են մեղադրել գրանցումից դուրս գալու եւ զորակոչից խուսափելու մեջ։ Բարեբախտաբար, նման բան չի եղել. որդին ծառայել ու վերադարձել է։ Այժմ ընտանիքը հազիվ գոյատեւում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել