Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տաքսիներն իրենց տեղը կունենան

Ապրիլ 16,2009 00:00

\"\"Մայրաքաղաքում տաքսիները կոնկրետ կայանատեղիներ չունեն, այդ պատճառով էլ դրանք կանգնում են փողոցներում՝ շատ հաճախ խոչընդոտ հանդիսանալով հասարակական տրանսպորտի համար:

Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը քննարկել է մայրաքաղաքում տաքսիների կայանատեղիներ հիմնելու հարցը: Այս մասին երեկ ճեպազրույցում լրագրողներին հայտնել է փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Գ. Բեգլարյանի խոսքերով, խնդրի առնչությամբ տաքսիստները դիմել են իրեն. «Տաքսու վարորդները փողոցում մոտենում են ինձ եւ շատ պարզ հարց են բարձրացնում, մենք իրավունք ունե՞նք կայանելու տեղ ունենալ, թե՞ ոչ: Այդ մարդիկ իրենց մեքենաները կանգնեցնելու տեղ չունեն։ Օրինական թույլտվություն չունենալու պատճառով՝ ստիպված կանգնում են աչքից հեռու տեղերում, ով՝ ինչպես եւ որտեղ պատահի»: Կ. Արեյանի փոխանցմամբ, քաղաքապետը կոչ է արել ներկայացնել այն հատվածների ցուցակը, որոնք կարող են որպես տաքսիների կայանատեղի ծառայել։

Կայանատեղիները կառանձնացվեն ճանապարհային նշաններով, որոնք կտեղադրի «Լուսանշան» ընկերությունը: Գ. Բեգլարյանը հայտնել է, որ արդեն առանձնացրել է 42 տարածք մայրաքաղաքի տարբեր շրջաններում, որոնք առաջիկայում կդառնան կայանատեղիներ։  

Գ. Բեգլարյանը հանձնարարել է նաեւ նախապատրաստվել զբոսաշրջության սեզոնի բացմանը: Զբոսաշրջիկների համար հետաքրքիր վայրերից մեկը՝ Կարմիր բլուրը, որն աղբավայրի է վերածվել, Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ կմաքրվի եւ կբարեկարգվի. «Աշխարհի շատ քիչ քաղաքներ ունեն Էրեբունու կամ Կարմիր բլուրի պես հուշարձաններ: Դրանք գիտական կարեւոր արժեքներ են, մեր ազգային հպարտությունը, որոնցով ներկայանում ենք աշխարհին՝ որպես հարուստ անցյալ ունեցող ժողովուրդ: Մենք պիտի կարողանանք մեր մայրաքաղաքի բոլոր դիտարժան վայրերը շահեկան ներկայացնել զբոսաշրջիկներին եւ հյուրերին, որը մեր մայրաքաղաքի համար կարող է նաեւ եկամտի աղբյուր դառնալ»:

Կ. Արեյանի խոսքերով. «Քաղաքամայր Երեւանի պատմական վայրերն ու հուշարձանները զբոսաշրջիկներին պետք է կարողանանք գրավիչ ներկայացնել. սա եւս քաղաքապետի հստակ հանձնարարականն է: Երեւան այցելած հյուրերը պետք է տեղեկացված լինեն նաեւ մշակութային օջախների եւ մայրաքաղաքի պատմական ժառանգություն հանդիսացող շենք-շինությունների, հուշարձանների տեղակայման, նախատեսվող միջոցառումների մասին»: Կ. Արեյանն անդրադարձավ նաեւ մայրաքաղաքի բակերում ընթացող ասֆալտապատման, կանաչապատման եւ արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներին:

Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանի կայքում կբացվի տուրիզմի էջ, որտեղ մի քանի լեզվով կտեղադրվեն մշակութային միջոցառումների վերաբերյալ ազդագրեր: Տուրիստական սեզոնին ընդառաջ՝ հանձնարարվեց նաեւ մշակել Երեւանից դեպի Հայաստանի տեսարժան վայրեր տրանսպորտային երթուղիների ծրագիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել