Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԻՆ» ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԳՅՈՒՄՐԻՆ ԿԱՌՈՒՑԵԼ

Ապրիլ 16,2009 00:00

\"\"Գյումրեցի շինարարները կտրականապես հրաժարվում են այս կազմակերպության հետ աշխատել

Երեկ Գյումրիի ամենախուլ թաղամասում՝ Մուշ- 2-ում, պաշտոնապես մեկնարկեց բնակարանաշինության սկիզբը, լցվեց առաջին բետոնը, ընդ որում՝ ոչ թե դհոլ-զուռնայի նվագակցությամբ, ինչպես սովորաբար անում են, այլ՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղոթքի ներքո: Այս տարի նախատեսված է կառուցել 1320 բնակարան: Սակայն մինչ արարողության թատերական մասի սկսվելը, շինհրապարակում հավաքված գյումրեցի շինարարները, լրագրողներին տեսնելուն պես, սկսեցին բողոքել «Գլենդել Հիլզի» առաջարկած «անմարդկային պայմաններից ու խտրական վերաբերմունքից»:

«Եթե էս քաղաքը չկառուցվի, միանշանակ իմացեք, որ դա «Գլենդել Հիլզի» ղեկավարների ամբիցիաների պատճառով է: Չգիտես ով է էս մարդկանց ուղեղը լցրել, թե գյումրեցիները ստրուկներ են, մեկ է, ինչ ստրկական պայման էլ ստեղծեք՝ կաշխատեն, գործազուրկների քաղաք է, ճարներն ինչ, որ չաշխատեն, ինչ գին ուզում եք՝ առաջարկեք: Նրանք էլ, առիթից օգտվելով, մեզ էշի տեղ են դրել»,- բողոքում էր բրիգադավար Սուրիկը: Մյուսներն էլ հավելում էին, թե «Գլենդել Հիլզը» թեեւ աշխատանք հայցողների անուն-ազգանունը գրանցում է՝ հետագայում իբրեւ թե զանգելու ու աշխատանքի հրավիրելու նպատակով, սակայն ոտքները քաշելուն պես գրառումներով թուղթը պատռում ու դեն են շպրտում: «91 հազար դրամ են առաջարկում բանվորին, ընդ որում՝ փակցված գները չեն համապատասխանում իրենց տվածին: Խղճներդ կտրվի, էդ գումարով տո՞ւն են պահում: Էղավ, որ էս քաղաքի 90%-ը դարձյալ գործազուրկ մնաց: Անունը դրել են, թե գյումրեցիներին են ընդգրկելու շինարարության մեջ, բայց հենց էլ Երեւանից են բրիգադներ բերել, էդ կողմերի լեզվով են խոսում, մեզ էլ ասում են՝ չեք ուզում գնացեք: Պայմանագիր էլ չեն կնքում: Էս մի քանի հոգուն էլ ձեւականորեն բերել են աշխատացնելու, թե իբր բացումն եղավ, բայց ժողովուրդը գործ չունի, իմիջիայլոց, տրակտորիստներին էլ աշխատացրել ու խաբել են, փողերը չեն տվել, գնացեք իրենց հարցրեք: Ինչի՞ համար են խաբում, մարդավայել գին առաջարկեք՝ մեր քաղաքը մեր ուժերով կառուցենք, ելնենք ու էլի Ռուսաստա՞ն գնանք, էս շինարարությունը կիսատ կմնա, ստեղ էնքան պրարաբ ու բրիգադիր կլցվի, որ բանվորին արդեն փող չի հասնի, 4-5 պրարաբ արդեն Երեւանից կա, բայց խելքները շինարարությունից չի հասնում»,- ասում էր բրիգադավար Շալիկոն, որի ներկայացնելով, իր 22 հոգանոց խումբն այլեւս իրեն թույլ չի տա «Գլենդել Հիլզի» հետ այս թեմայով բառ փոխանակել: «Տեսնեք՝ Հայաստանում կամ Գյումրիում աշխատողների շահերի պաշտպան հասկացությունը կա՞, մենք ինչ ուզում է խոսենք՝ տեղ չի հասնի, մի հատ օղակ էլ չկա, որ մեր բողոքները ներկայացնենք, շատ հնարավոր է էս 2000 հոգուց 500-ը անիմաստ, անտեղի մի ամիս աշխատի ու խաբված, դատարկաձեռն հայրենիքը լքի, մարդիկ տենդերը շահել են, ուզենան մի մանեթ կուտան, ուզենան՝ 5, սա էլ մաֆիայի մի տեսակ է, սա կառավարությո՞ւն է, ձեզ ո՞նց եք հարգում Գյումրին կործանելով»,- ասում էին շինարարները: Նրանցից մեկի կինն էլ՝ Ռուզաննա Թովմասյանը, մեզ խնդրեց իր բառերը փոխանցել երկրի նախագահին. «Հարգարժան Սերժ Սարգսյան, էս հարցին միայն դուք կարող եք լուծում տալ, Գյումրին միք կործանեք, հավատացնում ենք, որ աշխատանք չլինելու պատճառով մեր երեխաները դպրոցում նստած տեղները՝ ուշաթափվում են, մարդիկ էլ քայլող արձաններ են դարձել՝ սոված-ծարավ ամբողջ օրը գործ են ման գալիս: Ինչո՞ւ եք հերթական անգամ խաբում գյումրեցիներին, եթե էսպիսի պայմաններ պիտի ստեղծեիք, ինչո՞ւ հույսով արեցիք ու չթողեցիք խոպան գնան, հիմա ինչո՞վ մենք ապրենք»: Գյումրիում հայտնի վարպետ Մարտինին էլ, 2 օր տքնաջան աշխատեցնելուց հետո, «Գլենդել Հիլզից» դուրս են արել՝ չվճարելով ու նրա փոխարեն Երեւանից մարդ բերելով: «Մատերիալը ստացանք, կրինք-բերինք, հարթեցրինք, արմատուրաները կտրեցինք, մեկ էլ իրենց մարդկանց բերեցին, ասելով, թե՝ էս մեր տարածքն է՝ ուզենք կթողնենք աշխատեք, չենք ուզի՝ չենք թողնի, բայց մոռանում են, որ սա իմ քաղաքն է, ես իմ ձեռքերով եմ այն կառուցել»: Նրանց բրիգադավար Սուրիկը այս հարցը բարձրացրեց «Գլենդել Հիլզի» պատասխանատուի մոտ, սակայն վերջինս բառեր չգտավ պատասխան տալու ու մեքենան նստելով հեռացավ: Սակայն մինչ նրա հեռանալը, մենք փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ պայմաններ չեն ստեղծում գյումրեցիների համար, ինչո՞ւ են կադրեր հրավիրում դրսից: «Ընդհանուր ծրագրի նպատակն այն է, որ Գյումրիի աշխատուժը օգտագործվի, Գյումրիում գյումրեցիները աշխատեն, այսօրվա դրությամբ առանձնապես ուրիշ մարզերից աշխատողներ չկան, հնարավոր են դեպքեր, բայց ընդհանուր շեշտը դրվում է գյումրեցիների վրա: Երեւանից բրիգադ չի բերվել, հնարավոր է բրիգադիրը բերվի Երեւանից, աշխատողները գյումրեցիներ են: Իսկ գների հետ կապված ասեմ, որ ես անձամբ, մի քանի օր առաջ էլ հավաքված էին որոշակի քանակությամբ մարդիկ, գնացուցակը որոշ չափով ներկայացրի, եւ դրանից հետո դժգոհության ոչ մի արձագանք չեղավ, մարդիկ հասկացան, ընդունեցին իմ ասածը, եւ դրանից հետո փակցվեցին նաեւ գնացուցակները, եւ այսօրվա դրությամբ դեռեւս ոչ մի դժգոհություն չեմ լսել»,- վստահեցնում էր «Գլենդել Հիլզ» կազմակերպության Գյումրիի կառուցապատման պատասխանատու Միքայել Ներսիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել