Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ասուլիս՝ պանիրների եւ երշիկների հարեւանությամբ

Ապրիլ 16,2009 00:00

Երեկ Սեւծովյան բանկի նախագահ Հայրեթթին Կապլանն այցելել էր Իսահակյան փողոցում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետ, որպեսզի սեփական աչքերով տեսնի՝ բանկի կողմից տրամադրված գումարները ծառայե՞լ են նպատակին, թե՝ ոչ: Նշենք, որ Հ. Կապլանը ասուլիսը կազմակերպել էր հենց սուպերմարկետի վաճառասրահում՝ պանիրների, կետչուպների եւ մսամթերքի հարեւանությամբ: Ցույց տալու համար, որ սուպերմարկետում առեւտուրը եռում է, եւ պարոն Կապլանի նախագահած բանկի փողերն աննպատակ չեն ծախսվել, անգամ այն պահին, երբ լրագրողները ձայնագրում էին բանկի նախագահի ասուլիսը, վաճառողուհիները ակտիվորեն առեւտուր էին անում:

Ընդհանուր առմամբ, Հ. Կապլանը Հայաստանում կատարած իրենց ներդրումները արդարացված համարեց եւ ասաց, որ վերջին տարիների ընթացքում ներդրումների ծավալը կրկնապատկվել է. «Դա մինչեւ ճգնաժամն էր: Մեր բաժնետերերը ստացել են մեր աջակցությունը: Իսկ ճգնաժամի պայմաններում մենք կարող ենք գումարներ վերցնել միջազգային շուկայից, որպեսզի կարողանանք ֆինանսավորել մեր նախագծերը»: Սեւծովյան բանկի նախագահը հայտարարեց, որ ճգնաժամն իրենց չի վախեցնում, ուստի փորձելու է Հայաստանի կառավարության եւ մասնավոր հատվածի հետ քննարկել մի շարք իրենց հետաքրքրող նախագծեր, որոնք էլ պատրաստ կլինեն ֆինանսավորել. «Ճգնաժամի պայմաններում մեր օրենքը թելադրում է, որ աջակցենք այն երկրներին, որոնք ունեն տնտեսական խնդիրներ: Մենք լավ գիտենք մեր տարածաշրջանը եւ գիտենք՝ որտեղ ներդրում անել եւ ինչպես շարունակել զարգացումները»: Չնայած դրան, նա ասաց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից Հայաստանն ավելի քիչ է ազդվել, քան Եվրոպան ու Ամերիկան, եւ իրենք շարունակելու են իրենց ներդրումները մեր երկրում: Նա հատնեց, որ իրենք Հայաստանում ունեն $17 միլիոնի փաթեթ՝ սկսած բանկային համակարգից, էներգետիկ բնագավառից՝ մինչեւ մանրածախ առեւտուր: «Էներգետիկայի բնագավառում մենք մի քանի նախագծեր ունենք, որոնք դեռ մշակման փուլում են, բայց ուզում ենք Հայաստանում մեր կապիտալն ընդլայնել ու մեր ներկայացուցչությունը ավելի հզորացնել, որոնց իրականացման համար պատրաստ ենք նոր ներդրումների»,- նշեց Հ. Կապլանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել