Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՆՎԻՐԵԼ ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ

Ապրիլ 16,2009 00:00

\"\"Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարծում է, որ միկրոավտոբուսների ինքնարժեքը 58,3 դրամ է, իսկ ուղեւորափոխադրողները պնդում են, որ վնասով չաշխատելու համար այն պետք է լինի 200 դրամից ավելի:

Մայրաքաղաքի եւ մարզերի ուղեւորափոխադրող ընկերություններն արդեն մեկ շաբաթ է, ինչ պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում եւ հրաժարվում են «գիծ» դուրս գալ: Նրանց հավաստմամբ, արդեն մեկ տարի է՝ աշխատում են վնասով, քանի որ երթուղիները շահագործում են ինքնարժեքից ցածր գնով: Վարորդների ներկայացմամբ, իրենք հազիվ են կարողանում փակել օրվա պլանը, իսկ գծատերերն էլ ոչ մի կոպեկ չեն ուզում իջեցնել օրավարձը, պատճառաբանելով, որ առանց այդ էլ հազիվ են կարողանում ապառիկով վերցրած մեքենաների գումարը փակել ու հարկերը վճարել: Նշենք, որ նախորդ տարի եւս, երբ ուղեւորափոխադրող ընկերությունները պնդում էին, որ իրենք աշխատում են վնասով եւ առաջարկում էին բարձրացնել ուղեվարձը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրություններ էր կատարել ու պարզել, որ այդ բիզնեսը բավականին եկամտաբեր է, քանի որ միկրոավտոբուսները շահագործվում են ինքնարժեքի գրեթե կրկնակի գնով: Այսպիսով, ըստ հանձնաժողովի դիտարկման, Երեւանում երթուղային միկրոավտոբուսով մեկ ուղեւորի փոխադրման ինքնարժեքը կազմում է ընդամենը 58,3 դրամ, մինչդեռ դրանց սահմանված ուղեվարձը 100 դրամ է։ Հանձնաժողովը որոշել էր նաեւ, որ վնասով աշխատում են միայն «Պազ» եւ «Բոգդան» մակնիշի ավտոբուսները: «Պազ» մակնիշի ավտոբուսով մեկ ուղեւորի տեղափոխման ինքնարժեքը 87,03 դրամ է, մինչդեռ ուղեվարձը 70 դրամ է։ Իսկ «Բոգդան» ավտոբուսով 1 ուղեւորի տեղափոխման ինքնարժեքը 114 դրամ է, ուղեվարձը՝ 100 դրամ։ Ու որքան էլ միկրոավտոբուսային երթուղիներ շահագործող մի շարք ընկերությունների ղեկավարներ փորձեցին մեր կառավարությանը համոզել, թե մեկ ուղեւորի փոխադրման ինքնարժեքը ոչ թե 58, այլ 180 դրամ է, կառավարությունը նրանց փաստարկներին լուրջ չվերաբերվեց, եւ առայսօր ուղեվարձը մնաց անփոփոխ:

Մեզ հետ զրույցում «Ուղեւորափոխադրող ընկերությունների միության» նախագահ Գագիկ Մկրտչյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այս ուսումնասիրությունը որակեց որպես անլուրջ, անհիմն ու անգամ թեթեւսոլիկ: Գ. Մկրտչյանն ասաց նաեւ, որ եթե հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը կարողանա այդ գնով երթուղի շահագործել, իրենք պատրաստ են ցանկացած երթուղին նրան նվիրել: Գ. Մկրտչյանի ներկայացմամբ, անգլիական հայտնի անկախ փորձագիտական ընկերություններից մեկը հաշվարկել եւ պարզել է, որ երթուղին շահագործողը կարող է եկամուտով աշխատել միայն այն դեպքում, երբ միկրոավտոբուսի ուղեվարձը արժենա 212 դրամ: «Մենք ժողովրդի վիճակը հասկանում ենք, բայց ստացվում է, որ մենք արդեն մեկ տարի է, ինչ աշխատում ենք վնասով: Սակագները բարձրացնելու առաջարկով մենք դիմել ենք տրանսպորտի եւ կապի նախարարություն, հանրապետության նախագահին եւ վարչապետին ու տեղեկացրել ենք, որ ներկայիս պայմաններով աշխատել այլեւս հնարավոր չէ: Սակագնի փոփոխություն անպայման պետք է լինի»: Ըստ Գ. Մկրտչյանի՝ անտրամաբանական է, որ ամբողջ երկրում թանկանում են բոլոր ապրանքատեսակները, իսկ հասարակական տրանսպորտի գինը «արհեստականորեն պահվում է նույն մակարդակի վրա»: Նրա խոսքերով. «Եթե աճում է վառելիքի, ավտոպահեստամասերի գինը, ինչպե՞ս կարող է տրանսպորտը չթանկանալ: Կամ, ասենք, վարորդը օրական ստանում է 2-3 հազար դրամ, արդեն թանկացել է էլեկտրաէներգիան, գազը, հացը, ձեթը եւ սնունդն ընդհանրապես, այդ գումարով վարորդը ինչպես կարող է ապրել: Ուրեմն պետք է բարձրացնել նաեւ նրա աշխատավարձը, որ կյանքի թանկացման հետ նա կարողանա գոյատեւել: Ակնկալում ենք, որ սակագինը լինի գոնե 150 դրամ»: Մեր այն հարցին, թե 150 դրամ ուղեվարձի պարագայում էլ վնասներ կկրեն, պարոն Մկրտչյանը պատասխանեց. «Կախված ուղեւորահոսքից՝ օգուտը կարող է շատ չնչին լինել: Վնաս կարող է չլինի, լինի զրոյական, բայց գոնե մարդիկ կկարողանան իրենց հիմնարկները պահել: Եթե այսպես շարունակվի, ապա մի քանի տարի հետո տրանսպորտը կաթվածահար է լինելու, որովհետեւ ոչ ոք ռիսկ չի անի նորից մեքենա բերել»: Ի պատասխան մեր դիտարկմանը, թե այն ուղեւորափոխադրող ընկերությունները, որոնք աշխատում են վնասով, ինչո՞ւ չեն հրաժարվում երթուղու շահագործումից, Գ. Մինասյանն ասաց. «Մարդիկ ո՞նց հրաժարվեն, հիմնարկների վրա պարտքեր կան կուտակված, դուրս գալու ժամանակ որտեղի՞ց միջոցներ գտնեն այդ գումարները փակելու համար: Հիմա մի իրավիճակ է, որ ոչ կարողանում են աշխատել, ոչ՝ հրաժարվել»:

Նշենք, որ «Բոգդան» շահագործող ընկերությունները 1 մեքենայի համար վճարում են ամսական 44 հազար, իսկ երթուղային միկրոավտոբուսների համար՝ ամսական 34 հազար դրամ հաստատագրված վճար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել