Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկակի վերաբերմունք ՀՀ եւ Վրաստանի հայ քաղբանտարկյալների հանդեպ

Ապրիլ 16,2009 00:00

\"\"Դրա մասին վկայում է Ֆրանսիայում քաղաքական ապաստան ստացած Հայաստանի քաղաքացին

Ապրիլի 14-ին Փարիզում՝ Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատան մոտ, տեղի է ունեցել ցույց՝ ի պաշտպանություն «Միասնական Ջավախք» շարժման ղեկավար Վահագն Չախալյանի, որն ապօրինի զենք պահելու եւ արգելված հանրահավաքի մասնակցելու մեղադրանքներով անցած շաբաթ դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ բողոքի ցույցը, որն ընթացել է «Ազատեք Չախալյանին» եւ «Արդարություն» կոչերով, կազմակերպել էր Ֆրանսիայի հայ համայնքի ղեկավար մարմինը: Վրաստանի դեսպան Մամուկա Կուդավան ընդունել է Հայկական կազմակերպությունների կարգավորող խորհրդի ներկայացուցիչներին, որոնք փոխանցել են համայնքի մտահոգությունները եւ առաջարկել վերանայել Չախալյանի դատավարությունը, ինչպես նաեւ հնարավորություն տալ նրան ընտրելու իր դատապաշտպանին՝ հանձին ֆրանսահայ փաստաբան Պատրիկ Արաբյանի, ինչը Վրաստանի իշխանությունները նախկինում մերժել են:

«Հոկտեմբերի 27»-ի մասին իր հրապարակումներից ու դրանց հետեւած հետապնդումներից հետո Ֆրանսիայում քաղաքական ապաստան ստացած ՀՀ քաղաքացի Վահագն Ղուկասյանը երեկ էլեկտրոնային փոստով «Առավոտին» է ուղարկել իր հայտարարությունը, ըստ որի՝ «Ապրիլի 14-ին Փարիզում Վրաստանի դեսպանատան դեմ բողոքի ցույցի կազմակերպիչներն առաջնորդվում են երկակի չափանիշներով: Այսինքն՝ նրանց ամենեւին էլ չի հետաքրքրում, որ Վրաստանում ազգությամբ հայ քաղբանտարկյալ կա: Այսպես եմ կարծում, որովհետեւ առողջ տրամաբանությունը վկայում է, որ եթե դատապարտելի են համարում քաղբանտարկյալի գոյությունը, ապա նույն կերպ էլ պետք է դատապարտելի համարեն Հայաստանում առկա քաղբանտարկյալների գոյությունը: Սակայն նրանք ոչ միայն չեն փորձում դատապարտել Հայաստանում քաղբանտարկյալների գոյությունը, այլեւ նույնիսկ հային ոչ սազական ու ամոթ են համարում ՀՀ-ում քաղբանտարկյալների գոյության մասին բարձրաձայնելը»:

Վահագն Ղուկասյանն անձամբ փորձել է մասնակցել այդ ցույցին ու վկայել է, որ թեեւ հայկական մի կայքէջում նշվել էր, թե այդ ցույցին իբր հարյուրավոր հայեր են մասնակցել՝ «Սակայն իրականում 25-30 մարդ էր մասնակցում: Նրանք նկատելով իմ ձեռքի ցուցանակը, (որի մի կողմում Սերժ Սարգսյանի լուսանկարն էր՝ «Serj Sarksyan, No.1 diectateur en Armenie» մակագրությամբ, իսկ մյուս կողմում՝ «En Armenie, aujord\’ hui il y en a plus de 50 prisonniers politiques», այսինքն՝ «Այսօր Հայաստանում էլ 50-ից ավելի քաղբանտարկյալներ կան»), առիթ դարձավ, որ ցույցին մասնակցող դաշնակցականների պահանջով՝ ոստիկաններն ինձ ստիպողաբար նստեցրին ոստիկանական մեքենան եւ տեղափոխելով Փարիզի մեկ այլ թաղամաս՝ ազատ արձակեցին (հաշվարկն այնպիսին էր, որ մինչեւ ցույցի ավարտը չէի հասցնի վերադառնալ): Ինձ ցուցարարների միջից հեռացնելու պատճառն այն էր, որ բողոքի ակցիայի կազմակերպիչներն անհարմար էին զգում իմ ցուցապաստառի ներկայությունից: «Ամոթ է, պարոն, այստեղ մենք պահանջում ենք ազատել Վրաստանում բանտարկված հային, իսկ Դուք աս ի՞նչ եք գրել: Ամոթ է, մարդիկ անցնում են, կարդում են՝ «Հայաստանում՝ քաղբանտարկյալ»: Մի խոսքով, խորհուրդ էին տալիս պահել իմ ձեռքի պլակատը, բայց իմ անհամաձայնությունը լսելուց հետո՝ նրանք սկսեցին ուղղակի վիճել ինձ հետ, եւ հենց այդ վեճն էլ պատճառաբանելով՝ տարածքում գտնվող ոստիկաններին բողոքեցին, թե ես բորբոքում եմ հավաքվածների կրքերը, որ տվյալ ցույցն անցկացնելու թույլտվությունն իրենցն է…

Ես, իհարկե, մինչ այդ կանգնել էի լուռ՝ առանց որեւէ մեկին խանգարելու, կազմակերպված ցույցի դեմ բողոքելու, եւ մասնակիցներին չեմ փորձել վիրավորել: Սակայն եթե իրենց վիրավորում ու բորբոքում էր իմ ձեռքի ցուցանակը՝ հետեւաբար դրանով նրանք խոստովանում էին, որ ոչ միայն դատապարտելի չեն համարում Հայաստանում քաղբանտարկյալների գոյությունը, այլեւ կողմնակից են ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականությանը եւ հնարավոր ամեն ինչ անում են, որ հնարավորինս քիչ հայտնի դառնա իրենց պաշտպանած ռեժիմի ապօրինությունների մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել