Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Ապրիլ 16,2009 00:00

Սերժ Սարգսյանի ութ խորհրդականներից առնվազն չորսը խորհուրդներ են տալիս տնտեսության վերաբերյալ

Ի՞նչ գործառույթներ եւ աշխատանքային ծանրաբեռնվածություն ունեն նախագահի խորհրդականները: Համաձա՞յն են արդյոք այն տեսակետին, թե խորհրդականի պաշտոնը յուրօրինակ «պատվավոր աքսոր» է, բարոյական փոխհատուցում՝ աշխատանքից ազատված պաշտոնյաների համար: Այս հարցերն էինք երեկ ուղղում նախագահի խորհրդականներին: Բոլոր 8-ի հետ զրուցել չհաջողվեց՝ տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը եւ ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը հանրապետությունում չէին: Ի դեպ, վերջինիս աշխատասենյակը ոչ թե նախագահի նստավայրում է, այլ Գլխավոր շտաբի հարեւանությամբ՝ «Մոնումենտի» մոտ: Իսկ նախագահի նորանշանակ խորհրդականներ Մանուկ Վարդանյանն ու Յուրի Վարդանյանը աշխատասենյակներ չունեն, ու նախագահի աշխատակազմի ընդհանուր բաժնում չունեն նրանց հեռախոսահամարները: Ահա մնացած խորհրդականների պատասխանները մեր հարցերին:

\"\"Վարդան Խաչատրյանը, որը մինչ նախագահի խորհրդական դառնալը՝ 2000-2008 թվականներին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարն էր, պատմեց. «Զբաղվում եմ նախագահի հանձնարարականներով, որ հիմնականում առնչվում են տնտեսության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերին: Այսինքն, երբ անհրաժեշտություն կա՝ նախագահը հանձնարարում է, եւ տվյալ խնդրի վերաբերյալ ուսումնասիրություններ եմ կատարում ու հայտնում իմ տեսակետը: Իսկ ընդհանուր առմամբ՝ զբաղվում եմ միկրոէկոնոմիկայով: Եթե համեմատենք նախարարի գործունեության հետ՝ իհարկե, այդքան ծանրաբեռնված չեմ»: Պատվավոր աքսորի վերաբերյալ հարցին Վարդան Խաչատրյանը, որը նաեւ ՀՀԿ խորհրդի անդամ է՝ նախ հարցով պատասխանեց. «Դե, դա ես ո՞նց կարող եմ ասել…»: Ու ծիծաղելուց հետո հավելեց. «Պարզ չէ՞, որ Սահմանադրությամբ կան 3 ճյուղեր՝ գործադիր, օրենսդիր ու դատական: Եթե դրանց մեջ ընդգրկված չես՝ ըստ էության, մնացած բոլորը նախապատրաստություն է այդ մարմիններում աշխատելու համար: Կամ հակառակը՝ այնտեղից հեռանալու համար»:

\"\"Մանուկ Թոփուզյանը, որը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն էր 2000-2008-ին՝ այժմ որպես նախագահի խորհրդական զբաղվում է ազգային փոքրամասնությունների եւ ընդհանրապես՝ ինչպես ինքն ասաց՝ հումանիտար հարցերով: Իր աշխատանքային ծանրաբեռնվածությունը բնորոշեց «նորմալ», եւ հարցին՝ շա՞տ են հանձնարարությունները՝ պատասխանեց. «Չեմ դժգոհում՝ ամեն դեպքում»: Մանուկ Թոփուզյանն առավել հանգամանալից պատասխանեց այն հարցին, թե արդյոք այս պաշտոնը բարոյական փոխհատուցման մի ձեւ չէ՞ նախկին բարձրաստիճանների համար: «Իմ պարագայում՝ չեմ գտնում, որ ինձ կարելի է տալ այդպիսի բնորոշում: Բացարձակապես անկեղծ եմ ասում սա: Իմ պարագայում ուղղակի որոշվեց տեղափոխություն կատարել, քանի որ բավական երկար՝ 8 տարի նույն պաշտոնում էի, եւ արդեն ինքս էի հոգնել, ճիշտն ասած, արդեն անտանելի էր: Նախագահի խորհրդականի պաշտոնը նաեւ մի կողմ ունի՝ կարծում եմ, որ հետագայում նորից ի հայտ կգան ինչ-ինչ խնդիրներ, եթե հարմար դիտվի եւ մարդ կարողանա արդարացնել իրեն»: Հետաքրքրվեցինք, թե նկատի ունի որեւէ այլ պաշտոնի՞ անցնելը, եւ պրն Թոփուզյանը պատասխանեց. «Թերեւս՝ նաեւ»: Հարցին, թե այս առումով ինչպե՞ս է պատկերացնում իր հետագա գործունեությունը՝ մեր զրուցակիցը, որը նույնպես ՀՀԿ խորհրդի անդամ է, պատասխանեց. «Դա արդեն իմ կամքից դուրս է: Բայց երկար տարիներ ծառայել եմ պետական համակարգում, շատ լուռ, առանց ցցուն կեցվածք ընդունելու, առանց ավելորդ հայտարարությունների ու հարցազրույցների: Եվ ճիշտն ասած՝ պատանի հասակից եմ նվիրվել այդ գաղափարներին: Ես զինվորի զգացումով եմ կրել՝ անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք կա իմ նկատմամբ, քանի որ մտածել եմ՝ եթե ես անկախ Հայաստան էի երազում, ուրեմն ժամանակն է հասել, որ կարողանամ այդ Հայաստանի պատին որեւէ քար դնել: Այդ քարը դրել եմ. ստացվել է-չի ստացվել՝ ես չէ, որ պիտի գնահատական տամ: Համենայնդեպս, գտնում եմ, որ իմ մանկության, պատանեկության երազանքն իրականացած է, եւ հպարտ եմ, որ ես անկախ Հայաստանի զինվոր եմ եղել»:

\"\"Ֆելիքս Փիրումյանը, որը 1993-1999-թթ. քաղաքաշինության նախարարն էր, հետո Շիրակի մարզպետը, իսկ 2003-2004-ին՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը, այժմ պատմում է. «Զբաղվում եմ այն ծրագրերով, որոնք ՀՀ նախագահը համարում է շատ կարեւոր, եւ միեւնույն ժամանակ՝ գործադիր իշխանությունն այդ ծրագրերով անմիջականորեն չի զբաղվում. մի քանի օրինակ բերեմ՝ Մատենադարանի շինարարությունը, Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցումը, այս պահին՝ նաեւ Իրան-Հայաստան երկաթգծի կոնցեսիայի մշակումը, ավտոճանապարհների զարգացումը: Կարծում եմ, աշխատանքային ծանրաբեռնվածության հարցն ավելի շատ անձի հետ է կապված, քան այն ֆունկցիոնալ պարտականությունների, որն ինքը կատարում է: Ես աշխատանքի մեջ այնքան եմ խրված, որ պարտադիր անգամ շաբաթ օրերն եմ աշխատում»: Պաշտոնյայի «պատվավոր աքսորի» վերաբերյալ հարցին պրն Փիրումյանը պատասխանեց. «Երեւի այդ տարբերակին ես ուղղակի չեմ էլ դասվում, քանի որ որոշ ժամանակ Հայաստանում չէի՝ աշխատում էի Մոսկվայում: (Նա 2004-ի հոկտեմբերին սեփական դիմումի համաձայն ազատվելով Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ գլխավորեց «Մոնարխ» կոնցեռնի տնօրենների խորհուրդը.- Ա. Ի.): Եվ որեւէ պաշտոն չունենալու պայմաններում 2008-ին ինձ արվեց այս առաջարկը, որը սիրով ընդունել եմ ու համարում եմ, թե շատ կարեւոր ինստիտուտ է, եթե արդյունավետ աշխատի»:

\"\"Անդրանիկ Մանուկյանը 2000-ին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն էր, մինչեւ 2001-ը՝ Պետական եկամուտների նախարարը, դրանից հետո՝ մինչեւ 2008-ը, տրանսպորտի եւ կապի նախարարը: «Այժմ, որպես ՀՀ նախագահի խորհրդական, հիմնականում զբաղվում եմ տնտեսական ոլորտի խնդիրներով,- ասաց պրն Մանուկյանը:- Այն աշխատանքները, որոնք իրականացրել եմ տրանսպորտի նախարար եղած ժամանակ՝ երկաթուղու կոնցեսիան եւ այլն, այժմ էլ եմ հիմնականում շարունակում՝ օգնելով ներկա նախարարին եւ ՀՀ նախագահին խորհուրդներ տալով այդ թեմայով: Նաեւ ուսումնասիրում եմ համաշխարհային տնտեսական ճգնաժամում առկա միտումները եւ նախագահին գրեթե ամեն օր զեկուցում, թե ինչ է կատարվում արտերկրում»: Նկատեցինք, որ Սերժ Սարգսյանի 8 խորհրդականների կեսը հենց տնտեսական հարցերով են, եւ Անդրանիկ Մանուկյանը պատասխանեց. «Դե, տնտեսական համակարգը շատ լայն է եւ ամեն մի բնագավառ պետք է լավ ուսումնասիրվի եւ ՀՀ նախագահին այդ կապակցությամբ տրվեն զեկույցներ, խորհուրդներ: Ուստի խորհրդականներից մեկը շինարարությամբ է զբաղվում, մյուսը՝ ֆինանսներով, բյուջեով եւ այլն»: Համեմատելով իր ներկա եւ նախարար եղած ժամանակ աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ պրն Մանուկյանն ասաց. «Դրանք տարբեր կատեգորիաներ են: Գործադիր իշխանության մեջ աշխատելու տարիներին, իհարկե, ծանրաբեռնվածության ու պատասխանատվության աստիճանը շատ ավելի բարձր էր, քան այսօր: Բայց այսօր էլ եմ շատ ծանրաբեռնված աշխատում, քանի որ պարտավոր եմ իրականացնել ՀՀ նախագահի ցանկացած հանձնարարական»: Նա էլ հերքեց, թե խորհրդականի պաշտոնը պատվավոր աքսորի մի տարատեսակ է. «Իմ մասով հերքում եմ՝ ես այդպես չեմ համարում: Դա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, թե ո՛վ է խորհրդականը եւ ինչպե՛ս է զբաղվում իր պարտականություններով: Ես գտնում եմ, որ ՀՀ նախագահի խորհրդական լինելը նույնքան պատվավոր աշխատանք է, որքան նախարար լինելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել