Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՐՋԸ ՎԱԽԻՑ Է ԳՈՌՈՒՄ»

Ապրիլ 16,2009 00:00

\"\"Իշխանական ճամբարից հնչող ինքնավստահությունը այդպես է գնահատում ՀԱԿ անդամ Սամվել Գեւորգյանը՝ հավաստիացնելով, որ ընդդիմությունը տեր կկանգնի իրեն տրված ձայներին:

«Եթե այս իշխանությունը բարոյականություն ունենար՝ հաշվի առնելով Հայաստանի ներքին իրավիճակը եւ դրան գումարած՝ ներկայիս արտաքին մարտահրավերները, արդեն պետք է հրաժարական տար: Բայց իրենք ոչ թե վստահ են, այլ վախեցած են: Արջը վախից է գոռում»,- «Առավոտի» դիտարկմանը՝ իշխանական ճամբարից բավական ինքնավստահ հայտարարություններ են հնչում առաջիկա ընտրություններում էլ հաղթանակած դուրս գալու մասին, դրանք ձեզ չե՞ն կաշկանդում, այսպես պատասխանեց ՀԱԿ անդամ Սամվել Գեւորգյանը: Վախեցած լինելու ամենավառ դրսեւորումը պարոն Գեւորգյանը համարում է Հյուսիսային պողոտայում քաղաքական զբոսանքների արգելումը: «Երբ ոստիկանների հետ առանձին զրուցում ենք, իրենք էլ են զզված եւ ընդունում են, որ անիմաստ բաներ են անում՝ ամբողջ օրը քաղաքում ժողովրդի հետեւից վազվզելով»,- ասում է մեր զրուցակիցը, միաժամանակ էլ փաստելով, որ իշխանավորներն այլ բան չեն էլ կարող անել, քանի որ մի շարք հանցագործությունների եւ ոճրագործությունների հեղինակ են: «Նրանք հեշտությամբ չեն զիջի իշխանությունը, քանի որ գիտեն, որ դրանից հետո հայտնվելու են բանտերում եւ պատասխան են տալու օրենքի առջեւ: Հետեւաբար, նրանց, այսպես կոչված, ինքնավստահությունը վախի դրսեւորում է: Իրենք կեղծել են բոլոր ընտրությունները, բայց մենք էլ ունենք մեր քաղաքական ծրագիրը, մեր տակտիկական քայլերը, մեր հսկողությունը եւ ձայները պահելու վճռականությունը: Իրենք էլ շատ լավ հասկանում են այդ ամենը, դրա համար էլ իրենց սոցիոլոգները 3,7 տոկոսների փոխարեն սկսել են 35-40 տոկոս «նվիրել» ընդդիմությանը»,- ասում է Սամվել Գեւորգյանը:

Մեր զրուցակիցը լուրջ վտանգներ է տեսնում նաեւ Թուրքիայի հետ «սիրախաղերում»: «Սերժ Սարգսյանն իշխանությունը պահելու համար փորձում է արտաքին քաղաքական քայլերի իմիտացիա անել, որը շատ ծանր է նստելու մեր երկրի վրա: Ցեղասպանության խնդիրը, ԼՂՀ հարցը՝ դրանք սահմանը բացելու նախապայմաններ են: Էսպիսի վտանգավոր խաղերի մեջ են մտել. եթե արդեն երկիրը, ցեղասպանության հարցն են հանում վաճառքի, ընտրություններն ի՞նչ են նրանց համար: Բայց ընդդիմությունն այս անգամ իսկապես շատ վճռական է լինելու, շատ ավելի կազմակերպված, եւ ժողովուրդը, հաշվի առնելով Հայաստանին սպառնացող այս վտանգները, պետք է պաշտպանի իր տունը, իր հայրենիքը, իր իրավունքը: Կոչ եմ անում մեկ անգամ միահամուռ, վճռական եւ բոլորով գնալ ընտրությունների: Մենք այդ ձայներին տեր կլինենք»,- համոզված հայտարարում է ՀԱԿ անդամը: Դիտարկմանը՝ ինչպե՞ս եք տեր կանգնելու ձայներին, չէ՞ որ նախագահական ընտրությունների ժամանակ էլ մարդիկ ոչ պակաս վճռական էին, միահամուռ եւ ակտիվ, բայց միեւնույն է՝ խնդիրներ առաջացան, հիմա ի՞նչն է փոխվել, Սամվել Գեւորգյանը հակադարձեց, որ այն ժամանակ «շատ մեծ» վճռականություն չկար, տատանվողները շատ էին, ինչպես նաեւ ընտրություններին չմասնակցողներն էին շատ: Բացի այդ, «իրենց (նկատի ունի իշխանությանը- Ն. Գ.) ծառայողներն էլ էին շատ, իսկ հիմա նրանցից շատերն ընդդիմության կողմում են: Դա ես ասում եմ հաստատ»: Չկա՞ մտավախություն, որ մարդիկ, ովքեր երեկ քրտնաջան կեղծում էին հօգուտ իշխանության, իսկ այսօր եկել ու նույն քրտնաջանությամբ ՀԱԿ-ին են աջակցում՝ ինչ-որ մի փուլում նորից կվերանայեն իրենց կողմնորոշումը: «Ոչ, որովհետեւ նրանք խաբվել են եւ նյութական, եւ բարոյական առումներով, ու շատ լավ հասկանում են, որ հետդարձի դեպքում նույն իրավիճակում են հայտնվելու»,- ասում է մեր զրուցակիցը: «Իրենց բազմազան, ստոր մեթոդները հիմա ավելի մանրակրկտորեն քննարկելով՝ մենք էլ մեր քայլերը կանենք: Դրանք տակտիկական քայլեր են, որոնք ես, բնականաբար, չեմ կարող ասել: Մի բան հաստատ է՝ մենք վճռականորեն տեր ենք կանգնելու մեր ձայներին: Ինչպես իշխանությունը կորցնելու շատ բան ունի, այնպես էլ ժողովուրդը, ուստի պետք է չալարել եւ գնալ ընտրությունների»,- առաջարկում է Ս. Գեւորգյանը:

Հետաքրքրվեցինք՝ ուժի կիրառման դեպքում հակազդեցությունն ինչպիսի՞ն կլինի: «Չեմ ասում՝ մենք էլ իրենց մեթոդներով կջարդենք, կփշրենք, բայց մենք էլ ուժ կցուցադրենք՝ կկանգնենք այնքան, մինչեւ իրենք հրաժարական տան: Այլեւս հասունացել է այն ժամանակը, երբ ժողովուրդը տեր կկանգնի իր իրավունքներին, արժանապատվությանը, ձայնին, էլ չի խաբվի, կեղծիքներ թույլ չի տա»,- եղավ պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել